Մինչ արդեն իններորդ օրը հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հրապարակավ ամոթանքների տարափ տեղալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրոպայի ղեկավարության գլխին, Սերժ Սարգսյանը, ընդհակառակը, փորձում է սիրաշահել բոլոր կողմերին` նրանց միաժամանակյա հավատարմության խոստումներ տալով: Սակայն դատելով կողմերի հայտարարություններից` Սերժ Սարգսյանի` արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մանեւրելու ռեսուրսն արդեն ամբողջովին սպառվել է: Այդ մասին է խոսում մի կողմից այն, որ Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ համոզել Վլադիմիր Պուտինին վերանայել Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման որոշումը, մյուս կողմից էլ` ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ավելի ու ավելի հստակ ու միանշանակ հայտարարություններ են անում առ այն, որ Հայաստանը այլեւս չի կարող շարունակել «եւ-եւ»-ի իր քաղաքականությունը: Երեկ այս հարցի շուրջ պաշտոնական Բրյուսելի տեսակետը եւս մեկ անգամ հնչեցրել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը` «Ազատություն» ռադիոկայանին ասելով. «Եվրամիությունը չի կարող «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին» պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել»: Ինչ խոսք, բավականին բարդ ընտրություն է այս իշխանության համար, ընդ որում ոչ միայն եւ ոչ այդքան աշխարհաքաղաքական պատճառներով, այլեւ շատ ավելի պարզ, սակայն միեւնույն ժամանակ` այս իշխանության համար ավելի բարդ լուծելի խնդրի պատճառով: Բանն այն է, որ Մաքսային միությունը կամ դեռ չստեղծված Եվրասիական միությունը բաց են բոլորի առաջ եւ դրանց անդամակցելու համար չափանիշներ սահմանված չեն, ավելին` Ռուսաստանը գրեթե բռնի կերպով է ուզում ապահովել տարբեր երկրների անդամակցությունը: Մինչդեռ Եվրամիության դեպքում հակառակն է` Հայաստանը պետք է շատ մեծ ջանքեր գործադրի` համապատասխանելու համար նշված ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության համար անհրաժեշտ չափորոշիչներին. պետք է իրականացվեն օրենսդրական եւ տնտեսական լուրջ, բովանդակային բարեփոխումներ, շուկան պետք է դառնա իրապես ազատական` զերծ մենաշնորհներից, պետք է հավասար մրցակցային պայմաններ ապահովվեն բոլորի համար, եւ խստագույն հսկողություն սահմանվի արտադրված ապրանքների որակի նկատմամբ: Ահա հենց սա է, որ Ս. Սարգսյանի հիմնասյունը համարվող օլիգարխները դժվար թե թույլ տան, հետեւաբար` Եվրոպա, թե Ռուսաստան ընտրությունը առաջին հերթին կախված է այն հանգամանքից, թե որքանով կկարողանա Սերժ Սարգսյանը դիմագրավել իր իսկ մերձավոր շրջապատի ճնշումներին: Իսկ մնացած` արտաքին ճնշումներին միշտ էլ կարելի է հակադրել հակառակ կողմի աջակցությունը: Ինչը դժվար է անել երկրի ներսում, քանի որ Սերժ Սարգսյանը չունի ժողովրդի աջակցությունը` հակազդելու համար օլիգարխների ճնշմանը:
ԱՆԱՋԱԿԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ