ԻՍԿ ՀԵՏՈ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` միասնական կարգով ներկայացված դիմումները՝ անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները եւ «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: ՍԴ-ն որոշեց ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի 62 Ա որոշումը թողնել ուժի մեջ` վերջնականապես ամրագրելով, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը: Այսպիսով՝ Գագիկ Հարությունյանի անփոփոխ ղեկավարությամբ ՍԴ-ն հերթական անգամ կատարեց օրվա իշխանության շահերի սպասարկուի դերը: Իհարկե, այս Սահմանադրական դատարանից այլ բան սպասելը, մեղմ ասած, միամտություն էր` հաշվի առնելով նախորդ առնվազն երեք  համապետական ընտրություններից հետո ՍԴ կայացրած նմանատիպ որոշումները: Նաեւ` աչքի առաջ ունենալով հայտնի վիքիլիքսյան բացահայտումները, որտեղ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանն ամերիկացի դիվանագետին պատմել էր, թե ինչպես են 2008թ.-ին Բաղրամյան 26-ից ճնշումներ գործադրել իր եւ ՍԴ երեք անդամների վրա: Նկատենք, որ նաեւ ՍԴ այդ նույն անդամը եւ նրա երեք գործընկերներն էին երեկվա վճիռը կայացնողները: Ուստիեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա  թիմակիցները, դիմելով ՍԴ, պետք է որ քաջ գիտակցեին, որ հենց այսպիսին կլինի ՍԴ վճիռը, եւ դժվար թե ՍԴ անդամներն օգտվեն «ինքնամաքրման եւ արդարադատություն իրականացնելու վերջին հնարավորությունից»: Հետեւաբար, պետք էր թերեւս դիտարկել նաեւ այն հարցը, թե արդյոք այդ քայլով նրանք էլ ավելի չեն նպաստի Սերժ Սարգսյանի լեգիտիմության ֆորմալ ամրագրմանը: Բացի այդ, անգամ ընդդիմության ամենաջերմ համակիրներն էլ ընդունում են, որ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչների կողմից ՍԴ-ում ներկայացված փաստական ապացույցները բավարար չէին: Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչները նաեւ օրենքով սահմանված եղանակով ժամանակին չէին վիճարկել ընտրությունների արդյունքները: Պակաս խոցելի չէր նաեւ այն փաստը, որ Ր. Հովհաննիսյանի 1009 վստահված անձանցից ընդամենը մեկն էր հատուկ կարծիք ներկայացրել, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներն էլ ստորագրել էին արձանագրությունների տակ: Միով բանիվ` փաստական առումով «Ժառանգության» առաջնորդի շահերի ներկայացուցիչների դիրքերն այնքան էլ անխոցելի չէին: Սակայն դա թերեւս կարեւոր չէ, քանի որ կասկածից դուրս է, որ եթե անգամ 100-տոկոսանոց հիմնավորումներ էլ ներկայացվեին, այս ՍԴ-ն, միեւնույն է, կայացնելու էր իշխանությունների թելադրած վճիռը: Իսկ այս փուլում արդեն կարեւորն այն է, թե սպառելով «համազգային տագնապի» սահմանադրական հանգուցալուծման, ըստ էության, վերջին եղանակը, ինչպիսի ճանապարհով կընթանա բարեւի հեղափոխությունը:




Լրահոս