Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա սահմանադրական հանրաքվեի կռվաններից մեկն էլ նույնականացման քարտերի խնդիրն է. արդյոք ՀՀ քաղաքացիները պետք է իրավունք ունենան նույնականացման քարտով քվեարկել, թե ոչ: Այս հարցի պատասխանն այսօրվա դրությամբ դեռեւս տրված չէ:

Սակայն այն շարունակում է օրակարգում մնալ, ինչը փաստում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի իշխող Հանրապետական կուսակցության չորս պատգամավորներ` Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է: Համանման նախագիծ նախկինում ներկայացրել էր նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ, բայց գարնանից նշված կուսակցությունից դուրս եկած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: Սակայն նրա հեղինակած նախագծի քննարկումն արդեն իսկ մեկ տարով հետաձգվել է: Ուստի նման պայմաններում ՀՀԿ-ականների ցանկությունը, որ այդ խնդիրը վերստին քննարկման առարկա դառնա, կասկածներ է առաջացնում առ այն, որ իշխանությունները կփորձեն մինչեւ հանրաքվեն «անցկացնել» այդ նախագիծը:
Ինչպես հայտնի է՝ քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում, զինվորական գրքույկում կամ անձնագրին փոխարինող փաստաթղթում կնիք է դրվում, ինչը հնարավոր չի լինի անել նույնականացման քարտով քվեարկելու դեպքում: Իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորներն այս առնչությամբ առաջարկել են ՀՀ ընտրական օրենսգրքում հատուկ պարբերություն ավելացնել, որով կսահմանվի, որ նույնականացման քարտերի վրա կնիք չի դրվում: Իհարկե, եթե անգամ դնեն էլ, միեւնույն է, դա կլինի անիմաստ, քանի որ քարտերը պլաստիկ են, եւ ցանկացած կնիք հեշտությամբ կմաքրվի այդ պլաստիկի վրայից: Բացի այդ՝ նույնականացման քարտերի վրա չի նշվում քաղաքացու հասցեն: Այսինքն՝ եթե նույնականացման քարտով քվեարկելու համակարգը ներդրվի, ապա այն կարող է ընտրակեղծարարության անսպառ հնարավորություն ստեղծել: Բանն այն է, որ հազար հոգին նույնականացման քարտերով կկարողանա մի քանի հարյուր հազար ընտրողի փոխարեն քվեարկել, քանի որ քարտի վրա բնակության հասցեն նշված չէ:
ՀՀ ոստիկանությունից «ժողովուրդ»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 12-ի դրությամբ նույնականացման քարտ ստացածների թիվը եղել է 553 հազարից մի փոքր ավել: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ նույնականացման քարտերի հատկացումը շարունակական եւ անընդհատ գործընթաց է, հասկանալի է, որ վերը նշված թիվը օր օրի աճում է:
Մյուս կողմից էլ հազարավոր քաղաքացիներ չունեն անձնագրեր, քանի որ հին անձնագիրը կորցրել կամ հանձնել են եւ փոխարեն ստացել նույնականացման քարտ: Իսկ կենսաչափական անձնագիր չեն ստացել, քանի որ դրա անհրաժեշտությունը չունեն, որովհետեւ այն իրենց պետք կգա միայն արտերկիր մեկնելիս: ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ վերը նշված 553 հազար քաղաքացիներից 176 հազարն ունեն միայն նույնականացման քարտեր: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ քվեարկելու հնարավորությունից նրանք զրկված են: Ավելին՝ տվյալ դեպքում խոսքը գնում է իրական ընտրողների մասին: Նշված մարդիկ Հայաստանում են եւ երկրի ներքին կյանքը հենց նրանց հոգսն է, եւ նրանք պետք է իրենց քվեարկությամբ որոշեն վաղվա օրը, ի տարբերություն ընտրական ցուցակներում մի քանի հարյուր հազար ընտրողների, որոնք թղթի վրա կան, բայց իրականում վաղուց մեր երկրում չեն բնակվում, եւ ՀՀ ընտրությունների ելքն էլ նրանցից շատերին ոչ էլ հետաքրքրում է:
Այսինքն՝ նույնականացման քարտ ունեցող ընտրողների քվեարկության խնդիրն առկա է, եւ այն պետք է լուծվի: Ուստի հարցերի հարցն այն է, թե ինչպես վարվել, որպեսզի քաղաքացին ընտրելու հնարավորությունից չզրկվի, բայց միեւնույն ժամանակ ընտրակեղծարարության նոր գործիք չստեղծվի: Այս խնդրի լուծման միակ հնարավորությունը աշխարհում վաղուց կիրառվող համակարգի ներդրումն է: Խոսքը, այսպես կոչված, «ընտրողի անձնագրի» համակարգի մասին է, որը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում:
Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին, դիմում են համապատասխան պետական մարմնին եւ ստանում հատուկ պաշտպանությամբ փաստաթուղթ, ինչպես օրինակ՝ անձնագիրը, որը, սակայն, նախատեսված է միայն ընտրություններին մասնակցելու համար, եւ դրա մեջ կնիք դնելու հարցում էլ խնդիրներ չեն առաջանում, եւ կարիք չկա հատուկ նյութեր օգտագործել, որպեսզի ընտրություններից հետո կնիքը ջնջվի, ինչպես դա արվում է անձնագրերի պարագայում: «Ընտրողների անձնագիր» համակարգը ներդնելու դեպքում Հայաստանում կլուծվի նաեւ ընտրացուցակների մաքրման խնդիրը, որն արդեն թվում է՝ անլուծելի մի խնդիր է: Բայց որ ամենակարեւորն է՝ նման համակարգերը կարող են ներդրվել միայն, եթե իրենք՝ իշխանությունները ցանկանում են, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Իսկ եթե իշխանության նպատակն այն է, որ ամեն անգամ ԿԸՀ-ն իրենց «հաղթող» հռչակի, ապա ոչ միայն վերը բերված, այլեւ ցանկացած նորմալ համակարգ մշտապես կմերժվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՀՐԱՀԱՆԳՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հավաքել մարզի համայնքի ղեկավարներին ու հայտարարել է, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Նա նաեւ ասել է, որ ցուցանիշներն այնպիսին պետք է լինեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի մարզում: Բանն այն է, որ Մաքսիմ Հակոբյանի թիմակիցներն արդեն իսկ մասնավոր զրույցներում ասել են, որ իրենք հանրաքվեի հետ կապված որեւէ գործընթացի չեն խառնվելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սուրիկ Խաչատրյանից պարզել տարածված լուրերի իսկությունը: «Դեռ նման բան չեմ ասել, բայց ասելու եմ: Մաքսիմ Հակոբյանի հետ կապված ես որեւէ խնդիր չունեմ, բայց ես ինքս իմ խնդիրն ունեմ ու պետք է անեմ»,- վստահեցրեց Սյունիքի մարզպետը:

 

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ խմբակցություններում այս օրերին արդեն իսկ զբաղված են 2016 թվականի պետական բյուջեի նախագիծն ուսումնասիրելով: Բյուջեի նախագիծը սովորաբար մի քանի հազար էջից է բաղկացած լինում, եւ այն 131 օրինակով բազմացնելու ու պատգամավորներին տրամադրելու գործընթացի համար բավականին ժամանակ է հարկավոր: Ըստ տեղեկությունների՝ նախագծի քննարկումը ԱԺ մշտապես գործող հանձնաժողովներում նախատեսվում է սկսել նոյեմբերի 2-ին, այն կտեւի մոտ երկու շաբաթ: Դրանից հետո նոր միայն պետբյուջեի նախագիծը կընդգրկվի խորհրդարանի քառօրյայի օրակարգում:

 

ՋԱՐԴՈՆ` ՊՆ-ԻՆ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին կթույլատրի դուրս գրված սարքավորումների գունավոր մետաղների ջարդոններով վճարել ընկերության բաժնետոմսերի դիմաց: Խոսքը 20 մլն 370 հազար դրամ արժեքով գունավոր մետաղների ջարդոնների մասին է: Այսինքն՝ այս գործարքի արդյունքում այդ գումարի չափով կնվազեցվի ՓԲԸ-ի պետական բաժնեմասի չափը: Ի դեպ, ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն՝ նշված ջարդոնները պետք է հանձնվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ի դեպ, կառավարության որոշման նախագծից այդպես էլ հասկանալի չի դառնում, որ եթե պետական բաժնետոմսերը նվազեցվում են, ապա հօգուտ ում են դրանք անցնում: Կարելի է ենթադրել, որ այս ճանապարհով կառավարությունն ուղղակի ընկերության արժեքն է նվազեցնում:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ ելույթ ունենալով ԵԺԿ համագումարում՝ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր հեռանկարին.«Այսօր ուրախ եմ նշելու, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին. անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք»: Սարգսյանն անդրադարձել է նաեւ սահմանադրական փոփոխություններին՝ ընդգծելով.«Մենք մեր երկրում շարունակում ենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը: Այդ ուղղությամբ մենք մեծ քայլ ենք կատարել՝ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ մեր երկրում, ինչն իրականացնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ»:

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՐՈՇՈՒՄ
Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը երեկ հրավիրած գիտխորհրդի նիստում միաձայն որոշել է դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:
«Որոշեցինք ասել ոչ: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում: Չենք ուզում հիմնավորել, մենք ուղղակի ոչ ենք ասում ու վերջ»,- Lragir.am-ին ասել է պինդ մարմնի՝ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը:
Հարցին, թե համալսարանի ռեկտորի կողմից իրենց վրա ճնշումներ չե՞ն եղել, Ալբերտ Կիրակոսյանը պատասխանել է. «Բացարձակ, ոչ մի հետապնդում: Ամեն մեկն իր կարծիքն ունի: Մենք գիտխորհրդի նիստում միաձայն ոչ ենք ասել՝ դեկանի գլխավորությամբ»:

 

ԿԻՍԱՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչեւ տարեվերջ: Այդ մասին երեկ ասել է Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Ըստ նրա՝ քաղաքական բաղադրիչից բացի՝ պայմանագիրը կունենա նաեւ տնտեսական բաղադրիչ, որը, սակայն, իր ընդգրկմամբ համեմատելի չէ 2013-ին տապալված ասոցիացման համաձայնագրի մաս կազմող «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի» պայմանագրի հետ: Իսկ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նոր պայմանագիրը բնորոշել է որպես «Ասոցացում մինուս»: «Այլեւս խորը, համապարփակ, բաց, ազատ առեւտուր չէ, այլ կիսատ, կիսաազատ, կիսա ոչ խորը… այս տեսակի համաձայնագիրն ենք ստորագրում»,- հայտարարել է Պողոսյանը:




Լրահոս