Պոլիկլինիկայում քաղաքացուն հասանելիք դեղերը չեն տրամադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, չարաշահում են անվճար դեղերի տրամադրման իրենց պարտականությունը: Գումարը հատկացվում է, պոլիկլինիկաները ըստ հայտ-պահանջագրի ստանում են իրենց հասանելիք դեղերը, բայց քաղաքացիների մի մասը այս կամ այն պատճառաբանությամբ այդպես էլ չի կարողանում ստանալ իրեն հասանելիք անվճար դեղորայքը:

Հաճախ մարդիկ տեղյակ չեն լինում անվճար դեղորայք ստանալու իրենց իրավունքից, իսկ բուժհաստատությունների աշխատակիցները չեն հայտնում այդ արտոնությունների մասին կամ ասում են, թե անվճար տրամադրվող դեղերն արդեն վերջացել են: Այսպիսի իրավիճակում է հայտնվել նաեւ «Ժողովուրդ»-ին դիմած, Երեւանի բնակիչ 74-ամյա Միսակ Հովակիմյանը:

«Ամուսինս՝ Միսակ Հովակիմյանը, 2009 թվականին ինֆարկտ ստացավ եւ ունի 2-րդ կարգի հաշմանդամություն: Բնականաբար, 2-րդ կարգի հաշմանդամները որոշակի արտոնություններ ունեն եւ կարող են հանգիստ օգտվել անվճար դեղերից: Մոտ 6 տարի ամսական 2-3 անուն դեղ անվճար ստացել ենք Աջափնյակ վարչական շրջանի թիվ 15 պոլիկլինիկայից: Թեեւ սրտաբանը ամուսնուս նշանակել է 7 անուն դեղ, որոնք նա միշտ պետք է օգտագործի՝ առանց դադարի: Սակայն այս տարի՝ օգոստոսին, մեր տեղամասային բժշկին կարգադրել են, որպեսզի մեկից ավել անուն դեղ չտրամադրի հիվանդներին, միայն մեկ անուն դեղ»,- պատմեց Միսակ Հովակիմյանի կինը՝ Խանում Հովհաննիսյանը:

Քաղաքացու ներկայացմամբ` ինքը միշտ ստացել է 4 անուն դեղ՝ պրեստարիում, կարդիոմագնիլ, պրեդուկտալ ՄՌ, կառվոդիլ: Այս չորս անուն դեղերից պատահել է, որ նրան երկուսն են անվճար տրամադրել, պատահել է՝ երեքը: «Մշտապես ես եմ ստանում այդ դեղերը, բայց այս անգամ, երբ գնացի, ինձ պատասխանեցին, որ տարվա լիմիտն ավարտվել է: Ես ցանկանում եմ տեղեկանալ, թե քանի անուն դեղ է անվճար տրվում 2-րդ կարգի հաշմանդամին, եւ տարվա լիմիտը երբ է ավարտվում՝ օգոստոսի՞ն, թե՞ դեկտեմբերին: Ի դեպ, հուլիս ամսին, որ երկու անուն դեղ էին գրել, գլխավոր բժշկի տեղակալը զայրացել էր ու անընդհատ կրկնում էր, թե իրենց հո՞ր պահեստն է, էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են երկու դեղ նշանակում, այդքան որտեղի՞ց: Ես էլ ի պատասխան ասացի՝ տիկի՛ն, մի զայրացեք, իմ ամուսինը այն, ինչ տվել է այս երկրին, շատ ավելին է, քան այդ երկու դեղը, որը Դուք տալիս եք»,- վրդովված հիշեց տիկին Խանումը:

Զայրացած քաղաքացին «Ժողովուրդ»-ին պատմեց նաեւ, որ կարդիոմագնիլի փոխարեն պոլիկլինիկայից իրենց տրամադրել են ասպիրին-կարդիո, իսկ պրեդուկտալ ՄՌ-ի փոխարեն՝ պրեդիզին դեղամիջոցը: «Մենք կարդիո-ասպիրին դեղամիջոցը ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ այն պետք է խմել շատ ջրով, բայց իմ ամուսնուն բժիշկը խիստ արգելել է շատ հեղուկ օգտագործել: Պատկերացրեք ինչպիսի հակասություն: Տպավորություն է ստեղծվում, որ դեղերը շպրտում են մեր դիմաց: Մենք սեպտեմբերին ստացել ենք ասպիրին-կարդիո՝ կարդիոմագնիլի փոխարեն, իսկ օգոստոսին պրեդիզին են տվել պրեդուկտալ ՄՌ-ի փոխարեն: Վերջինը սեպտեմբերին չեն տվել: Ասում են՝ չկա, չունենք, կուզես՝ վերցրու, չես ուզում՝ մի վերցրու: Իմ արժանապատվությունը խիստ վիրավորվել է, ես ողորմությո՞ւն եմ ուզում: Եթե ողորմություն է, ապա շատ շնորհակալ եմ, պետք չեն ինձ այդ դեղերը»,- հուզված ձայնով ներկայացրեց տիկին Խանումը՝ հավելելով, որ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված բոլոր տեսակի դեղամիջոցները ինքը գնել է սեփական միջոցներով:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանի հետ, ով մեր միջոցով խնդրեց տվյալ քաղաքացուն մոտենալ իրեն: Նրա խոսքերով՝ դեղերը փոփոխելու դեպքում պոլիկլինիկայի տնօրինությունը գումարի տնտեսում չի արել: Քանի որ ասպիրին-կարդիոն ավելի թանկ է, քան կարդիոմագնիլը: Այնուամենայնիվ, պոլիկլինիկայի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ քաղաքացիներին տրամադրվող դեղերի քանակը պակասել է: «Նախ՝ նախորդ տարվա համեմատ այս տարի ֆինանսավորումը 1 մլն դրամով պակասել է, չհաշված այն, որ դեղերի գինն է բարձրացել: Համենայնդեպս, դեղորայքը ես ձեռք եմ բերում գնումների միջոցով եւ ունեմ որոշակի գին, չափ, քանակություն, եւ եթե այն սպառվում է, ապա որեւէ մեկը ինձ չի տալու: Դրա համար մենք համամասնորեն պակասեցնում ենք, որ բնակչությունը չբողոքի: Ինչքան որ հնարավորություն կա, տալիս ենք, տարին կվերջանա, նույն կերպ կսկսեն ստանալ իրենց դեղերը»,- պարզաբանեց պոլիկլինիկայի տնօրենը:

Սակայն առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ պոլիկլինիկաներին հատկացվող տարեկան գումարի չափը չի նվազել: Իսկ եթե պոլիկլինիկայի տնօրինությունը դեղամիջոց չի ունեցել՝ հիվանդներին տրամադրելու համար, ապա դա կազմակերպչական թերի աշխատանքների պատճառով է: Ստացվում է, որ պոլիկլինիկայի տնօրենը խաբում է հիվանդներին՝ նրանց հավաստիացնելով, թե իբր պետության կողմից չի ֆինանսավորվում, ինչի պատճառով էլ դեղերի քանակը նվազեցրել է:

«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի համաձայն` հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: Ավելին՝ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն, ըստ դեղատոմսերի, ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Նույն հոդվածով ամրագրված է նաեւ, որ հաշմանդամներն իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ:

Պետության աջակցությունը նման դեպքերում ավելի քան կարեւոր է, սակայն միշտ չէ, որ քաղաքացին պետական աջակցություն է ստանում: Ինչպես օրինակ՝ այս դեպքում: «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ առաջիկայում կներկայացնի՝ արդյոք թիվ 15 պոլիկլինիկայի բուժանձնակազմը քաղաքացուն հասանելիք դեղամիջոցները տրամադրել է, թե ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս