Ինչպես խախտել օրենքները հանուն Արա Աբրահամյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ մեր հանրապետության քաղաքական դաշտը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, որոնց ծավալներն ու ուղղությունները վաղուց են գծագրվել: Ընդհանրական ձեւակերպմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում է սերնդափոխության գործընթաց, որը ներքաղաքական խնդիրներով պայմանավորված վերջին մի քանի ամիսներին սկսեց ավելի ակտիվանալ:

Հայտնի իրողություն է, որ արեւմուտքը եւ Ռուսաստանը ինչ-որ կուսակցությունների տեսքով Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես ներկայացված են, անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունների հետ ինչ հարաբերություններ ունեն: Այսինքն՝ Հայաստանում նրանք մշտապես ունեն իրենց կուսակցությունները, որոնց համար առաջնային խնդիրը եղել է այն, որ Հայաստանը պահեն իրենց գծի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոմիության քաղաքական ուղեծրի մեջ:

Քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների հետ զուգահեռ արեւմուտքը արդեն իսկ սկսել է փոխել իր «խաղացողներին»՝ նախկին «հին» գործիչների փոխարեն առաջ բերելով նորերին` ավելի երիտասարդներին:

Մինչեւ այս տարվա փետրվարը Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապված որեւէ խնդիր չուներ, քանի որ այստեղ ուներ երկու հզոր «խաղացողների»՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի, որոնց միասնության պայմաններում ռուսական կողմը կարող էր լիարժեք ապահովագրված լինել եւ ուշադրություն չդարձնել քաղաքական դաշտում սերնդափոխության եւ այլ զարգացումների վրա: Սակայն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն փաստացի կորսվեց ռուսական կողմի համար, քանի որ դադարեց իշխանություններից առանձին խաղացող լինել:

Այդ նույն իրադարձությունների արդյունքում ՀԱԿ-ն էլ այնպես գահավիժեց, որ նրա հետ եւս հույսեր կապելն անհեթեթություն կլինի: Հետեւաբար նրանց եւս նոր ուժ է հարկավոր: Եւ, ահա, երեկ պաշտոնապես հաստատվեց, որ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելու խնդիրը քաղաքականից բացի նաեւ իրավական կողմեր ունի: Մասնավորապես, իրավական խնդիրներից մեկն այն է, որ երկքաղաքացին Հայաստանում կարող է կուսակցություն հիմնել, այստեղ քաղաքական գործունեություն ծավալել, բայց չի կարող պատգամավոր, նախարար, վարչապետ կամ նախագահ դառնալ: Այդ արգելքն առկա է ինչպես գործող Սահմանադրությունում, այնպես էլ նոր Սահմանադարության նախագծում:

Մի պահ ենթադրենք, որ ՀՀ իշխանություններին կհաջողվի նոր Սահմանադրության նախագիծն անցկացնել եւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հենց այդ փաստաթղթի հիման վրա: Ըստ այդմ, Արա Աբրահամյանը եւ նրա ապագա կուսակիցները, որպեսզի ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան, պետք է լինեն միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին 4 տարում մշտապես բնակված լինեն Հայաստանում: Ինքը՝ Աբրահամյանը, երեկ հրավիրված ասուլիսում խոստովանել է, որ երկքաղաքացի է, ունի Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն: Սակայն դա բավարար չէ: Որպեսզի նա Հայաստանում պատգամավորի թեկնածու գրանցվի, պետք է հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից: Բայց այս իրավիճակում դա էլ չի փրկի, քանի որ նա 4 տարի անընդմեջ Հայաստանում չի բնակվում:

Նկատենք, որ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ ինքը «ռուս» է, իսկ Վլադիմիր Պուտինն էլ իր նախագահն է: Իսկ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար Աբրահամյանը ստիպված է լինելու հրաժարվել իր «ռուսական ազգությունից» եւ իր նախագահից` Վլադիմիր Պուտինից: Համաձայնեք, որ ազգային «դավաճանության» հակումներով գործունեություն սկսելն արդեն իսկ լավ նախադրյալ չէ: Ի դեպ, Աբրահամյանի խոսքերից ակնհայտ է դարձել, որ մշտապես Հայաստանում բնակվելու խնդիրն իրենք լուծված են համարում: Երբ նրան այս մասին հարցրել են, նա պատասխանել է. «Տարեկան 18 անգամ լինում եմ Հայաստանում, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչից տեղյակ եմ, սահմանադրական ոչ մի խախտում չի լինելու, մի անհանգստացեք»:

Այլ կերպ ասած՝ Հայաստան կատարած կոսմետիկ այցերը մեկ առ մեկ հաշվառել են, որպեսզի հետագայում դրանք մատուցեն որպես ՀՀ-ում մշտական բնակություն: Առավել աբսուրդ ու զվարճալի մեկնաբանություն հնարավոր էլ չէր գտնել:
Աբրահամյանի կողմից կուսակցություն հիմնելու քաղաքական խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանը, ի տարբերություն արեւմուտքի, Հայաստանի քաղաքական դաշտում փորձում է հին դեմքերով իր խաղացողին ներդնել: Այսինքն՝ ռուսական կողմը Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող սերնդափոխության գործընթացն անտեսում է կամ էլ մեծ նշանակություն չի տալիս: Ծրագրի հեղինակների հույսն այն է, որ իրենց «խաղացողը» դրսից, այն է՝ Ռուսաստանից է ներդրվելու եւ կարճաժամկետ հեռանկարում` անսպառ ֆինանսական հնարավորությունների դեպքում, կկարողանան քաղաքական դաշտում կշիռ ձեռք բերել: Բայց այս հաշվարկի սխալն էլ այն է, որ անտեսվում է ՀՀ քաղաքացու` ընտրողի գործոնը: Ի վերջո, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հենց այնպես չեն ծագել:

Դրանց հիմքում ընկած է ՀՀ քաղաքացիների շրջանում կուսակցությունների եւ քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Այլ կերպ ասած՝ դրսից «խաղացող» ուղարկելով՝ ռուսական կողմն արդեն իսկ իրեն դատապարտել է ձախողման:
Եւ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանին Արա Աբրահամյանով փոխարինելը չստացված ծրագիր է. իհարկե, ինտելեկտուալ մակարդակներով երկուսն էլ նույն հարթության վրա են, բայց Ծառուկյանի ընտանիքը գոնե ապրում է Հայաստանում եւ նա, իսկապես, բարեգործական շատ ծրագրեր է անում մեր երկրում՝ ակնհայտ ցույց տալով իր սերը ՀՀ-ի նկատմամբ: Աբրահամյանը միանգամայն հակառակ դաշտում է:

Վահագն Հովակիմյան




Լրահոս