ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ոչ մի խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` այդ ընթացքում շարունակելով սովորականի պես պաշտոնավարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են սահմանադրական փոփոխությունների քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց դեպքում օրենսդրությունը բացառություն է անում: «Որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, հետեւյալ տեսանկյունից խնդրին նայեք. օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է, պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում չէ՞, հայտարարությունների ժամին եւս իր լիազորություններն է իրականացնում: Հիմա ամբիոնից քարոզ են չէ՞ անում»,- ասում է Մուկուչյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ պատգամավորը պետական ոչ մի հիմնարկի աշխատողի նկատմամբ հրամայական իրավունքներ չունի: Պատգամավորի ասածը չանելու դեպքում, ասենք, մարզպետարանի աշխատակիցը մտավախություն չի ունենա, որ իրեն աշխատանքից կազատեն: Իսկ երբ վարչապետն է անձամբ քարոզչությամբ զբաղվում, պետական հիմնարկների աշխատողների համար դա արդեն հրամանի պես է գործում: Նույնիսկ, եթե մի պահ ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը միգուցե ձեռնպահ կմնա Հայաստանի կառավարման համակարգի աշխատողներին ուղղորդելուց (ինչը անգամ դժվար է պատկերացնել), այնուամենայնիվ, միեւնույն է՝ բոլորը նրա գործողությունները ընկալելու են իբրեւ հրահանգ, առավել եւս, որ նա, թեկուզ ձեւական, արձակուրդի եւս չի պատրաստվում մեկնել:
Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով եւս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի մասնավոր անձանցից եւ հանրային դեմքերից ոչ ոք չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, որովհետեւ նա (ՌԴ նախագահը) երբեք նման հարցեր չի քննարկում»: Վերջինս չգիտի նաեւ, թե Ա. Աբրահամյանն ինչու է իր խոսքում Պուտինին հղում կատարել. «Ես չգիտեմ, թե Աբրահամյանը ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված նման հղումներ են հնչեցրել: Համոզված եմ, որ Աբրահամյանն ինքը եւս չի կարող բացատրել»,- ասաց Կոլերովը:
Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, անմիջապես հարց ծագեց, իսկ ով է նրան փոխարինելու դեսպանի պաշտոնում: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Դեսպանի նշանակումն արարողակարգ պահանջող գործընթաց է, որի ավարտին հրապարակվում է ՀՀ նախագահի հրամանագիր: Մինչեւ նախագահի հրամանագիրը որեւիցէ քննարկում պարզապես կոռեկտ չէ այդ թեկնածուի նշանակման մասով»: Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն էլ խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց հետեւյալը. «Այս պահին որեւէ բան չկա ասելու, քանի որ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»: Այլ կերպ ասած՝ իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ չսկսվի:
Ամեն անգամ, երբ հրապարակվում է պաշտոնական վիճակագրության հերթական տեղեկագիրը, համոզվում ես, որ հեղինակները հաստատ Հայաստանի իրականությունից դուրս ապրող մարդիկ են: Հայաստանի ցանկացած բնակավայրում կարող եք փողոցում անցորդին հարցնել, թե ինչպես է նա վերաբերվում Հայաստանի տնտեսական աճին: Լավագույն դեպքում այդ անցորդը կկարծի, որ դուք «թաքնված տեսախցիկի» համար եք իր հետ նման դաժան կատակ անում: Բայց փաստն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն իսկապես ամեն ամիս տնտեսական աճ է արձանագրում: Մասնավորապես, այս տարվա ինն ամիսների արդյունքով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է 3,7 տոկոս տնտեսական աճ: Սակայն միեւնույն ժամանակ պաշտոնական վիճակագիրները չեն կարողացել թաքցնել այն փաստը, որ անցած տարվա համեմատ առեւտրի շրջանառությունն առնվազն 100 միլիարդ դրամով նվազել է, այսինքն՝ 2015-ի ընթացքում սպառողն այդքանով աղքատացել է:
ԹՈՂ ՎՃԱՐԵՆ
Երեկ հայտնի արձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ, թույլ չտալով բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը, Հայաստանի դատարանները խախտել են Սաղաթելյանի արդար դատավարության իրավունքը։
Հիշեցնենք, որ 2004թ-ին որոշում էր կայացվել Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես դատավոր աշխատելու ժամանակահատվածում կեղծիքներ կատարելու պատճառաբանությամբ։ Սակայն դեռ այն ժամանակ մամուլում գրվեց, որ իրականում Սաղաթելյանը պատժվել է.«Առանց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ համաձայնեցնելու՝ ինքնուրույն վճիռ կայացնելու համար, ինչի արդյունքում Հարությունյանը շտապել է հանդուգն դատավորի հարցը բարձրացնել Ռոբերտ Քոչարյանի առջեւ: Դրա հետեւանքը եղավ այն, որ Սաղաթելյանին չկարողացավ փրկել անգամ հիվանդության մասին պաշտոնական փաստաթուղթը, եւ նա «բյուլետենը» ձեռքին` անհապաղ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
Հետագայում անհնազանդ դատավորի հայցը առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր քննել` պատճառաբանելով, որ նախագահի հրամանագրերն ընդատյա չեն ընդհանուր իրավասության դատարաններին։ Վճիռը բեկանվել էր վերաքննիչ դատարանում, սակայն վճռաբեկ դատարանը որոշել էր, որ առաջին ատյանի դատարանում կայացված վճիռը պետք է ուժի մեջ մնա: Եվ, ահա, ՄԻԵԴ-ի նախօրեին կայացրած այս վճռով ՀՀ կառավարությունը պարտավորվել է նախկին դատավորին 4900 եվրոյի փոխհատուցում վճարել: Այսպիսով` ստացվում է, որ Ռ. Քոչարյանի ապօրինի, սակայն Դ. Հարությունյանի ենթակայության տակ գործող դատական համակարգի համար անբեկանելի համարվող այս հրամանագրի համար պետք է վճարենք մենք` ՀՀ շարքային քաղաքացիներս:
Եթե Քոչարյանի` ժողովրդավարության եւ անկախ դատական համակարգի մասին վերջին հարցազրույցում արտահայտած մտքերը հարուցում են ՀՀ քաղաքացիների վրդովմունքը, որը սակայն չի կարող առավել առարկայական դրսեւորում ունենալ, քանի որ Քոչարյանը պաշտոնից հեռացել է, ապա նրա «ֆավորիտներից» Դ. Հարությունյանը, ում անմիջական գիտությամբ է տեղի ունեցել Սաղաթելյանի շուրջ այս ողջ ապօրինի գործընթացը, ներկայումս էլ զբաղեցնում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի բարձր պաշտոնը` իրավական իր գերճկուն ծառայությունները մատուցելով արդեն ներկայիս իշխանություններին: Ընդ որում, նկատենք, որ վերը բերվածը այն մի քանի տասնյակ վճիռներից մեկն է, որոնցով անցած երեք տարիներին ՄԻԵԴ-ը արձանագրել է հենց արդարադատության նախարար Դ. Հարությունյանի օրոք տեղի ունեցած ապօրինությունները: Ուստի ժամանակն է, որ բարձրացվի հարցը ոչ միայն Հարությունյանին եւ նրա մեղսակից գործընկերներին պաշտոնանկ անելու, այլեւ ՄԻԵԴ սահմանած փոխհատուցումները նրանց իսկ գրպանից վճարելու մասին: