ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ իշխանությունների գործողություններում որեւէ տրամաբանություն փնտրելը վաղուց ի վեր դարձել է անիմաստ զբաղմունք: Պատճառը, ինչպես կասեր չինացի իմաստունը, շատ դժվար է մութ սենյակում սեւ կատու փնտրել, հատկապես երբ այն չկա:
Դատե՛ք ինքներդ. վերջերս Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը դրա վերաբերյալ բոլոր շահագրգիռ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հանրային քննարկում է կազմակերպել:
Այդ ծրագրի վերնագիրն արդեն ուշադրություն է գրավում. 2013թ.-ի մարտ ամսին ֆինանսների նախարարությունն առաջարկում է քննարկել  նախորդ տարվա՝ 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ծրագրի նախագիծը: Տրամաբանությունը հուշում է, որ այս նախագծի մեկնարկային տարեթիվ պետք է գրված լիներ 2013թ., մանավանդ որ նախագահի ընտրություններից հետո սպասվում է, որ նոր կառավարություն կձեւավորվի: Անհասկանալի է նաեւ, թե ինչու է ռազմավարական զարգացման ծրագիրը տեւելու մինչեւ 2025թ.: Այս հանգամանքը չունի որեւէ տրամաբանական բացատրություն: Նախագիծը գրված է 13 տարվա համար: Իսկ թե ինչու 13, անհասկանալի է. Սերժ Սարգսյանին լավագույն դեպքում մնացել է պաշտոնավարման 5 տարի, որից հետո, ՀՀ Սահմանադրության համաձայն, նա այլեւս նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք չի ունենալու: Մյուս կողմից, եթե մտածենք, որ իշխանությունները կրկին այս թիմից են պատկերացնում Ս.Սարգսյանի իրավահաջորդին, ապա դրա համար նրանք առնվազն 5-10 կամ էլ 15 տարվա համար պետք է հայտ ներկայացնեին: Բայց փոխարենը ներկայացվել է 13 տարվա հայտ: Իսկ միգուցե Տիգրան Սարգսյանն ու իր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պարզապես հույս ունեն, որ իրենք պաշտոնավարելու են մինչեւ 2025թ. կամ էլ մտածում են՝ ընտրակեղծիքների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս.Սարգսյանը կկարողանա պաշտոնավարել ընդամենը 3 տարի, որից հետո հրաժարական կտա, բայց ՀՀԿ-ն եւս 10 տարի իշխանությունը կպահի իր ձեռքին: Բայց խոստովանենք՝ այդ ամենն անհեթեթ է հնչում:
Պակաս անհեթեթ չէ նաեւ այդ ծրագրի բովանդակությունը. եթե մեկ նախադասությամբ, ապա այն կարելի է որակել «բաժակաճառերի ու բարի ցանկությունների ժողովածու», եւ ոչինչ ավելի: Ընդ որում, այս ծրագիրը ներկայացնում է այն իշխանությունը, որը «փառահեղ կերպով» տապալել է իր նախորդ ծրագիրը՝ հինգ տարվա կտրվածքով, երբ Հայաստանում աղքատությունը կրճատելու փոխարեն այն կրկնապատկվեց, տնտեսական աճն էլ լավագույն դեպքում երեւում է միայն պաշտոնական վիճակագրությամբ: Ավելին, կառավարությունն իր նոր ծրագրի հիմքում դրել է նախկին ծրագիրը՝ 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը»: Ճիշտ է, այն վերանայվել է, ժամանակի պահանջներին համահունչ դարձվել, նույնիսկ անվանափոխվել է՝ դառնալով «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր»: Բայց էությունը այնքան էլ չի փոխվել. կրկին նույն բարի ցանկությունների շարանը: Նշված է, որ ծրագիրը հիմնված է լինելու չորս գերակայության վրա. «Զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական պաշտպանության համակարգի ընդլայնում եւ կառավարման համակարգի ինստիտուցիոնալ ընդլայնում»: Փաստորեն, այս ծրագիրը հիմնված է լինելու այն գործոնների վրա, որոնք իշխանություններն արհամարհում են ամենաշատը. վերցնենք, թեկուզ, մարդկային կապիտալի զարգացման լոզունգը. մի բան, որն իշխանությունները ոտնահարել են ամենաշատը. առհավատչյան վերջին տարիներին Հայաստանում ահագնացող արտագաղթն է, որի համաձայն, տարեկան մոտ 40-45 հազար մարդ է լքում երկիրը:
Այս ծրագրով նախատեսված է ՀՆԱ տարեկան 5-7 տոկոս աճ, ներդրումների ոլորտում աճ եւ այլն: Որեւէ մեկը չի կասկածում, որ թվանկարչության բոլոր նրբություններին հրաշալի տիրապետող իշխանությունների համար դժվարություն չի ներկայացնի պաշտոնական վիճակագրության մեջ այդ թվերը հեշտությամբ գրել: Եթե չհաջողվի էլ, կան բազմաթիվ արտաքին գործոններ, որոնց վրա հեշտությամբ կարելի է բարդել ծրագրի ձախողման ողջ մեղքը: Պարզվում է նաեւ, որ իշխանությունները մտադիր են բարձրացնել երկրի միջազգային մրցունակությունը՝ բարձրացնելով երկրի արտադրողականության մակարդակը, ստեղծելով ժամանակակից աշխատատեղեր, բարելավելով ներդրումային միջավայրը: Իշխանությունները  խոստանում են խրախուսել նաեւ արդյունաբերությունն ու արտահանումը: Առանձին հատված կա նաեւ զբոսաշրջության մասին. «2017թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1.2 մլն, իսկ 2025թ.՝ 2.3 մլն»: Թե ինչպես են չորս տարի անց ստիպելու, որ 1,2 մլն մարդ գա Հայաստան՝ զբոսաշրջության, անհասկանալի է: Մանավանդ որ մյուս կողմից նույն իշխանություններն իրենք են ոչնչացնում կամ տեղահանում պատմամշակութային ժառանգությունները, հատկապես մարզերում: Միգուցե Սերժ եւ Տիգրան Սարգսյանները թաքուն նպատակ ունեն՝ անձամբ գնալ եւ արտասահմանցիներից ոմանց համոզելով, ոմանց՝ բռնի, ոմանց՝ հիպնոսի ազդեցության տակ Հայաստան բերել, ոմանց էլ՝ 175 հազար դոլար արժողությամբ 2 բիոզուգարաններով գայթակղել: Մեթոդ է: Թեեւ՝ քիչ հավանական: Բայց դե՝ անքննելի են այս իշխանությունների գործերը: Անքննելի:
Հ.Գ. Այս ծրագրում անհեթեթությունները շատ-շատ են: Բայց այժմ բավարարվենք այսքանով, մնացած մասերի վերաբերյալ՝ առաջիկայում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս