ՇԵՆԳԱՎԻԹԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը անպարտելի է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 11-ից հայաստանյան բանկերից մեկը դիմել է դատարան` պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Անցել է մեկ տարի, սակայն մինչ օրս բանկը չի կարողանում դատավորից հետ վերադարձնել իրեն հասանելիք գումարը:

Այն, որ դատավոր Իշխան Բարսեղյանը առաջին անգամ չի հայտնվում աղմկալի պատմությունների մեջ, գաղտնիք չէ: Գրել էինք, որ դեռեւս 2015 հունիսի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն են ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին: Սակայն անհասկանալի պատճառով նիստը հետաձգվեց, իսկ ավելի ուշ արդարադատության խորհուրդը որոշեց դատավորին չպատժել:
Ինչպես նկատում ենք՝ դատավորը ոչ միայն արդարադատության խորհրդում է կարողանում «հարցեր լուծել» եւ «ջրից չոր դուրս գալ», այլեւ կարողանում է դատարաններում իր դեմ ներկայացված հայցերի մասով իրավիճակ փոխել:
Եւ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերոնշյալ օրը բանկերից մեկը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանի միջոցով պարտավորեցվի դատավոր Իշխան Բարսեղյանից վարկային պայմանագրով նախատեսված պարտքն ու տոկոսները բռնագանձել:
Պարզեցինք, որ 2013թ բանկի եւ Իշխան Բարսեղյանի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով դատավորին տրամադրվել է 1 միլիոն դրամ: Համաձայն պայմանագրի՝ դատավորը նախատեսված ժամկետում պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, սակայն չի կատարել, որի համար էլ բանկը դիմել է դատարան: Եւ, ահա, 2014 նոյեմբերի 11-ին գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը որոշել է բանկի հայցը բավարարել եւ դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ:
Տպավորությունն այնպիսին էր, որ դատավորը պետք է հաշտվեր այն իրականության հետ, որ չի կատարել իր վարկային պարտավորությունները եւ վճարեր գումարը, սակայն վճռի հրապարակումից 7 ամիս անց իրավիճակ է փոխվել: Բանն այն է, որ դատավոր Իշխան Բարսեղյանը, միգուցե մի լավ տնտղելով եւ դատավորի «հնարքները» գործի դնելով, որոշել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում: Տեղեկացանք, որ դատավորի բողոքարկման պատճառն այն է, որ նա չի ստացել դատարանի հայցադիմումը: Ասել է թե՝ դատավոր Իշխան Բարսեղյանը պատշաճ ծանուցված չի եղել իր դեմ ներկայացված հայցադիմումի եւ դատարանի կայացրած վճռի մասին:
Եւ, ահա, ՀՀ վերաքննիչ դատարանն էլ, հաշվի առնելով տեղի ունեցածը, 2015 թվականի հոկտեմբերի 13-ին որոշել է Իշխան Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել, ամբողջությամբ բեկանել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Հետաքրքիր է, թե նոր քննության դեպքում ինչն է վիճարկելու դատավորը. ասելու է, թե բանկից գումար չի՞ վերցրել, թե՞ վստահեցնելու է, որ կատարել է իր վարկային պարտավորությունները:
Ենթադրենք Բարսեղյանը տեղյակ չի եղել իր դեմ ներկայացված հայցից, բայց միթե նա, լինելով դատավոր, տեղյակ չէր, որ դեռեւս 2013 թվականին բանկից գումար էր վերցրել եւ պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, ինչը, սակայն, չի արել: Վերջինս գոնե պետք է կանխատեսեր, որ բանկը կդիմի դատարան, եւ այս դեպքում պատճառաբանությունը, թե իր դեմ ներկայացված հայցի մասին տեղյակ չի եղել, մեղմ ասած, այդքան էլ հավատարժան չի թվում:
Ինչեւէ, այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով զրուցեցինք դատավոր Իշխան Բարսեղյանի հետ:
-Պարո՛ն Բարսեղյան, ինչպես կբացատրեք, որ Ձեր դեմ հայց են ներկայացնում, սակայն Դուք հայցի մասին տեղյակ չեք լինում: Միթե չգիտեիք, որ բանկի նկատմամբ Ձեր ունեցած պարտավորությունները չեք կատարում, ինչը հանգեցնելու էր նրան, որ բանկը դիմեր դատարան, թե մտածում էիք` դատավոր եք, չեն դիմի:
-Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, չգիտեմ, խաբար չեմ: Ամեն ինչ նորմալ է, փառք ու պատիվ մեզ բոլորիս, ասելու բան չունեմ, պատասխանելու բան չունեմ:
-Մշտապես աղմկալի պատմությունների մեջ եք: Կա՛մ Ձեզ ցանկանում են պատժել, կա՛մ վարկային պարտավորությունները չեք կատարում, դատի են տալիս: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Դուք հաճախ եք խաղատներ այցելում, իսկ պարտքատերերից խուսափելու համար էլ նրանցից թաքնվում եք: Մի՞թե սա նորմալ է դատավորի համար:
-Ամեն ինչ նորմալ է, խոսելու բան չունեմ, ցտեսություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑ
Երեկ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրը հացադուլի մեջ գտնվող 45 ցմահ դատապարտյալների հարազատները: Վերջիններս պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ եւ նստացույց սկսել:
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո երեկ դատապարտյալների հարազատները երթով շարժվեցին Բաղրամյան 26 եւ իրենց հարազատների քրեական գործերը վերանայելու պահանջով նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին:
Նախագահականից ցմահ դատապարտյալների հարազատները հայտնել էին, թե իրենց դիմում-բողոքում արծարծված խնդիրներին կպատասխանեն երկշաբաթյա ժամկետում: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից պարզել, թե ինչ քայլեր է նա արել իրավիճակը կարգավորելու համար: Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե արդարադատության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները. «Միաժամանակ ուսումնասիրման փուլում են գտնվում նաեւ օրերս հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ դրանք ժամանակ պահանջող աշխատանքներ են, որոնց մի մասը, ի դեպ, արդարադատության նախարարության իրավասությունից դուրս է: Արդարադատության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվում ցմահ դատապարտյալների վիճակը բարելավելու ուղղությամբ: Մշակվել ու ներկայում էլ մշակվում են մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են հենց ցմահ դատապարտյալներին: Արդարադատության նախարարությունը եւս մեկ անգամ կոչ է անում հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին դադարեցնել հացադուլը, զերծ մնալ ծայրահեղ քայլերից ու գործողություններից՝ միեւնույն ժամանակ հորդորում նրանց հարազատներին աջակցել հացադուլի դադարեցմանը: Ի վերջո, արդյունքի հասնելու համար ողջամիտ չէ հացադուլը որպես պայքարի միջոց ընտրելը»:
Այն, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատապարտյալներին օգնելու համար, լավ է, բայց ակնհայտ է, որ արդյունքը դեռ չկա, քանի որ դատապարտյալները շարունակում են դժգոհել:
Իսկ ինչ է անում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը: Պարզվում է, որ Ստրասբուրգում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի /ԳՐԵԿՈ/ 69-րդ լիագումար նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ պատվիրակությունը՝ Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Նրա փոխարեն ՔԿՀ է այցելել վերջինիս տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը եւ զրուցել դատապարտյալների հետ: Հուսանք, որ Արթուր Օսիկյանը վերադառնալուց հետո գոնե գործուն քայլեր կիրականացնի, այլապես զրուցելով՝ իրավիճակը դժվար թե փոխվի:

Ք. Մ.

 

 

 
ՍԱՀՄԱՆԵԼ ԵՆ
Գործադիրը սահմանել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները: Ըստ այդմ, ամրագրվել են քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները, սահմանվել իրենց մոտ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց երեխայի խնամքի համար անհրաժեշտ հանդերձանքի, անկողնային եւ հիգիենիկ պարագաների ցանկը եւ չափաբաժինները, ինչպես նաեւ չորս եւ ավել ժամ տեւողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները:

 

ԼՈՒԾԱՐՎԵՑ
ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 14-ի նիստում «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ին տվել է լուծարման թույլտվություն («Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ինքնալուծարվում է) եւ ուժը կորցրած ճանաչել ընկերության վարկային գործունեության թիվ 14 լիցենզիան: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Խորհուրդը «Ռիա Մանի Թրանսֆեր» («RIA MONEY TRANSFER») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում:

 

ԹՎԱԿԱԶՄԸ ԿԱՎԵԼԱՆԱ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում էականորեն կթեթեւանա այդ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով երեկ անցկացված հայ-իրանական գործարար համաժողովից կարելի է ակնկալել նոր ներդրումային ծրագրեր. «Տարիներ շարունակ մենք համոզում ենք, ապացուցում ենք իրանական կողմին, որ Հայաստանը շատ լավ բիզնես հարթակ է թե՛ ԱՊՀ տարածք, թե՛ այսօր արդեն Եվրոպա ապրանքներ ու ծառայություններ անցկացնելու համար: Հույս ունենք, որ այդ գիտակցումը կլինի Հայաստանում համատեղ ձեռնարկությունների միջոցով ապրանքներ բերել, վերարտադրել, վերապիտակավորել եւ հանել շուկաներ, որտեղ մենք ունենք արտոնյալ մաքսային կարգավիճակ, ինչպես ԵՏՄ տարածքում, այնպես էլ մեր GSP+ համակարգի միջոցով՝ Եվրոպայում, որը խիստ կարեւոր է»:




Լրահոս