ՀՅԴ-Ն ԵՐԵՎԱՆԻ՞Ց Է ՆՎԱՃԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններն ինչով են տարբերվում ՀՀ նախագահի ընտրություններից, որին ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել, ասաց. «Սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, եւ գլխավոր խնդիր պետք է դնել ոչ թե ամեն գնով կա՛մ նախագահ ես, կա՛մ նախագահ չես, այլ, ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն կունենաս ազդելու կառավարման համակարգի վրա»:
-Պարո՛ն Մինասյան, ի՞նչն է պատճառը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ներկայացրած ցուցակում Ձեր անունը չկա: Գուցե Դո՞ւք չեք ցանկացել, որպեսզի Ձեր անունն ընդգրկեն ցուցակում:
-Չէ՛, նման խնդիր չի եղել, ուզել-չուզելու կամ անհրաժեշտության-չանհրաժեշտության հարց չկա, սա ոչ մի բան չի փոխում, որովհետեւ «Դաշնակցության» մեջ չկա անձնավորման հարց: Մենք նույն ոգով, նույն եռանդով պետք է պայքարենք ընտրություններում: Եթե այլ կուսակցությունների պարագայում դա ինչ-որ խնդիր կարող է լինել, ապա մեզ մոտ այդպիսի բան չկա: Եվ ընդհանրապես այդպիսի հարց չի բարձրացվում:
-Այսինքն՝ նեղացա՞ծ չեք ու Ձեզ դո՞ւր է գալիս ՀՅԴ-ի ներկայացրած ցուցակը: 
-Իհարկե, ցուցակը կազմվում է բացառապես քննարկման, ընդ որում, մեր սկզբնական կառույցների առաջարկությունների հիման վրա, եւ գերագույն մարմինն այս դեպքում ընդամենը մարզային կառույցի եւ սկզբնական կառույցների առաջարկներն ամփոփող, ընդունող մարմին է:
-Իսկ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններն ինչո՞վ են տարբերվելու ՀՀ նախագահի ընտրություններից, որի ժամանակ ՀՅԴ-ն հայտարարեց, թե ինքը չի ցանկանում որեւէ ձեւաչափով մասնակցել: Ըստ Ձեզ՝ այս ընտրությունները զե՞րծ են լինելու ընտրակեղծիքներից:
-Երկու պատճառով. նախ, որ սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, եւ գլխավոր խնդիր պետք է դնել ոչ թե ամեն գնով կա՛մ նախագահ ես, կա՛մ նախագահ չես, այլ ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն կունենաս ազդելու կառավարման համակարգի վրա: Երկրորդ՝ այս ընտրություններում հնարավորություն կա, որ այլ ուժերի հետ համատեղ նաեւ կարողանանք նվաճել ողջ կառավարման համակարգը Երեւան քաղաքում: Մյուս կողմից, Երեւանը, լինելով, ճիշտ է, ամբողջ Հայաստանի 1/3 մասը, ավելի հեշտ վերահսկելի է ընտրախախտումները բացառելու տեսակետից, մինչեւ հասնենք այն բանին, որ ընտրական ողջ օրենսդրությունը փոփոխվի: Եվ եթե այստեղ հաջողություն արձանագրվի, բնականաբար, մենք կկարողանանք, Երեւանից սկսելով, նաեւ հանրապետության այլ տարածքներում եւ բնակավայրերում նվաճել իշխանությունը:
-Լավ, ՀՅԴ-ն այժմ Ազատության հրապարակում է՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կողքին: Քաղաքական դաշտում այսօր շատերի համար անհասկանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը, ոմանց համար նաեւ անհասկանալի է նրա հացադուլի իմաստը: ՀՅԴ-ն լավ է ըմբռնել Հովհաննիսյանի պահանջը, այդ իսկ պատճառո՞վ է միացել նրան, թե՞ ուղղակի դա «ձեւական» բնույթ է կրում, եւ Ձեզ համար եւս անհասկանալի է Րաֆֆին:
-Մենք առաջին իսկ օրը հայտարարել ենք, որ ժողովրդի կողքին ենք, այն մարդկանց կողքին, որոնք, իրենց արժանապատվությունը բարձր դասելով, ընդվզում են այս համակարգի եւ իրողության դեմ: Մենք ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ՝ ինչպես ենք պատկերացնում այս շարժման ընթացքը, ու, բնականաբար, ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ համակարգը չունեն այն ռեսուրսը, որ հիմա եւ ամբողջությամբ սկզբունքը կիրառվի. նկատի ունեմ իշխանափոխությունը: Մենք կողմ ենք փուլային ձեւով հաջողություններ արձանագրելու գաղափարին: Դրանից ելնելով՝ մենք առաջարկել ենք կոնկրետ գործողություններ, որոնք հնարավորություն կտան, հասարակության համախմբումը լայն դաշտով իրականացնելով, կոնկրետ պահանջներ առաջադրելով, հաջողություն ակնկալել: Մնացածը պարոն Հովհաննիսյանի ցանկությունների դաշտում պետք է լինի:
-Ձեր կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանի հետ Ս. Սարգսյանը չի՞ կարողանում «լեզու» գտնել, քանի որ անգամ նրա ուղարկած «պատվիրակը»՝ ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, որեւէ արդյունքի չհասավ, ինչի պատճառով էլ ՀՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ինքը մտադրություն չունի հացադուլավորին այցելել:
-Կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը բոլորը գիտակցում են: Իշխանությունը պետք է հստակեցնի իր զիջման դաշտը, եւ դրա շուրջ տեղի ունենան լուրջ քննարկումներ:
-Նախօրեին Ազատության հրապարակում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ստվերային կառավարության ստեղծման մասին, Դուք որքա՞ն ռեալ եք համարում այդ ամենը:
-Ես այդ հարցին չէի ուզենա ո՛չ արհամարհանքով եւ ո՛չ էլ լրջությամբ վերաբերել: Այս պահին դա ոչինչ չի տալիս, մենք խոսում ենք հետընտրական զարգացումների մասին, եւ ի՞նչ պետք է տա «ստվերային կաբինետի» գաղափարը: Եթե խոսքն առաջիկա ընտրություններում միջկուսակցական  մակարդակներում քննարկումների մասին է, ապա կարծում եմ, որ վաղ է դրա մասին խոսելը: Իսկ ընդհանրապես «ստվերային կաբինետի» գաղափարին ես դրական եմ վերաբերում, որը քաղաքակիրթ աշխարհում ընդունված է որպես ընտրապայքարի կարեւորագույն գործիք:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս