ԵԿԵԼ ԵՍ ԱՅՍՏԵՂ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ հերթական անգամ պարզ դարձավ՝ հրապարակային, առավել եւս՝ հանպատրաստի ելույթները հակացուցված են Սերժ Սարգսյանին: Ամեն անգամ, հայտնվելով նման իրավիճակներում, Սարգսյանը, մեղմ ասած, իրեն ոչ ձեռնտու ինքնախոստովանություններ ու երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն ոչ վայել արտահայտություններ է անում: Երեկ նման իրավիճակ է ստեղծվել «ընտրյալ» լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոսել է նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի, նաեւ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փետրվարի 21-ի իր հանդիպման, Ազատության հրապարակում վերջինիս հացադուլի մասին:
Եվ այսպես, Ս.Սարգսյանը պատմել է, որ Ր.Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ, մերժելով նրա կողմից առաջարկված երեք տարբերակները՝ նոր նախագահական ընտրությունների, նոր ԱԺ ընտրությունների եւ, վերջապես, համապետական ինչ-որ միջոցառման անցկացումը, նշել է իրադարձությունների զարգացման երեք հնարավոր սցենար. «Ր.Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները, երկրորդը՝ Ր.Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ ընտրություններն անցել են անարդար, ուժեղացնում է իր կուսակցական կառույցներն ու, մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին, հաղթում է, դառնում քաղաքապետ, եւ երրորդ՝ պարզապես դադարում է ընդդիմադիր լինելուց՝ ներգրավվելով պետական կառույցների մեջ ու խոստմանը համաձայն` պայքարում արտագաղթի ու կոռուպցիայի դեմ»:
Ուշագրավն այստեղ Ս.Սարգսյանի մատնանշած առաջին տարբերակն է: Բանն այն է, որ Ս.Սարգսյանը չի խոսել ընդդիմության կողմից հետընտրական պայքարում ապօրինություններ, հակաօրինական գործողություններ կատարելու դեպքում իրավապահների միջամտության մասին, այլ, իր խորհրդական Ալիկ Սերգեյիչի բառերով ասած, զգուշացրել է «հեղափոխությունն օրորոցում խեղդելու մասին»՝ ասելով, որ, եթե ընդդիմությունն իշխանության այլընտրանքային կառույցներ ստեղծի, այդ դեպքում էլ իրավապահներն իրենց քայլերը կանեն: Այլ կերպ ասած` նա ակնարկել է՝ շուրջօրյա հանրահավաքները կդադարեցվեն բռնությամբ, ինչպես 2008թ.: Նկատենք՝ սա դասական բռնապետի խոստովանություն է, որովհետեւ նա զգուշացնում է ոչ թե ապօրինի, այլ թեկուզ եւ խաղաղ պայքարը կասեցնելու մասին: Այնինչ պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել. ընդդիմությունը նման դեպքերում միշտ ձգտում է հրապարակում ստեղծել իշխանության այլընտրանքային մարմիններ՝ կազմաքանդելով իշխանությունը. ժամանակին ճիշտ այդպես էր վարվում «Ղարաբաղ» կոմիտեն, որի դեմ իշխանությունները փորձում էին նույն մեթոդներով պայքարել, բայց, ի վերջո, հետեւանքը եղավ հեղափոխությունն ու Հայաստանի անկախության հռչակումը: Ճիշտ այդպես էին վարվում այն երկրները, որտեղ տեղի ունեցավ իշխանափոխություն:
Ս.Սարգսյանը նաեւ մտքի մեկ այլ փայլատակմամբ է հանդես եկել. նա ասել է, որ չի այցելելու Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ նրա՝ նախ հացադուլ հայտարարելով՝ Ր.Հովհաննիսյանն իրեն դուրս է դրել քաղաքական պայքարից, բացի այդ, 500 հազար ձայն ստացած թեկնածուն հետընտրական հանրահավաքներին հազիվ 3-5 հազար մարդ, այսինքն՝ իր ձայների 0.1 տոկոսն է հրապարակում հավաքում: «Բայց գիտեք, մի կարեւոր, շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ինչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշե՛ք ինձ»,-հարցրել է նա լրագրողներին: Սակայն սա ամենը չէ. Ս.Սարգսյանը երեկ որոշել էր նաեւ ծաղրել Ր.Հովհաննիսյանին. «Ես գնամ, ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»: Փաստորեն, այսպիսով պարզ դարձավ, թե ինչու է Ս.Սարգսյանն արհամարհում ժողովրդին. պաշտոնական տվյալներով ՀՀ բնակչության 35 տոկոսն աղքատ է, ասել է թե՝ սոված է, ընդ որում, սոված է ոչ թե ութ օր, այլ ավելի քան հինգ տարի: Ու իրոք, Ս.Սարգսյանն ի՞նչ բանակցի արդեն հինգ տարի սոված ու աշխարհի վրա դառնացած ժողովրդի հետ: Իրոք, կարեւորը ինքը սոված չէ, եւ եկամուտներն էլ գնալով աճում են:
Հ.Գ. Ի դեպ, «ԳԱԼԱ» հ/ը երեւանյան գրասենյակի աշխատակիցներին նախագահականից ասել էին, թե մամուլի ասուլիս կամ լրատվամիջոցների համար հանդիպում իրենց մոտ նախատեսված չէ: Ահա թե ինչպիսի ժողովրդավարական պայմաններ է ապահովել Ս. Սարգսյանը: 
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս