Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը:
Նիստի ընթացքում մի զավեշտալի դեպք գրանցվեց, երբ ՍԴ-ի դատավոր Կիմ Բալայանը ոստիկանության ներկայացուցչին հարց տալուց առաջ սկսեց անեկդոտ պատմել. «Մեկի տունը գող է մտնում, գնում է ոստիկանություն՝ հայտարարություն տալու, իրեն ասում են՝ ինչո՞ւ անգլիական փական չես դրել, տեղականն ես դրել: Ասում է, որ հնարավորություն չի ունեցել: Հարցնում են՝ բա դուռն ինչո՞ւ երկաթյա չէ, ասում է, որ դա է եղել իր հնարավորությունը: Հարցնում են՝ բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմին միացված չէ, որպեսզի ոստիկանությունը ժամանակին գար: Մարդն ասում է՝ կներեք, իմ մեղքն է: Ասում են, որ այդքան մեղք ունես դու, էլ ինչի՞: ես եկել ոստիկանություն: Այդ մարդն էլ ասում է՝ կներեք, բա էդ գողը մի էսքան մեղք չունի՞: Հիմա այս ընտրախախտումները որ եղել են, ազդել են ընտրությունների արդյունքի վրա, թե ոչ՝ այլ խնդիր է, բայց որ խախտումները եղել են՝ ակնհայտ է: Հայտնաբերման առումով, չե՞ք կարծում, որ լրացուցիչ լծակներ են պետք, որպեսզի իրավախախտումները հայտնաբերվեն, եւ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնք թույլ են տալիս ընտրախախտումներ, ինչը մեծ վնաս է հասցնում մեր հասարակությանը եւ պետությանը»:
Նիստի ընթացքում Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչները 11 միջնորդություն ներկայացրին: Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը միջնորդություններ ներկայացրեց Սերժ Սարգսյանին որպես հայցվոր ներգրավելու, նաեւ բոլոր 1988 ընտրատեղամասերի պարկերը ՍԴ բերելու եւ վերահաշվելու վերաբերյալ: Այդ միջնորդություններին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե այսպես գնա, Դուք կառաջարկեք որպես վկա Սերժ Թանկյանին էլ կանչել»:
Իսկ Ա. Ղուկասյանը միջնորդել էր, որ ՍԴ բերվեն 576 ընտրատեղամասերի քվեաթերթիկները, որտեղ Ս. Սարգսյանը պաշտոնական տվյալներով բարձր ձայներ է ստացել: ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, թե տեխնիկապես անհնար է, որ կարճ ժամկետում քվեաթերթիկներով պարկերը բերվեն եւ հաշվվեն, քանի որ հայցը քննարկելու համար 10 օր է տրվում, իսկ ժամկետը լրանում է այսօր: Այնուհետեւ ՍԴ-ն մերժեց Ր. Հովհաննիսյանի եւ Ա. Ղուկասյանի հայցերով արված միջնորդությունները: ՍԴ-ն կարծիք հայտնեց, թե դատաքննության ընթացքում ներկայացվել են անհրաժեշտ բոլոր նյութերը որոշում կայացնելու համար: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ որոշումները կայացվելու են ոչ ուշ, քան մարտի 14-ը՝ ժամը 18:00-ն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ