ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի 8-ամյա բնակչուհու՝ Անուշիկի մահը ցնցել է ոչ միայն հարազատներին, այլեւ համագյուղացիներին: Նախնական տվյալներով՝ աղջկա մահվան պատճառը գրիպի H1N1 տեսակն է: Այս պահին նույն համայնքի առողջապահական կենտրոնի հիվանդասենյակները լեցուն են թոքաբորբով, սուր շնչառական վարակներով եւ գրիպով հիվանդ մարդկանցով: Սակայն, Արծվաբերդի առողջապահական կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանի խոսքով, վիճակը վերահսկելի է:
Հիշեցնենք, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Արծվաբերդից 8-ամյա Անուշը եւ 12-ամյա Գեւորգը բարձր ջերմությամբ տեղափոխվել էին Բերդի բժշկական կենտրոն: Սակայն աղջիկը ճանապարհին շնչահեղձ էր եղել եւ մահացել, իսկ եղբայրը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Հավելենք, որ Գեւորգի մոտ հաստատվել է գրիպի H1N1 տեսակը: Հիմա նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Իսկ Անուշի դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ հայտնի չէ:
Մահացած աղջկա ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Հայրը քաղաքացիական հաստիքով աշխատում է զորամասում եւ ստանում 50-60 հազար դրամ աշխատավարձ, մայրը տառապում է կրծքի քաղցկեղով: Անուշիկի մահը ցնցել է բոլորին:
«Վատ պայմաններում են ապրում… Չնայած բոլորս էլ էդ վիճակում ենք. հող ենք մշակում, կարտոֆիլ, եգիպտացորեն, լոբի ենք ցանում, անասուն ենք պահում, հավ, ձու… Գյուղի կյանք ա, էլի՛, չգիտե՞ս, քաղաքում լրիվ առնում են, բայց մենք փիփերթով յոլա ենք գնում»,-ներկայացրեց տիկին Արմենուհին, որը լավ ծանոթ է Անուշիկի ընտանիքին:
Նրա պատմելով՝ այս դեպքից հետո գյուղի բնակիչները սկսել են զգոնանալ եւ անմիջապես դիմել բժշկի: «H1N1 էր, թոքաբորբ էր, թե ծնողի անուշադրությունն էր, չգիտեմ: Սկզբում ջերմել է, մտածել են՝ կանցնի, ջերմությունն իջեցնող են տվել, ջերմությունն իջել է: Էրեխեն խնձոր է կերել, ծնողներն ասել են՝ ուրեմն լավ ա, բայց գիշերը միանգամից ջերմությունը բարձրացել է, տարել են հիվանդանոց, ճանապարհին… էրեխեն չի դիմացել: Մինչեւ էս դեպքը մարդիկ իրենց էրեխեքին տաքությունով չէին տանում հիվանդանոց: Մեկը ես. չորս երեխա ունեմ, բացի պատվաստումից, ես իմ երեխաներին հիվանդանոց չեմ տարել: Տանը տաքության դեմ բուժում եմ կատարել, բայց չեմ տարել: Աստված չանի, իհարկե, բայց հիմա, եթե ջերմություն ունենան, անպայման կդիմեմ բժշկի»,-մտահոգված նշեց մեր զրուցակիցը:
Տիկին Արմենուհին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դպրոցի աշակերտներին մեկ շաբաթ արձակուրդ են տվել, բացի այդ, մեկ շաբաթ էլ են ավելացրել: Նրա խոսքով՝ Արծվաբերդի առողջապահական կենտրոնն այս օրերին լեփ-լեցուն է գրիպով, սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբով հիվանդներով. «Հիվանդանոցի լույսերը վառվում են, հենա պատուհանից նայում եմ ու մտածում՝ էս հիվանդանոցի լույսերը նույնիսկ տարիներ առաջ այսպես չէին վառվել: Էն ժամանակ մի երեխա ջերմություն էր ունենում, կոմպրես էինք անում, ջերմությունն իջեցնող էինք տալիս, թեյ, բայց հիմա փոխվեց ամեն ինչ: Հիվանդանոցի սենյակները լիքն են, մարդիկ վախեցած են»:
Համագյուղացիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ Անուշիկը երկար ժամանակ հաճախել է պարի խմբակ, համեստ, խելացի երեխա է եղել, դպրոցում գերազանց սովորել:
«Դասղեկն աշակերտներին ոգեւորելու համար հայտարարել էր, թե ով հիսուն հատ 10 գնահատական ստանա, նրան մրցանակ կտա: Անուշիկն էլ ստացել էր, բայց չէր հասցրել վերցնել իր մրցանակը: Էրեխու թաղմանը դասղեկը մի սիրուն տիկնիկ բերեց ու ասաց, որ իր մրցանակն է: Բոլորս փշաքաղվեցինք: Անուշիկին սպիտակ շորեր էին հագցրել, թագ էին դրել գլխին, իսկ տիկնիկն էլ դրել կողքը: Մրցանակը տարավ իր հետ»,-լացը հազիվ զսպելով՝ նկարագրեց Արմենուհին:
Արծվաբերդի առողջապահական կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Դուրս են գրվում, նրանց փոխարինում են նոր դիմողները: Հիվանդասենյակները լցված են գրիպով հիվանդներով»: Ըստ նրա՝ Անուշիկը մահից երեք օր առաջ՝ ֆիզկուլտուրայի դասաժամին, իրեն լավ է զգացել: Իսկ նախկինում առողջական խնդիրներ երբեւէ չի ունեցել:
«Ըստ մոր տվյալների՝ երեխաներն իր հետ գնացել են Երեւան՝ բարեկամի տուն: Այդ բարեկամի երեխաներից գրիպով են վարակվել: Վարակը գնացել հասել է դպրոց, դպրոցից տուն եւ այդպես շարունակ: Աղբյուրը դա է: Աղջկա օրգանիզմի դիմադրողականությունն էլ ցածր է եղել, դրա համար էլ այդպես ստացվեց: Մարդ կա՝ յոթերորդ օրն է հիվանդանում, մարդ կա՝ երրորդ կամ չորրորդ օրը»,-բացատրեց Դալլաքյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ