ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ ԴԵՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ ամսում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ինչով է նա զբաղված այս ընթացքում. կառավարում է իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեությունը՝ խաղող է մթերում, խաղողագործների հետ է բանակցում, այլ կերպ ասած` զբաղված է ձեռնարկատիրությամբ: Իհարկե, ՀՀ Սահմանադրությունից անտեղյակ մարդը կարող է հարցնել՝ իսկ ինչ վատ բան կա, նա անձամբ է զբաղվում իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեության կառավարմամբ: Վատ բան իսկապես չկա, ուղղակի նրա արարքները հակասում են ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածին, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Իհարկե, բացառված չէ, որ Գագիկ Ծառուկյանը մոռացել է իր պատգամավոր լինելու մասին եւ ամբողջությամբ տրվել ապաքաղաքական գործունեությանը, քանի որ տարիներով ԱԺ չի գնում: Բայց ողջ խնդիրն այն է, որ Ծառուկյանի կողմից իր պատգամավորական մանդատը վայր չդնելու եւ այդ քաղաքական կարգավիճակը պահելու արդյունքում կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրությունը: Ծառուկյանը կարող է վայր դնել պատգամավորական մանդատը եւ հանգիստ զբաղվել իր ձեռնարկատիրական գործունեությամբ, որքան սիրտն ուզում է: Թե չէ սիրուն չէ, որ մի կողմից Սահմանադրություն են բարեփոխում, մյուս կողմից՝ ակնհայտորեն խախտում այն:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի թեկնածուների հարցը: Առաջին ու գլխավոր թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը, կարծես թե, այդքան էլ ցանկություն չունի այդ պաշտոնը զբաղեցնել: Նշվում է, որ ՀՀԿ-ում մի քանի թեւերի են բաժանվել, ու Հովիկ Աբրահամյանի «թեւը» չի ցանկանում, որ իրենց վրա վերցնեն այդ ծանր բեռը: Բացի այդ, եթե Հովիկ Աբրահամյանը հիմա համաձայնի գլխավորել հանրաքվեի նախընտրական շտաբը, նշանակում է, որ պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից: Եւ այդ տարբերակն այնքան էլ ցանկալի չէ ՀՀԿ-ի համար: Ըստ ամենայնի, սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի հարցը կորոշվի ՀՀԿ ԳՄ ապագա նիստում: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանից ճշտել` արդյո՞ք վարչապետը ստացել է շտաբը ղեկավարելու առաջարկություն եւ ինչպես է արձագանքել դրան: Սակայն ապարդյուն. Պողոսյանին գտնել չհաջողվեց:

 

 

 

 
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իրավապահներին հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը զբաղվել է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» կամ այսպես կոչված՝ Վենետիկի հանձնաժողովին կաշառելով: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մի քանի օր առաջ գտնվում էր Հայաստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես հանձնաժողովի նախագահությունն է պնդում, որպեսզի Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը իրավական ընթացք տրվի, քանի որ այն վիրավորական է իրենց համար: Դրա համար էլ դատախազությունը արագ ընթացք տվեց խնդրին: Ու ստեղծված իրավիճակը բավականին տհաճ ձեւով կարող է զարգանալ Զուրաբյանի համար. կա՛մ նա ստիպված է լինելու ներողություն խնդրել Վենետիկի հանձնաժողովից եւ Գագիկ Հարությունյանից, կա՛մ էլ նրան կարող են քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար, եթե չապացուցի ասվածը:

 

 

 

 
Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի հանքերից արդյունահանվել է 2 տոննա 915 կիլոգրամ ոսկի, 18 տոննա 373 կիլոգրամ արծաթ: Իսկ պղնձի խտանյութի եւ մոլիբդենի մասին խոսելն ավելորդ է, այդ մետաղների արդյունահանման ծավալները հարյուր հազար տոննաներով են չափվում: Մասնավորապես, անցած տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան 185 հազար տոննա պղնձի խտանյութ: Երբ ծանոթանում ես ՀՀ-ից արդյունահանած մետաղների ցանկին եւ քանակներին, համոզվում ես, որ բոլոր այն պնդումները, որ Հայաստանը բնական հարստություններ չունի, իբր աղքատ պետություն է, իրականության հետ կապ չունեն: Իրականությունն այն է, որ Հայաստանի ողջ ընդերքը, ողջ հանրային սեփականությունն այսօր տրված է մի քանի անձի, որոնք էլ այսօր տնօրինում են այդ հարստությունը: Այսինքն՝ ոսկու եւ պղնձի արդյունահանումից կորցնում են բոլորը, բայց շահում են հատուկենտ մարդիկ:

 

 

 

 
ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ

«Ռուսաստանի հայերի միության» 15-ամյակի կապակցությամբ երեկ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ի թիվս ստանդարտ շնորհավորական ձեւակերպումների՝ առկա են մի քանի ուշագրավ նրբերանգներ` կապված կազմակերպության նախագահ, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունենալու հայտ ներկայացրած ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի հետ: Այսպես` իր շնորհավորական ուղերձում հատուկ կարեւորելով Արա Աբրահամյանի դերակատարությունը` Սերժ Սարգսյանը մասնավորապես նկատում է.
«ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի եւ անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում՝ շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջեւ բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար»: Այսպիսով` Սերժ Սարգսյանը բավականին թափանցիկ կերպով ակնարկում է, որ Արա Աբրահամյանին ինքը տեսնում է ՌՀՄ «անփոփոխ ղեկավարի» դերում եւ ոչ ավելին: Բայց քանի որ, ինչպես վերջերս գրվեց մամուլում, Արա Աբրահամյանին դա ասվել էր ավելի հստակ` դեմ առ դեմ, սակայն նա դրանից հետո էլ կարծես թե չէր հասկացել «Արա, մի արա» ուղերձի լրջությունը, Սերժ Սարգսյանը երեկվա տեքստում նաեւ հարկ է համարել Աբրահամյանին հիշեցնել «երկար տարիներ մշտապես Ռուսաստանում բնակվելու «նրբությունը»:
Թե որքանով արված ակնարկը տեղ կհասնի, պարզ կդառնա արդեն կարճ առաջիկայում` Արա Աբրահամյանի` հայաստանյան քաղաքական գործունեության մեկնարկից կամ դրա ձգձգումից: Ամեն դեպքում շրջանառվող այն տեղեկությունները, թե Աբրահամյանն այս ընթացքում մանրակրկտորեն դիտարկել է տարբեր ուժերի հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում` ՕԵԿ-ի եւ անգամ «Ժառանգության», այդքան էլ էական չեն այլեւս, քանի որ դատելով Սերժ Սարգսյանի տրամադրվածությունից` Արա Աբրահամյանի դերակատարության շեշտակի մեծացումը ենթադրող որեւէ համագործակցություն Հայաստանում հաջողության հասնել չի կարող: Անգամ եթե (ինչպես գրեց մամուլը) ռուսական ինչ-ինչ շրջանակներ ցանկանում են Ծառուկյանի թափուր մնացած «սուրբ տեղը» լցնել հենց Աբրահամյանով: Ի վերջո, եթե Ծառուկյանին «սթափվելու» համար անհրաժեշտ եղավ Սերժ Սարգսյանի մի ամբողջ վրդովված ելույթը, Աբրահամյանին բավարար կլինի նաեւ շորհավորական ուղերձում արված ակնարկը:
Հ.Գ. Ի դեպ, Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանում, սակայն, Արա Աբրահամյանի անունը որեւէ կերպ հիշատակված չէ:




Լրահոս