Նախկինում «Ժողովուրդ»-ն անդրադարձել է Իջեւանի քաղաքային զբոսայգու հիմնախնդիրներին: Խորհրդային տարիներին Իջեւանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվում էր քանդակի միջազգային սիմպոզիում, որի ժամանակ կերտված քանդակները նվիրվում էին Իջեւան քաղաքին: Այդպես քաղաքային զբոսայգին դարձավ քանդակների զբոսայգի: 2011թ. կառավարության արտագնա՝ Իջեւանում կայացած նիստի ժամանակ որոշվեց, որ վերականգնվում է Իջեւանում ամենամյա սիմպոզիումների ավանդույթը: Սակայն այդ որոշումը մնաց թղթի վրա: Ուրեմն հարկ է եղած քանդակները պահպանել վայրագ, անկիրթ մարդկանց ոտնձգություններից: Այս տարի ոստիկանները բացահայտեցին, որ քաղաքային զբոսայգու քանդակները ջարդում է իջեւանցի մի տղամարդ, որը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Նախկինում անդրադարձել ենք նաեւ զբոսայգում տարբեր անասունների արածելուն: Քանդակների այգում տարբեր տեղեր խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտաթորանք է: Քանդակների այգին ցերեկային ժամերին հսկում են քաղաքային կոմունալ ձեռնարկության 2 պահակներ: Գուցե անասունները գիշերն են արածեցնում կամ դրանք առանց հսկողության մնացած, թափառող կենդանիներ են: Քաղաքային զբոսայգու պահակները, չգիտես ինչու, չեն նկատում եւս մի արգահատելի երեւույթ: Այգու տաղավարների տակ հավաքվում են ոգելից խմիչքների սիրահարները, խումբ կազմում եւ պարպում է օղու շշերը: Նման տեսարաններ հաճախ կարելի է տեսնել: Դա կատարվում է Իջեւանի սրտում՝ Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 50 մ հեռավորության վրա: Քաղաքային զբոսայգու պահակները, Իջեւանի քաղաքապետարանի եւ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները չե՞ն տեսնում, որ քանդակների այգին դառնում է հարբեցողների այգի: Իջեւանը գեղեցիկ քաղաք է, ունի հարուստ բնություն, ինչը լավ նախադրյալ է զբոսաշրջության զարգացման համար: Սակայն ուսանողական քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու նպատակով հարկ է գոնե քաղաքի կենտրոնում աչք ծակող թերությունները վերացնել: Իջեւանի «սրտում»՝ Շատրվանների հրապարակում, կա ցայտաղբյուր, որը մշտապես «ժայթքում է», ջրի շիթը շատրվանի նման բարձրանում է եւ թափվելով շրջակայքում հակասանիտարական վիճակ ստեղծում: Դժվար չէ մասնագետ բերել, որը կկարգավորի ցայտաղբյուրից ջրի հոսքը: Արդյունքում մարդիկ կկարողանան բնականոն օգտվել ցայտաղբյուրից, դրա շուրջն էլ մշտապես ցեխոտ չի լինի: Տավուշի մարզպետարանի եւ Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներն ամեն օր տեսնում են այս տգեղ պատկերը, սակայն միջոցներ չեն ձեռնարկում: Իսկ ցայտաղբյուրի կողքին ազատամարտի զոհերի հուշակոթող է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ