Ինչպես դատապարտյալներին ուժային կառույցները եկամտի աղբյուր դարձրին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հազիվ էին հացադուլը դադարեցրել ցմահ ազատազրկման դատապարտվածները, երբ լուր ստացվեց, որ հացադուլ են հայտարարել նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվողները՝ թվով 7 հոգի։ Նրանք եւս բողոքում են վաղաժամկետ ազատման հանձնաժողովից, որն իսկական չարիք է դարձել արդարադատության համակարգի համար։ Բանն այն է, որ ժամանակին, երբ մարդը կրում էր իր պատժի մեկ երրորդը կամ մեկ երկրորդը, նրան մեխանիկորեն ներկայացնում էին պայմանական վաղաժամկետ ազատման։

Ներկայացնում էր կալանավայրի ադմինիստրացիան, որոշումը կայացնում էր դատարանը։ Համառ լուրեր կային, որ այդ գործընթացը հստակ «կանոնակարգված» է․ հայտնի էր, թե դատապարտյալներն ինչքան են վճարում վաղաժամկետ ազատման համար։ Մեր իշխանությունն ինչ-որ պահի որոշեց, որ կոռուպցիոն այդ շղթան պետք է կտրի ,եւ գնաց ոչ թե գործընթացը մաքրելու, վերահսկելու ճանապարհով, այլ կոռուպցիոն շղթան այլ կառույցի տակ տեղափոխելու։ Ստեղծվեցին վաղաժամկետ ազատման հանձնաժողովներ, որոնց մեջ ներգրավվեցին հիմնականում ուժային կառույցների եւ հատկապես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Եվ ի՞նչ․ կոռուպցիան, անշուշտ, նվազեց, բայց գները բարձրացան, եւ մարդկանց տառապանքներն ավելացան․ երեկ հրապարակվեց, որ այս տարի վաղաժամկետ ազատվել է դատապարտյալների ընդամենը 3․5 տոկոսը։ Մերժումները չեն բացատրվում։ 2015-ին  9 ամսվա ընթացքում լսվել է 3․460 պայմանական վաղաժամկետ ազատման հարց, որից 486-ի վերաբերյալ է միայն ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը որոշում կայացրել՝ միջնորդագիր ներկայացնել «անկախ» հանձնաժողովին: Ներկայացվածներից մի մասն էլ մերժում է ստացել։ Ի՞նչն է այս դաժանության բուն պատճառը։ Ոմանք կարծում են, որ յուրաքանչյուր դատապարտյալ այս մարդկանց համար եկամտի աղբյուր է, եւ դրանց կրճատումն իրենց շահերից չի բխում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս