ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐՔԵՐՆ ԷԼԻ ԹԵԺԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում ներքին հակամարտությունները, պարզվում է, դեռեւս շարունակվում են: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանի երեկվա պաշտոնանկությունը հենց վերը նշված հակասությունների դրսեւորումներից է: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարման հենց սկզբից՝ 2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել, այսպես կոչված, «հին կադրերից»: Այդ գործընթացը Գեւորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդ կերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել: Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, եւ մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին եւ ազատվեցին: Նրանց մեծ մասը հետագայում գործի անցան ՀՀ քննչական կոմիտեում: Թվում էր՝ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են: Սակայն, ինչպես պարզվում է, իրական վիճակն այդքան էլ այդպես չէ: Փաստորեն, Գեւորգ Կոստանյանը մի կողմից իրավապահ մյուս կառույցների` քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության հետ է «հակամարտում»՝ դատաիրավական ոլորտի «ասողի» դիրքը գրավելու համար, մյուս կողմից էլ շարունակում է «հների» դեմ կռիվ տալ:
Հիմա էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի եւ գլխ.դատախազ Գեւորգ Կոստանյանի հարաբերություններն են կտրուկ լարվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կոստանյանը Բադալյանի մտերիմ Կարեն Բատիկյանին հրահանգել է ազատման դիմում գրել, հեռանալ:

 

 

 
Երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության եւ ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդակցությունն անցել է լարված մթնոլորտում: Վ. Գասպարյանը նույնիսկ հայտարարել է, որ վերջ պետք է դրվի միջնորդների եւ «դալալների» ձեւով աշխատելու գործելաոճին: Ոստիկանապետը խիստ նկատողություն է հայտարարել ՄՌՕ-ի աշխատակիցներին ու նշել, որ ցանկացած կաշառքի գործի բացահայտում ավարտվելու է դատավարությամբ՝ «դատվելու եք»: Ի դեպ, խորհրդակցության ժամանակ Գասպարյանը նաեւ հայտարարել է, որ երկու աշխատակից արդեն իսկ ազատված են իրենց վատ աշխատանքի պատճառով: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ոստիկանության պետը ասել է, թե ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռ կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող երեւույթներ:

 

 

 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթ առաջ Արմավիրի մարզում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում գյուղացիական արտոնյալ պայմաններով` 8 տոկոսով, վարկեր կտրամադրվեն: Վարկերը տրամադրվելու են 14 տոկոսով, բայց դրանց 6 տոկոսը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը: «ժողովուրդ»-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բանկերը գյուղացիներին դեռեւս վարկեր չեն տրամադրում, չնայած որ վարչապետի հայտարարությունից հետո գյուղացիները այդ ծրագրից օգտվելու համար արդեն իսկ դիմումներ են ներկայացրել: ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե գյուղացին ինչպես պետք է օգտվի այդ ծրագրից: Կառավարությունից տված պատասխանի համաձայն՝ այդ վարկերը հոկտեմբերից սկսել են տրամադրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը», «Պրոկրեդիտ Բանկը» եւ «Կոնվերս Բանկը»: Իրականում, սակայն, վարչապետը, մեղմ ասած, մի փոքր շտապել է եւ ծրագրերը ներկայացրել է որպես կայացած իրողություն:

 

 

 
«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից փորձեց պարզել, թե իրեն պատկանող «Դերժավա» ընկերությունից բացի, որ ընկերությունն է սկսել «Twix», «Snickers», «Kit Kat», «M&M’s» եւ «Mars» շոկոլադներ ներկրել: Օրերս ՀԺ-ն գրել էր, որ նշված ապրանքատեսակների միակ ներկրողի հետ շուկայում մրցակից է հայտնվել, ինչի արդյունքում նշված շոկոլադները էժանացել են եւ 250 դրամի փոխարեն վաճառվում են 200 դրամով: «Դերժավայի» սեփականատեր Համբարձումյանը «ժողովուրդ»-ին վստահեցրեց. «Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել, ինչ-որ անգրագետ բաներ են գրում: Պետք է ուրախ լինեք, որ մենք հասել ենք նրան, որ այդ մեծ ամերիկյան ընկերությանը կարողացել ենք բացատրել, որ մեր երկրում էդ ապրանքը պետք է էժան լինի»: Բացի մյուսների անկարողությունից՝ Համբարձումյանը էժանացումը պայմանավորեց նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի բարձրանալու հանգամանքով: Մինչդեռ ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր հասել է այս տարվա հուլիսի ցուցանիշին, իսկ նշված շոկոլադները վաղուց, նաեւ հուլիսին, թանկ գնով էին վաճառվում:

 

 

 

 
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀՈՏՈՎ

Վերջին ամիսների ամենասկանդալային գործարքներից մեկի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ անհասկանալի զարգացումները շարունակվում են: Համալիրի ներկայիս տնօրեն Վազգեն Ասատրյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ մինչ այժմ չի ճանաչում համալիրի նոր գնորդներին: Ավելին` պարզվում է՝ համալիրը մինչ օրս տնօրինում է պաշտպանության նախարարությունը, որի հաշվեկշռում այն հայտնվել էր համալիրի նախկին սեփականատերերից հետ վերցնելուց եւ հայտարարված աճուրդներից հետո: Մինչդեռ համալիրը դեռ անցած ամռան օգոստոսի 13-ին ընդամենը 30 միլիոն ԱՄն դոլարով օտարվել էր օֆշորային ծագում ունեցող «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, որն, ի դեպ, գրանցվել էր գործարքից օրեր առաջ` հուլիսի 20-ին: Սակայն այս ընկերությունը եւս ներկայումս չի հանդիսանում համալիրի սեփականատերը: Այն իր հերթին սեպտեմբերի 1-ին վաճառվել է ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանին:
Թե ովքեր են համալիրի վերջին երկու սեփականատերերը, հանրությանն այդպես էլ հայտնի չդարձավ, մինչդեռ խոսքը ազգային հարստություն, եւ, ինչու ոչ, հպարտություն համարվող մշակութային հուշարձանի մասին է: Իսկ այն փաստը, որ համալիրի նոր գնորդներին չի ճանաչում անգամ կառույցի տնօրենը, արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ այս գործարքներում առկա են բազմաթիվ մութ կետեր: Ի վերջո, միայն այն փաստը, որ նման արժեք եւ նման գին ունեցող կառույցը վաճառվում է ընդամենը օրեր առաջ գրանցված օֆշորային մի անհայտ ընկերության, որը մեկ ամիս չանցած էլ այն վերավաճառում է այլ սեփականատիրոջ, խոսում է այս ամենում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Առնվազն: Սակայն այս, մեղմ ասած, կասկածահարույց գործարքը տարբեր ատյաններից անվերջ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ճառող մեր իշխանավորների աչքից վրիպում է:
Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում, որտեղ Սերժ Սարգսյանն անգամ մեկ առ մեկ որոշում է, թե, օրինակ, փոքր ՀԷԿ-երի ջրանցման խողովակներից ում քանի հատ ունենալու իրավունք տա, կամ իր որ մերձավորին քանի հատ գազալցակայան բացելու թույլտվություն տրվի, չէր կարող մարզահամերգային համալիրի նման կառույցի վաճառքը տեղի ունենար առանց նրա անմիջական վերահսկողության: Եվ այն, որ այս մշուշոտ եւ բազմաթիվ հարցականներով լի գործընթացի վերաբերյալ չկա նրա կամ նրա հանձնարարականով համապատասխան մարմինների արձագանքը, ցույց է տալիս, որ այս հարցում համապատասխան մարմինների լռությունը խիստ շահագրգիռ է:
Հ.Գ. Օգոստոսին համալիրի վաճառքից առաջ ակտիվորեն քննարկվում էր, թե ինչ գործածություն պետք է ունենա վաճառված կառույցը, եւ նշվում էր, որ այն ընտանեկան հյուրանոց է դառնալու: Հետաքրքիր է, թե նոր սեփականատերն ինչի է ծրագրում վերածել Կարեն Դեմիրճյանի բարձր անունը կրող եւ վերջին տարիներին ձեռքից ձեռք անցնող բազմաչարչար այս կառույցը:




Լրահոս