«ՊՐԱՍՏՈՅ ԴԵՐԵՎՅԱՆՆԻՅ ՊԱՐԵՆ»-Ը ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ամիսներ շարունակ շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի ԱԺ ընտրություններին, երեկ պաշտոնապես հաստատվեցին: Իհարկե, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ դրսում ապրող մեծահարուստ հայերը Հայաստան են եկել եւ փորձել են քաղաքականությամբ զբաղվել, սակայն, որպես կանոն, այդ փորձերը ձախողվել են: Ուստի հարց է ծագում՝ իսկ ինչի վրա է Աբրահամյանը հույսը դրել: Հավանաբար նա կարծում է, որ նախորդները ձախողվել են, քանի որ ընդդիմադիր են եղել, իսկ իրեն ամենավառ երեւակայությամբ անգամ չեն կարող ընդդիմադիր համարել: Նա մարդ է, որը երկու նախագահ ունի՝ առաջինն, իհարկե, Վլադիմիր Պուտինն է, եւ միայն երկրորդը` Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը նույնիսկ երկու ազգություն ունի` անձնագրով ռուս է, իսկ արտաքինով հայ: Մի խոսքով մարդը ամեն ինչից «լիքը» ունի, այժմ որոշել է կուսակցություն ստեղծել: Դե, տուն է, թող լինի սկզբունքով:
Բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ ոչ մեկն իրավունք չունի մեր պետությանը որպես փորձադաշտի վերաբերվել: Սեփական օլիգարխների քաղաքական նկրտումները քիչ էին Հայաստանին, այժմ էլ արտերկրի հայ-օլիգարխներն են փորձում այստեղ ինքնահաստատվել` ընդ որում, ՀՀ մի շարք օրենքներ խախտելով: Այնպես որ, կարճ ժամանակ հետո Աբրահամյանը կհասկանա, որ իր երկու նախագահներով հանդերձ Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի:
Հիշեցնենք` մամուլում բազմիցս է գրվել, թե ինչպես է հաջողվել Արա Աբրահամյանին Ռուսաստանում մեծ դիրքեր զբաղեցնել: «Մալիշկացի խեղճուկրակ երիտասարդ Արան իր շատ հայրենակիցների նման գյուղի բարիքները տարել է Ռուսաստան` ծախելու, գործի բերումով մտել է ռուսական բարձրաստիճան մի չինովնիկի մոտ ու նրա բարեհաճությունը ստանալու համար՝ ուզել է ուղղակի ասել, որ օգնի իրեն, որ բազմանդամ ու կարիքավոր ընտանիքից է: «Յա պրաստոյ դերեվյաննի պարեն…» բառերը լսելով` ռուս չինովնիկը ծիծաղից թուլացել է ու հավանել տղային: Հետո գործերը հալած յուղի պես են գնացել»:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիմք չի ընդունել Զարուհի Փոստանջյանի այն գրությունը, ըստ որի՝ ինքն է խմբակցության նոր ղեկավարը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն են Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Վերջին երկուսը «Ժառանգության» հետ փաստացի կապ չունեն: Բայց որոշումներին իրավական ուժ տալու համար նրանցից մեկի մասնակցությունը պարտադիր է: Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իրավական տեսանկյունից որոշումներ կայացնելու հարցում խնդիր է առաջացել: «Հիմա մեզ մոտ ձեւավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք»,- ասել է Պողոսյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ եթե այս հարցը օրերս չլուծվի, ապա «ժառանգությունը» սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին ամսում չի կարողանա օգտվել հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակից:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, եւ իրենք ունեն ապացույցներ: Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով իրենց ներկայացնել փաստեր: Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել էր որեւէ փաստ տրամադրել՝ ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ` որպես անվստահության առհավատչյա: «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է անելու: Ոստիկանությունից հայտնեցին, որ. «Զուրաբյանին երկրորդ գրությունն է ուղարկվել, որով նրան հրավիրել են իրենց մոտ՝ բացատրություն տալու»: Մեր տեղեկություններով՝ վաղը արդեն պարզ կլինի՝ եթե Զուրաբյանը կրկին չներկայանա, ՀՀ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել:

 

 

 
Երեկ Հայաստան ժամանեց Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, ասել է թե՝ մեր հարեւան երկրի վարչապետը: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ԻԻՀ նախագահի տեղակալի այցելությունն Աբրահամյանի գլխավորած Կառավարության համար առավել քան կարեւոր է: Ինչպես հայտնի է՝ արդեն մի քանի տարի է՝ օդից կախված է մնում Արաքս գետի վրա «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման հարցը: ՀԷԿ-ը պետք է կառուցեր իրանական կողմը, եւ իր ներդրումների դիմաց արտադրված էլէներգիան մոտ 15 տարի պետք է առաքվեր Իրան: Սակայն այս ծրագիրն այդպես էլ մնում է թղթի վրա: 2016 թվականի պետական բյուջեի նախագծում էլ նշված է, որ Իրանի «Արտահանման զարգացման բանկի» կողմից տրամադրված վարկային միջոցներով նախատեսվում է սկսել Հայաստան-Իրան 400 կՎ լարման նոր օդային գծի կառուցման աշխատանքները: Հայաստանի տնտեսական վիճակը մեղմելու համար Հովիկ Աբրահամյանին օդ ու ջրի պես հարկավոր է, որ գոնե օդային գծի ծրագիրը սկսի իրագործվել:

 

 

 
ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր կհրապարակի թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի գործով դատավճիռը: Հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում այս գործի նկատմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուշադրությունը չափազանց մեծացել է, ու թեեւ գործի քննությունն ավարտվել էր դեռ այս տարվա հունվարի 28-ին, այսօր հրապարակվելիք դատավճռի բովանդակությունը միանգամայն անկանխատեսելի է:
Հիշեցնենք, որ Փերինչեքը 2005թ. Շվեյցարիայում մի շարք գիտաժողովների ժամանակ հերքել էր 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը՝ այն անվանելով «միջազգային սուտ», ինչի կապակցությամբ 2005թ. հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել թուրք գործչի դեմ: 2007թ. մարտի 9-ին շվեյցարական դատարանը քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` նրան ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Սակայն 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի՝ շվեյցարական դատարանները խախտել են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
Նկատենք, որ այն ժամանակ հայկական կողմի արձագանքը տարակուսելիորեն պասիվ էր, եւ եթե Շվեյցարիան ինքը հետամուտ չլիներ իր իրավունքների վերականգնմանը եւ չդիմեր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով, դժվար թե հայկական կողմից ջանքեր գործադրվեին եվրադատարանի այս վիճահարույց վճիռը շտկելու ուղղությամբ:
Ներկայումս Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ, ճիշտ այնպես, ինչպես եւ Թուրքիան: Ըստ ամենայնի` հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պատճառով հայկական կողմից բավականին լուրջ ուժեր ներգրավվեցին այս գործում` ի դեմս Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր Ջեֆրի Ռոբերտսոնի եւ միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունիի եւ Թոբի Քոլիսի: Եվ որքան էլ ՄԻԵԴ-ը ապաքաղաքական կառույց է, եւ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձեւակերպմանն ու Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, Մեծ պալատի կողմից այսօր հրապարակվելիք վճիռը ուղենիշային է դիտվելու եւ ունենալու է շատ որոշակի քաղաքական արձագանք` ինչը է՛լ ավելի է ընդգծվելու հենց Ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում:




Լրահոս