ԱՆՍԱՐՔ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՈՎ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզվում է՝ 2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տեւական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Նշենք, որ դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու հարակից տարածքում:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Զուգարանը տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատել, միացրած թողեցին ու գնացին: Երեկ էլ երկու պարսիկ մոտեցան, մի կերպ հասկացա, որ զուգարանի կարիք են զգում: Ասացի, որ չի աշխատում, խեղճերը մոտեցան, մի քանի կոճակ սեղմեցին ու փոշմանած գնացին: Էս վերջերս էլ մի աղջիկ եկավ, ես էլ նրանից հետաքրքրվեցի, թե երբ է աշխատելու, պատասխանեց, որ հանձնելու են եկեղեցուն»: 
Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանը անսարքության պատճառով չի աշխատում. «Ինչ տեղադրվել է, երբեւէ չի աշխատել: Դե պետք է ազգային մրցունակության հիմնադրամից գան, ինչ-որ անսարքություն կա, վերացնեն, որ շահագործման հանձնեն: Պետք է համապատասխան մասնագետ գա, որ այդ անսարքությունը վերացնի: Բայց ապրիլին են գալու վերանորոգեն, ոչ հիմա: Ասել եմ` մասնագետնե՛ր, փորձարկե՛ք, նո՛ր հանձնեք համայնքներին»:
Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարանները Հայաստան բերելու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր  զուգարանն արժե ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար: Պետական պաշտոնյաների համոզմամբ՝ այս զուգարանները մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար: Հավելենք, որ բիոզուգարաններ ձեռք բերելու մտադրության մասին կառավարությունը բարձրաձայնել էր դեռ  2010թ., սակայն այդ ժամանակ 2 բիոզուգարանի համար պետբյուջեից 100 մլն դրամ էր հատկացվել: Իսկ թե ինչու 100 մլն-ն դարձավ 124 մլն, հայտնի չէ: 
Նշենք, որ զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով՝ 200 դրամ վճարով: Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի՝ ժամանակակից հասարակական զուգարանների շահագործումը Հայաստանում կարող է դառնալ բիզնեսի նոր ոլորտ: Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում գերատեսչության կողմից իրականացված պիլոտային (փորձնական) հետազոտությունները, որոնց շրջանակներում կառավարության կողմից 2010թ. տրամադրված միջոցներով շահագործման է հանձնվել 124 մլն դրամ արժողությամբ 2 հասարակական զուգարան` Երեւանում եւ Տաթեւի վանքի տարածքում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արա Պետրոսյանն ընդամենը 2 զուգարանի համար ահռելի գումարներ տրամադրելու քայլն արդարացնելու նպատակով լրագրողներին համոզում էին, թե ծրագիրը բիզնեսի տեսանկյունից շահավետ է, եւ 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե: Թե որքանով է իրատեսական այս ծրագիրը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց` հասարակ թվաբանական հաշվարկ կատարելով. 124 մլն դրամը հետ բերելու համար հարկավոր է 635 հազար այցելու: Եթե ընդունենք, որ օրական այդ զուգարաններից կարող է օգտվել 50 այցելու, կստացվի՝ հարկավոր է մոտ 35 տարի, որպեսզի 124 մլն-ն վերադառնա պետբյուջե:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի բիոզուգարանների անսարքության հարցին եւ իր ընթերցողներին կներկայացնի ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի պարզաբանումը, թե այսքան ժամանակ ինչու դրանք չեն աշխատում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս