Հայաստանում դատավորները վատ չեն ապրում: Ճիշտ է, ստացվել է այնպես, որ նախաքննական մարմինները՝ ոստիկանությունն ու դատախազությունը, ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքն ու դատավորներին շատ քիչ «եկամուտ» թողել, բայց դա չի նշանակում, թե դատավորները ճգնավորի կյանք են վարում եւ ապրում աղքատության մեջ կամ էլ իրենց ստացած «համեստ» աշխատավարձերով:
Վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը, օրինակ, դժգոհելու որեւէ առիթ չունի. 2008թ. առանձին շենք-շինություն է ձեռք բերել` չնայած ապրում է բավական ընդարձակ բնակարանում, ամեն ինչով ապահովված է: Ժամանակին ընդունվեց որոշում այն մասին, որ դատավորների աշխատավարձերը բարձրացնեն, որպեսզի կաշառք չվերցնեն: Երեւի չեն վերցնում, բայց շարունակում են ավելին ծախսել, քան ստանում են: Կ. Բաղդասարյանը՝ նույնպես: Նա այսօր դատական համակարգում աշխատող այն եզակիներից է, որը ծնունդով երեւանցի է:
Ավարտել է դպրոցը, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, հետո գնացել է Գագարին ավան ու դարձել լուսապակու գործարանի իրավաբան: Մի քանի ամիս աշխատելուց հետո 1983թ. մինչեւ 1985թ. եղել է Հայկոոպի Սեւանի միջշրջանային առեւտրի բազայի ավագ իրավաբան: Սա յուրատեսակ առաջխաղացում էր. այդ տարիներին առեւտրական բազաները եկամտաբեր աղբյուրներ էին` չնայած չենք կարծում, թե իրավաբանին այստեղ «լավ նայեին». սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող համակարգ էր, ուր ամեն ինչ պատկանում էր բազաների տնօրեններին ու պահեստապետերին… Երեւի հենց սրանից էլ վիրավորված՝ նա թողել է իրավաբանական գործունեությունն ու աշխատանքի անցել Սեւանի գործադիր կոմիտեում` որպես շրջանային ԶԱԳՍ-ի վարիչ: Աշխատել է ուղիղ 11 տարի, հետո նշանակվել նույն ծառայության Սեւանի տարածաշրջանային բաժնի պետ: Հետագայում տեղափոխվել է Գեղարքունիքի ՔԿԱԳ բաժին եւ աշխատել բաժնի վարիչի տեղակալ: Իսկ 2001-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի, ամիսներ անց` ՀՀ տնտեսական դատարանի դատավոր: 2009թ. փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Չափազանց կարճ ժամանակամիջոցում նման «թռիչքները» պիտի հուշեին այն մասին, որ, երեւի, դատական համակարգում իրենց վատ էին զգացել, որ այս դատավոր ծնված անձնավորությանը տեւական ժամանակ պահել էին ԶԱԳՍ-երում… Աշխատելով դատական համակարգում` նա ձգտեց հեռու մնալ աղմկալի պատմություններից, նրա անունը քիչ կապվեց տարբեր պատմությունների հետ, սակայն, որքան էլ զգուշավոր, չկարողացավ խույս տալ «պատահականություններից»: Տիկին Կարինեն իր որդուն՝ Հրաչյա Անտոնյանին, տեղավորեց վարչական դատարանի գրասենյակում, ապահովեց որոշակի աշխատանքով, բայց 2011թ. դեկտեմբերի սկզբին լուրեր տարածվեցին, որ դեկտեմբերի 4-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող «Օրսետտո» ռեստորանում օդամղիչ զենքից վիրավորվել է 23-ամյա Հ. Անտոնյանը… Դատավոր մայրն ամեն ինչ արեց, որ այս պատմությունը փակվի, ու այդպես էլ եղավ: Նշենք, որ դատավորի որդին իսկապես պատահականորեն էր հայտնվել վիճաբանությունների կիզակետում, փորձել էր հաշտեցնել մարդկանց, սակայն իր վրա եւս կրակել էին: Երեւի դա էր պատճառը, որ դատավոր մայրը թույլ չէր տվել որդուն դիմել բժշկի…
Սակայն այս` միանգամայն անմեղ պատմության կողքին էլ հառնում է մի որոշում, որը երկար ժամանակ ծիծաղով էին ընդունում համակարգում՝ համարելով այն մեծագույն զավեշտ: Կ. Բաղդասարյանը վճռել էր վարչական դատարան կոլեկտիվ հայց ներկայացրած 26 բնակիչներից բռնագանձել 40.600 դոլարին համարժեք դրամ՝ հօգուտ տխրահռչակ «Լիբեր» շինկազմակերպություն ՍՊԸ-ի: Հիշատակենք մամուլի հրապարակումը. 2011թ. օգոստոսին նա ոչ միայն վարույթ էր ընդունել բնակիչների հայցն ընդդեմ նախորդ քաղաքապետեր Երվանդ Զախարյանի եւ Գագիկ Բեգլարյանի կողմից «Լիբեր»-ին տրված՝ Կոմիտասի 5 հասցեում 477 քառակուսի մետր տարածքի ապօրինի մասնավորեցման մասին որոշման եւ բարձրահարկ բազմաբնակարան շենքի ու էլեկտրաքարշի նոր ենթակայանի կառուցման շինթույլտվության, այլեւ արգելանք էր դրել շինարարական այդ աշխատանքների վրա մինչեւ գործի քննության ավարտը: Վճռաբեկ դատարանը հաստատել էր, որ բնակիչների հայցը ենթակա է քննության, նաեւ ուժի մեջ էր թողել վարչական դատարանի որոշմամբ շինարարության իրականացման արգելանքը՝ բնակիչների փաստարկները համարելով հիմնավոր: «Լիբեր»-ը պնդել էր, որ բնակիչների հայցի հիման վրա շինարարական աշխատանքների արգելանքի կիրառումն իրեն 40.600 դոլարի վնաս է պատճառել, քանի որ նա դեռ 2011թ. մարտին վարկ է վերցրել եւ վճարում է դրա տոկոսները: Այդ հիմքով ընկերությունը պահանջում է վնասը (վարկի տոկոսները) գանձել բնակիչներից: Սակայն իր այդ պահանջի մեջ «Լիբեր»-ն անգամ մեկ հիմնավոր ապացույց չի ներկայացրել այդ վարկի եւ Կոմիտասի 5 հասցեում կատարվելիք շինարարության միջեւ առնչության վերաբերյալ. չէ՞ որ «Լիբեր»-ը` որպես շինկազմակերպություն, վարկային այդ պայմանագիրը կարող էր կնքած լինել բոլորովին այլ շինարարության նպատակով: Եվ ահա, 18.07.2012թ. դատավոր Կարինե Բաղդասարյանը բավարարել է «Լիբեր»-ի այդ միջնորդությունն այն դեպքում, երբ այդ շինարարության արգելքի որոշումը կայացրել է հենց ինքը, եւ որը հաստատել է ՀՀ վճռաբեկ դատարանը… Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են…
Ահա ովքեր են իրականացնում արդարադատություն եւ ինչպես…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ