Իշխան Բարսեղյանը ոչ մի բանից տեղյա՞կ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը անպարտելի է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 11-ից հայաստանյան բանկերից մեկը դիմել է դատարան` պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Անցել է մեկ տարի, սակայն մինչ օրս բանկը չի կարողանում դատավորից հետ վերադարձնել իրեն հասանելիք գումարը:
Այն, որ դատավոր Իշխան Բարսեղյանը առաջին անգամ չի հայտնվում աղմկալի պատմությունների մեջ, գաղտնիք չէ: Գրել էինք, որ դեռեւս 2015 հունիսի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն են ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին:

Սակայն անհասկանալի պատճառով նիստը հետաձգվեց, իսկ ավելի ուշ արդարադատության խորհուրդը որոշեց դատավորին չպատժել:
Ինչպես նկատում ենք՝ դատավորը ոչ միայն արդարադատության խորհրդում է կարողանում «հարցեր լուծել» եւ «ջրից չոր դուրս գալ», այլեւ կարողանում է դատարաններում իր դեմ ներկայացված հայցերի մասով իրավիճակ փոխել:
Եւ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերոնշյալ օրը բանկերից մեկը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանի միջոցով պարտավորեցվի դատավոր Իշխան Բարսեղյանից վարկային պայմանագրով նախատեսված պարտքն ու տոկոսները բռնագանձել:

Պարզեցինք, որ 2013թ բանկի եւ Իշխան Բարսեղյանի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով դատավորին տրամադրվել է 1 միլիոն դրամ: Համաձայն պայմանագրի՝ դատավորը նախատեսված ժամկետում պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, սակայն չի կատարել, որի համար էլ բանկը դիմել է դատարան: Եւ, ահա, 2014 նոյեմբերի 11-ին գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը որոշել է բանկի հայցը բավարարել եւ դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ:

Տպավորությունն այնպիսին էր, որ դատավորը պետք է հաշտվեր այն իրականության հետ, որ չի կատարել իր վարկային պարտավորությունները եւ վճարեր գումարը, սակայն վճռի հրապարակումից 7 ամիս անց իրավիճակ է փոխվել: Բանն այն է, որ դատավոր Իշխան Բարսեղյանը, միգուցե մի լավ տնտղելով եւ դատավորի «հնարքները» գործի դնելով, որոշել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում: Տեղեկացանք, որ դատավորի բողոքարկման պատճառն այն է, որ նա չի ստացել դատարանի հայցադիմումը: Ասել է թե՝ դատավոր Իշխան Բարսեղյանը պատշաճ ծանուցված չի եղել իր դեմ ներկայացված հայցադիմումի եւ դատարանի կայացրած վճռի մասին:

Եւ, ահա, ՀՀ վերաքննիչ դատարանն էլ, հաշվի առնելով տեղի ունեցածը, 2015 թվականի հոկտեմբերի 13-ին որոշել է Իշխան Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել, ամբողջությամբ բեկանել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Հետաքրքիր է, թե նոր քննության դեպքում ինչն է վիճարկելու դատավորը. ասելու է, թե բանկից գումարի չի՞ վերցրել, թե՞ վստահեցնելու է, որ կատարել է իր վարկային պարտավորությունները:
Ենթադրենք Բարսեղյանը տեղյակ չի եղել իր դեմ ներկայացված հայցից, բայց միթե նա, լինելով դատավոր, տեղյակ չէր, որ դեռեւս 2013 թվականին բանկից գումար էր վերցրել եւ պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, ինչը, սակայն, չի արել: Վերջինս գոնե պետք է կանխատեսեր, որ բանկը կդիմի դատարան, եւ այս դեպքում պատճառաբանությունը, թե իր դեմ ներկայացված հայցի մասին տեղյակ չի եղել, մեղմ ասած, այդքան էլ հավատարժան չի թվում:
Ինչեւէ, այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով զրուցեցինք դատավոր Իշխան Բարսեղյանի հետ:

-Պարո՛ն Բարսեղյան, ինչպես կբացատրեք, որ Ձեր դեմ հայց են ներկայացնում, սակայն Դուք հայցի մասին տեղյակ չեք լինում: Միթե չգիտեիք, որ բանկի նկատմամբ Ձեր ունեցած պարտավորությունները չեք կատարում, ինչը հանգեցնելու էր նրան, որ բանկը դիմեր դատարան, թե մտածում էիք` դատավոր եք, չեն դիմի:

-Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, չգիտեմ, խաբար չեմ: Ամեն ինչ նորմալ է, փառք ու պատիվ մեզ բոլորիս, ասելու բան չունեմ, պատասխանելու բան չունեմ:

-Մշտապես աղմկալի պատմությունների մեջ եք: Կա՛մ Ձեզ ցանկանում են պատժել, կա՛մ վարկային պարտավորությունները չեք կատարում, դատի են տալիս: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Դուք հաճախ եք խաղատներ այցելում, իսկ պարտքատերերից խուսափելու համար էլ նրանցից թաքնվում եք: Մի՞թե սա նորմալ է դատավորի համար:

-Ամեն ինչ նորմալ է, խոսելու բան չունեմ, ցտեսություն:
Քնար Մանուկյան




Լրահոս