«ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՏԱԼ ՈՒ ՎԵՐՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոտ մեկ տարի է, ինչ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը վերանորոգվում է, այդ իսկ պատճառով հասարակությունը բալետ կամ օպերա դիտում է Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, որի մասշտաբներն այդքան էլ հարմար չեն նմանատիպ ներկայացումներ խաղալու համար: Ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի գլխավոր բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, թե իրենց խոստացել են մարտին մտնել դահլիճները: 
-Քանի՞ ամիս է, ինչ բալետային խումբը բեմ չունի:
-Մի երկու ամիս մենք պարապուրդի մեջ էինք, բալետային խմբից շատերն իրավունք ունեին կա՛մ գալու, կա՛մ չգալու, այդ իսկ պատճառով շատերը մտել էին տարբեր տեղեր` աշխատելու: Փետրվարից վերադարձել ենք ու կոնֆլիկտների մեջ ենք, քանի որ Սունդուկյան թատրոնում պարապելու համար ունենք ընդամենը 3 ժամ ու մի դահլիճ, իսկ օպերայի շենքում ունեինք 8 ժամ եւ 3 դահլիճ: 
-Փաստորեն, վերանորոգումը ոչ թե հօգուտ, այլ ի վնաս աշխատեց:
-Բալետին, իհարկե, ի վնաս էր, բայց այս շենքը կարիք ուներ վերանորոգման, պարզապես պետք էր նախօրոք մտածվեր, պլանավորեին, մեզ տեղավորեին ու նոր սկսեին: Բայց ամեն ինչ հանկարծակի ստացվեց: 
-Մենք մեր թերթում մի անգամ արդեն անդրադարձել ենք հարցին` արդյոք ճիշտ է, որ բալետը պարում են ձայնագրության տակ, Դուք էլ ասացիք, որ աշխարհում նման պրակտիկա կա:
-Ես նույնիսկ «Ֆեյսբուք»-ի իմ էջում դրել եմ Նյու Յորք Թայմսի բալետային կատարումը, որն իր ներկայացումները պարում է ձայնագրության տակ: Դա ընդունված բան է: Մեկ-մեկ ժողովուրդը նեղվում է, իհարկե, լավ կլինի, որ կենդանի նվագակցությամբ լինի, բայց որ չկա, չպարե՞նք… Բացի այդ, եկել են՝ բալետ նայելու, ոչ թե երաժշտությունը լսելու:
-3.5 տարի է, ինչ Ձեզ ԱՄՆ-ից հրավիրեցին Հայաստան` ապրելու եւ աշխատելու, այս ընթացքում բալետային կյանքում շարժ նկատեցի՞ք: 
-Բոլորն ասում են՝ կա, բայց ես չեմ տեսնում: Ես չեմ կարողանում հետ նայել, չեմ էլ ուզում, նայում եմ, թե ուր պետք է գնանք ու չենք հասցնում: 
-Իսկ ո՞րն է չհասցնելու խնդիրը:
-Ես լավ տեղյակ եմ, թե դրսում ինչ է կատարվում, ու մենք որտեղ ենք: Գիտեմ, թե մենք ինչ կարող ենք անել, բայց չենք անում: Ինչ ռեսուրսներ, կարգապահություն, աշխատանքային ռիթմ է պետք:
-Ո՞րն է ռիթմից հետ մնալու պատճառը:
-Եկե՛ք չմտածենք` որն է եղել սկզբում` հա՞վը, թե՞ հավկիթը: Պետք է բարձր աշխատավարձ տալ ու վերջ, ասել` աշխատում եք: Ա՛յ այդ դեպքում, եթե չգա աշխատանքի կամ լրիվ ուժով չաշխատի, կասենք` քո աշխատավարձը չենք տալիս: Այդ ժամանակ ինքը կհասկանա: Իսկ հիմա ո՛չ աշխատավարձ կա, ո՛չ էնտուզիազմ: Այսօր բալետ պարողներն իրենք են գնում բարերում ու ռեստորաններում պարում, որ կարողանան փող վաստակել:
-Դուք միայն պետության կողմի՞ց եք հովանավորվում, կողքից օգնողներ չկա՞ն: 
-Հիմա դրսի օրինակներով մեխանիզմներ ենք փնտրում: Օրինակ՝ դրսում պետությունը ոչ մի գումար էլ չի տալիս արվեստի զարգացման համար, բայց ամեն մի խումբ իր կողմնակի եկամուտն ու հովանավորն ունի: Մեզ մոտ նոր է այս ամեն ինչը: Թատրոնի ղեկավարությունը 75 տոկոսը ստանում է պետությունից, մնացած 25 տոկոսն ինքը պետք է հայթայթի: Դրսում գումար հայթայթելու համար ստեղծված տարբեր պրոցեսներ ու մեխանիզմներ կան: 
Ես բալետի զարգացման համար մինչեւ 2017թ. պլան եմ տվել: Բայց այդ պլանն ամենածիծաղելի բանն է: Հասկանում եմ, որ թատրոնը զարգացնելու համար աստիճաններով պետք է բարձրանալ: Ես այդ պլանը տվել եմ, բայց չգիտեմ անգամ` մեր կառավարությունն ինչքան բյուջե կհատկացնի մեր ներկայացումներին: «Մեծ թատրոն»-ը 2000թ. ուներ 12 մլն դոլար բյուջե, իսկ այսօր` 2013-ին, ունի 120 մլն դոլար: Նրանք հասկանում են, որ հենց բալետով են ներկայանում աշխարհին: 
Իսկ մեզ  այսքան տարի ասում են` փող չկա: Ես դրսի խորեոգրաֆների հետ պայմանավորվում եմ, նրանք սպասում են, թե երբ պետք է իրենց հրավիրենք, բայց ես չեմ կարողանում նրանց հստակ բան ասել, որովհետեւ ֆինանսական լծակ չունեմ, նույնիսկ չգիտեմ` մեզ նոր ներկայացումների համար ինչքան գումար կտան կամ առհասարակ կտա՞ն:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս