Մինչ բնապահպանության նախարարությունում վստահեցնում են, որ Սեւանա լճից ջրբացթողումները չեն հանգեցնի լճի մակարդակի իջեցմանը, մի խումբ բնապահպաններ ահազանգում են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը 10 սանտիմետրով իջել է:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը բնապահպան Ինգա Զարաֆյանին տրամադրել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի Սեւանա լճի մակարդակի տատանման ցուցանիշները, որոնցից երեւում է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը եղել է 1900.34 սմ եւ մինչեւ հոկտեմբերի 19-ը աստիճանաբար իջել է` կազմելով 1900.24 սմ:
Նշենք, որ 2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սեւանից բաց կթողնվի մինչեւ 170 մլն խմ ջուր այն դեպքում, երբ նախորդ տարի բաց էր թողնվել 269 մլն խորանարդ մետր ջուր: Ըստ բնապահպանների՝ ջրբացթողումները Սեւանա լճից պետք է սահմանափակվեին 170 միլիոն խմ-ով եւ պաշտոնապես դադարեցված լինեին հոկտեմբերից: Նրանց խոսքերով՝ «Հայպետհիդրոմետ» ծառայության տրամադրած աղյուսակից պարզ է դառնում, որ լճի մակարդակն իջել է նաեւ հոկտեմբերին, եւ սա առավել մտահոգիչ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հոկտեմբերի առաջին կեսին հանրապետությունում եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզում դիտվել են տեղումներ:
Սակայն ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի պետի տեղակալ Համլետ Մելքոնյանը համաձայն չէ բնապահպանների այն պնդումների հետ, թե Սեւանա լճի մակարդակը այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում 10 սմ-ով իջել է: «Ամեն տարի այդ պրոցեսն իրականանում է: Այս տարվա հոկտեմբերի 21-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սեւանա լճի մակարդակը 7 սմ-ով բարձրացել է: Այսինքն՝ նախորդ տարի այս ժամանակաշրջանում Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.17սմ, իսկ այս տարվա հոկտեմբերի 21-ին՝ 1900.24սմ»,- «Ժողովուրդ»-ին պարզաբանեց Մելքոնյանը:
Մասնագետի խոսքերով՝ տատանումները բնական են, եւ ամեն տարի այդպես է լինում, գարնանը լճի մակարդակը բարձրանում է, ապա՝ աստիճանաբար նվազում: «Սեւանն ունի իր մուտքային եւ ելքային տվյալները: Մուտքային տվյալները տեղումների քանակն է, գետային հոսքերը, որոնք թափվում են Սեւան, նաեւ ստորերկրյա ներհոսք կա: Իսկ ելքային տվյալները Հրազդան գետն է, գոլորշիացումը, որն էլ ամենամեծ էլեմենտն է, եւ այն պայմանավորված է տվյալ տարվա ջերմաստիճանի արժեքով: Եթե շատ բարձր է ջերմաստիճանը, ապա գոլորշիացումը մեծանում է: Ըստ մեր գնահատականների՝ եթե ջերմաստիճանը նորմայից բարձր է 1 աստիճանով, ապա գոլորշիացումը 2 մլն կուբամետրով ավելանում է: Իսկ տեղումների, գետային հոսքերի 80 տոկոսը ծախսվում է գոլորշիացման վրա, ինչի արդյունքում էլ այդ տատանումների պատկերն ունենք: Բացի այս՝ 170 մլն խմ-ն էլ Հրազդան գետով բաց է թողնվում»,- ընդգծեց մասնագետը` հավելելով, որ այս տարի դեռեւս 2.3 մլն խմ ջուր կարող է բաց թողնվել:
Իսկ, ահա, բնապահպան Լեւոն Գալստյանը համոզված է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ամեն բան արվում է՝ Սեւանա լճի մակարդակը չբարձրացնելու համար: «Այն թվերը, որոնք ներկայացնում է «Հայպետհիդրոմետը» կամ մեկ այլ պետական կառույց, մեզ համար արժանահավատ չեն, որովհետեւ չկա հանրային վերահսկողության հստակ համակարգ: Մոտ օրերս Դիլիջանից Երեւան վերադառնալիս՝ Հրազդան քաղաք տանող խաչմերուկի մոտ նկատեցի, որ Սեւանա լճից բաց թողնվող ջրի համար նախատեսված ջրանցքի հատակի ողջ երկայնքով ջրի բարակ շերտ էր հոսում, ինչը նշանակում է, որ այս օրերին ջուր է բաց թողնվել Սեւանից՝ չնայած նրան, որ իրավունք չունեն բաց թողնելու: Ակնհայտ երեւում է, որ լավ էլ ջուր են բաց թողնում»,- ներկայացրեց բնապահպանը:
Տեւական ժամանակ է, ինչ բնապահպանն առաջարկում է ստեղծել հանրային վերահսկողության թափանցիկ համակարգ, որով հնարավոր կլինի պարզել, թե որքան ջուր է Սեւանից բաց թողնվում: Այս առաջարկով Լ.Գալստյանը դիմել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, սակայն անարձագանք: «Մեր առաջարկի իրագործման դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա վերահսկել: Օրինակ՝ մեր բնապահպանները իրենց տարբեր հաշվարկներով պնդում են, որ Սեւանից ավելի մեծ քանակությամբ ջուր են բաց թողնում, քան հայտարարում են: Այսինքն՝ 170 մլն խմ է տրված, բայց կրկնակի են բաց թողնում»: Զրույցի ավարտին բնապահպան Լ. Գալստյանը հայտնեց, որ հիմա Սեւանա լճի մակարդակի բարձրացման համար նախատեսված ջուրը լցվում է Եղեգիս գետ, այնուհետեւ հոսում դեպի Նախիջեւան: Մինչդեռ մինչեւ 2030 թվականը նախատեսված է լճի մակարդակը հասցնել 1903,5 մետրի, ինչն անհրաժեշտ նվազագույն բարձրությունն է Սեւանա լճի ճահճացումը կանխելու համար:
«ՊԼԱԿԱՏՆԵՐՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԲԱՑԱՏՐԵՆՔ»
Մինչ քաղաքական կուսակցությունները լծվել են սահմանադրական փոփոխութունների հանրաքվեի քարոզչության գործին, այս ընթացքում եզդիաբնակ որոշ գյուղերի բնակիչներ զբաղված են իրենց առօրյա հոգսերով: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւանի գյուղապետ Բրո Ֆատոյանի եւ Միրաքի գյուղապետ Ալիկ Նամոյանի հետ:
Օթեւանի գյուղապետ Բրո Ֆատոյան
-Պարո՛ն Ֆատոյան, օթեւանցիները պատրաստվո՞ւմ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
-Ինչի՞ն պատրաստվեն: Դե, Սահմանադրություն է, պետք է փոփոխվի: Կողմնակից են, թե ոչ, չգիտեմ: Ոչ մի բան չեն քննարկում: Բոլորն էլ զբաղված են իրենց առօրյա գործերով:
-Այս թեմայի շուրջ Ձեզ հարցերով չե՞ն դիմում:
-Ո՛չ, դե, իրենք հեռուստացույց նայում են, ոնց էլ լինի, իրենք իրենց հարցերի պատասխանները կստանան:
Միրաքի գյուղապետ Ալիկ Նամոյան
-Պարո՛ն Նամոյան, գյուղի բնակիչները տեղյա՞կ են, որ Սահմանադրության հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին:
-Գյուղի կեսը տեղյակ է, մի կեսը՝ ոչ: Բայց այս հարցն էլ կլուծվի. պլակատներ ենք բերելու գյուղ՝ պատերին կպցնելու համար, որ մարդիկ գան, նայեն: Պլակատներով մարդկանց Սահմանադրություն կբացատրենք: Հոկտեմբերի 27-ից այդ աշխատանքները կսկսենք:
-Ի վերջո, միրաքցիները այո՞ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ:
-Այո պետք է ասեն, որովհետեւ ոչ-ը լավ բան չէ (ծիծաղում է- Ս.Հ.):
-Միայն ա՞յդ սկզբունքով են առաջնորդվում:
-Ես հստակ կարող եմ խոսել միայն իմ ընտանիքի անունից: Իսկ իմ ընտանիքի անդամները այո են քվեարկելու: Իսկ գյուղացիների մի մասը կողմ է փոփոխություններին, մյուս մասը՝ ոչ:
-Քանի՞ ընտրող ունեք գյուղում:
-140 ընտրող՝ 22 ընտանիք: Փոքր գյուղ է:
-Դուք ծանոթացե՞լ եք նոր Սահմանադրության փոփոխություններին:
-Այո՛, ես ծանոթացել եմ, համաձայն եմ փոփոխությունների հետ: Ես եմ բացատրելու գյուղացիներին, դրա համար էլ ծանոթացել եմ:
-Կնշեք, թե կոնկրետ ո՞ր կետի հետ եք համաձայն:
-Դե, չեմ կարող ասել այս պահին:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԳՏԱՆ
Տավուշի մարզային քննչական վարչությունում տեւական ժամանակ քննվում էր Գետահովիտ գյուղի հարակից տարածքում «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասների կապակցությամբ հարուցված քրեական գործը: ՀՀ քր.օրենսգրքի 290 հոդվածով («Հողը փչացնելը») եւ 296 հոդվածի 2-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում») հարուցված գործով նշանակված էր փորձաքննություն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացության արդյունքներով պարզվել է, որ բնությանը էական վնաս չի պատճառվել, հողի շերտին պատճառվել է ընդամենը 190 հզ դրամի վնաս, իսկ հատված ծառերի փոխարեն ընկերությունն ավելի շատ ծառ է տնկել եւ այլն:
Իրավապահներից տեղեկացանք, որ այդ պատճառով «Մեգաէներջի» ՍՊԸ-ի դեմ քրգործը կարճվել է: Հիշեցնենք, որ 2012թ. մայիսից Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին գետահովտցիները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրգործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, եւ փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է:
Նշենք, որ 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր: Իսկ արդեն 2014թ. փետրվարի 17-ին Գետահովտում կայացան «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 մմ 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կմ երկարացնելուն:
Գետահովտի բնակիչները բողոքում էին «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի շինարարության դեմ` ահազանգելով, որ ՀԷԿ-ի գործունեությունը նվազեցնում է Պաղջուր գետի հոսքը, վնասում ձկնային պաշարները: Սակայն բողոքները մարեցին, երբ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն սկսեց որպես նվիրատվություն Գետահովտում աշխատանքներ կատարել՝ գյուղում կառուցել է գիշերային լուսավորության ցանց, համայնքին նվիրաբերել տրակտոր, նորոգել է գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը: Եվ եթե գյուղացիների դիրքորոշման փոփոխությունն ինչ-որ տեղ հասկանալի է, ապա մինչ այս ՓՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող բնապահպանների լռությունը, մեղմ ասած, տարակուսելի է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ