ՍԹԱՓՎԵ՛Ք ԵՎ ԲԱՆԱԿՆ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՊԱՀԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մամուլը բազմիցս անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մարտական դիրքերից եւ մասնավորապես ռազմական գործողությունների վերաբերյալ լրատվության հաղորդման հետ կապված խնդիրներին: Լրատվամիջոցները պարբերաբար արձանագրել են, որ սահմանին եւ մասնավորապես դիրքերում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական լրատվությունը, մեղմ ասած, «երկու ոտքից կաղում է», չկա համակարգված աշխատանք ՊՆ-ում: Իսկ այն հանգամանքը, որ այդ լրահոսի հիմնական մասը ոչ պաշտոնական խողովակներով է մատուցվում, պետական մակարդակով արկածախնդրություն է:
«Ժողովուրդ»-ը օրերս հանրությանն էր ներկայացրել ռազմական լրահոսի հիմնական խողովակներից մեկի` մի «շարքայինի» կենսագրությունից որոշ դրվագներ (տվյալ անձի անունը մեր թերթում տպագրելը նրա համար այլեւս մեծ պատիվ կլինի): Այն, որ նախկինում ԱՄՆ-ում դատապարտված անձը մեր փաստարկված հրապարակմանը պատասխանեց՝ համացանցում հայհոյանքներ գրելով, եւս մեկ անգամ ապացուցեց մեր կողմից բարձրացված խնդրի կարեւորությունը: Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ ինչ-որ մարդիկ դիրքերից լրահոս են ապահովում, ի վիճակի չեն հաշվի նստել իրականության հետ, լսել ճշմարտությունը: Ավելին՝ պատրաստ են հարձակվել ու կծոտել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն իրենց «բիզնեսը» պետության համար վտանգավոր համարել: Սա եւս մեկ ապացույց է, որ գործ ունենք հոգեպես անհավասարակշիռ անձնավորության հետ: ՀՀ ՊՆ-ի պատասխանատուները եւ հատկապես նախարար Սեյրան Օհանյանը երբեւէ մտածե՞լ են, թե այդ անձն ինչեր կարող է անել, եթե մի օր իրենք որոշեն նրա «ծառայություններից» հրաժարվել: Բաքվում ապաստան խնդրած նոր Վահան Մարտիրոսյա՞ն են «բուծում»:
Բայց այստեղ կա նաեւ մեկ այլ կարեւորագույն խնդիր. եթե տվյալ անձի մղումներն ինչ-որ տեղ հասկանալի են, նա ռազմական լրահոսն իր համար «բիզնես» է դարձրել եւ հավակնում է իրեն նաեւ «զորավար» հռչակել, անհասկանալի է, թե այս ամենի մեջ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը եւ նրա ենթականերն ի՞նչ շահագրգռվածություն ունեն. արդյո՞ք այն գումարային արտահայտություն ունի՝ որոշակի մասնաբաժնի տեսքով: Թերեւս այս հարցով պետք է զբաղվի ՀՀ ԱԱԾ-ն ու զինված ուժերի հակահետախուզությունը: Հիվանդ ու անհավասարակշիռ մարդիկ պետք է հայոց բանակից հեռու լինեն:

 

 

 
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու ՀՀԿ-ն չի համաձայնում, որ հանրաքվեի օրը նույնականացման քարտով քվեարկողների մատները թանաքոտվեն: Այս առնչությամբ ԱԺ նախագահի պարզաբանումները բոլոր սպասումներից վեր էր. «Լեւոն Զուրաբյանին մի՛ լսեք, որ ինքն ասում է, թե 5 խմբակցություն համամիտ է, որովհետեւ ինքը հիմա թանաքի քաղաքական մեկնաբանն է դարձել: Ես չեմ կարծում, որ ձեր ամուսինը թողնի, որպեսզի դուք թանաքոտեք ձեր մատը, ու այնտեղ մի տղամարդ ձեր ձեռքը բռնի, տեսնի՝ թանաքը կա, թե չկա… հարկերը կարելի է բարձրացնել-իջեցնել, բայց մարդու մարմինն իրենն է, իր սեփականությունն է, այդտեղ պետությունը որեւէ անելիք չունի»,- պարզաբանեց Սահակյանը: Այսինքն՝ պարզվում է՝ ՀՀԿ-ականները Հայաստանի ընտանիքներում խանդի տեսարաններ չառաջացնելու համար չեն ցանկանում, որ ընտրողների մատները թանաքոտվեն: Իսկ մարդիկ մտածում են՝ ՀՀԿ-ում հանուն իրենց ընտրակեղծարարության են թանաքի դեմ պայքարում:

 

 

 

 
Մեծամասնական ընտրակարգով ընտրված մանդատ ստացած պատգամավորների գերակշիռ մասը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով նախօրեին հավաքվել է ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակում: Օլիգարխ-պատգամավորներին, որոնց մի մասը ՀՀԿ-ն է ներկայացնում, իսկ մյուս մասը` ԲՀԿ, կամ էլ իբր թե անկախ են, «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը հասկացրել է, որ «անկախ» ԲՀԿ-ականների հետագա ճակատագիրը կախված է այն բանից, թե նրանք ինչ արդյունքներ կապահովեն դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Պատգամավորներին հանձնարարվել է, որ յուրաքանչյուրն իր ընտրատարածքի մարզպետի (Երեւանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի) հետ համաձայնեցնի, թե ինքը որ տեղամասերի արդյունքների համար է պատասխանատվություն կրում: Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ուղղակի ասել է, որ ինքն ըստ այդ «բաժանման» է պատգամավորներից հանրաքվեի արդյունքների հետ կապված հաշիվ պահանջելու:

 

 

 
ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը: Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը եւս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն է տնօրինում: Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաեւ արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները եւս, ի վերջո, հայտնվում են նշված «ընտրյալների» գրպաններում: Հենց այս փաստն է պատճառը, որ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ է լինում: Հայաստանում ոչ մի տնտեսվարող այսօր չի կարող զարգանալ, եթե ուղղակի կամ անուղղակի կապված չէ նշված մեկ տոկոսի սեփականատերերի հետ: Սակայն իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ներկա իշխանությունների պայմաններում ոչ էլ նշմարվում են, քանի որ իշխանություն ասվածը` անձերի տեսքով, հենց նույն այդ մեկ տոկոսի սեփականատերերն են:

 

 

 
ՈՂՋՈՒՆԵԼԻ

Նախօրեին՝ երեկոյան, ԱՄՆ կոնգրեսի 85 անդամներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ սահմանային բախումների կանխման վերաբերյալ միասնական նամակ են հղել: Այդ նամակի նախաձեռնողները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելն են, որոնք դեռ սեպտեմբերյան լարվածության օրերին հանդես եկան հայտարարությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկելով, իրենց իսկ բնորոշմամբ, մի քանի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հետագա բռնությունները: Մասնավորապես, կոնգրեսականները կոչ էին արել կողմերին հետ քաշել դիպուկահարներին, առաջարկել ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել եւ նրանց տրամադրել կրակորսիչ համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը յուրաքանչյուր միջսահմանային խախտման համար:
Եվ, ահա, մեկ ամսից էլ քիչ ժամկետում երկու կոնգրեսականների այս նամակին միացել են ԱՄՆ կոնգրեսի եւս 83 անդամ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, որոնք, փաստորեն, իրենց նամակում արձանագրում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր միջնորդական անաչառ աշխատանքում թերանում է: Նամակում, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի վաղեմի սովորությունը արձագանքելու յուրաքանչյուր նոր հարձակմանը բոլոր կողմերին բռնությունից զերծ մնալու ընդհանրական կոչով չկարողացավ մեղմել իրավիճակը: Փոխարենն այդ արհեստական անկողմնակալության քաղաքականությունը վտանգավոր կերպով ավելի է սրել լարվածությունը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինի»:
Ասել, որ կոնգրեսականների այս հանդիմանությունը` ուղղված ԵԱՀԿ համանախագահներին, տեղին է, նշանակում է ոչինչ չասել: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչու է հենց հիմա ԱՄՆ կոնգրեսը որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ, եւ այդ տեսքով համանախագահների վրա ճնշում գործադրելու փորձն ինչ արդյունք կարող է ունենալ:
Նախօրեին, երբ Մինսկի խմբի համանախագահները շփման գիծը հատելով` անցնում էին Ադրբեջան, իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ ասել է հրադադարի ռեժիմի պահպանումը ադրբեջանական ընկալմամբ եւ դրան հետեւած համանախագահների հայտարարությունը, որը տարակուսելիորեն կրկին ուղղված էր կողմերին, այլ ոչ թե անմիջականորեն իրենց ուղղությամբ կրակող ազերիներին (ինչում համոզվելու հնարավորություն նրանք դժվար թե ունեցած չլինեին), ցույց է տալիս, որ կողմերի միջեւ հավասարություն դնելու հարցում առնվազն համանախագահող երկու երկրներում` Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, խնդիր չեն տեսնում:
Բարեբախտաբար կարծես թե ԱՄՆ-ում այս հարցում մոտեցումը փոփոխվում է, եւ այս նամակը նաեւ դրա դրսեւորումն է, որը կոչված է դեսպան Ուորլիքի դիրքերի ամրապնդմանն այս հարցում: Իսկ թե որքանով այս նախաձեռնությունն արդյունավետ կլինի, եւ որքանով դրա հեղինակները հետեւողական կգտնվեն, ցույց կտա ժամանակը:




Լրահոս