ՆՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հայտարարել է, թե «Մենք հանդիպել ենք նախագահ Ալիեւի, ինչպես նաեւ նախագահ Սարգսյանի հետ: Երկուսն էլ ցանկություն են հայտնել հանդիպել մինչ ընթացիկ տարվա ավարտը»: Համանախագահը նշել է նաեւ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար. «Մենք պետք է հասնենք խաղաղության մեր ապագա սերունդների համար, խաղաղությունն օգուտ կբերի երկու ժողովուրդներին էլ: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է շփվեն՝ միմյանց ճանաչելու համար»:

«Նախագահները պետք է քննարկեն, թե ինչպես է հնարավոր հանգել հակամարտության համապարփակ կարգավորման: Ներկայիս իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ կար դեռ 2 տարի առաջ: Առաջին անգամ մենք ականատես եղանք շփման գծում ծանր հրետանու կիրառման: Ցավոք, դրա հետեւանքով մահանում են քաղաքացիական անձինք: Անհրաժեշտ եմ համարում նախագահների կողմից լարվածության աճի հարցի քննարկումը: Մենք պետք է նաեւ քննարկենք ժողովուրդների միջեւ վստահության միջոցառումների ամրապնդման, համայնքների միջեւ երկխոսության հաստատման հարցը»,- նշել Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը խոսել է նաեւ օրերս մոնիթորինգի ժամանակ հնչած կրակոցներից. «Ես զորքերի շփման գծում ականատես եղա մեծ սպառնալիքի ու տեսա, թե դա որքան սարսափելի է: Մենք անվտանգ վայրում էինք, սակայն մոնիթորինգ անցկացնող դաշտային հրամանատարները բաց տեղանքում էին՝ կրակի տակ»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչ է տալու Ալիեւ-Սարգսյան հանդիպումը, եթե այն կայանա:
-Հանդիպումը միշտ պետք է, ավելի լավ է հանդիպել, քան թե սրվի իրավիճակը սահմանի վրա: Հանդիպումների ժամանակ գոնե ինչ-որ հնարավորություններ ստեղծվում են բացի զենքի կիրառման միջոցից ուրիշ կերպ էլ հարաբերվել, որովհետեւ, ըստ էության, մինչեւ հիմա պատերազմական իրավիճակ է: Հիմա ցանկացած պատերազմ էլ, ի վերջո, բանակցությունների միջոցով է ավարտվում, ու ճիշտ է, որ այդ բանակցությունները ինչ-որ ձեւաչափով անպայման լինեն: Այդ հանդիպումները միշտ օգտակար են, պարզապես խնդիրն այն է, որ նույն Մինսկի խմբի համանախագահները հետեւողական գտնվեն այն հայտարարության իրացման ուղղությամբ, որը եղավ Նյու Յորքում: Այս անգամ հասցեավորված ասվեց, որ Ադրբեջանն է խուսափում այդ մեխանիզմների ներդրման առումով, որպեսզի վերահսկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Սա պետք է գլխավոր հարցը դառնա, որովհետեւ այսօր հրատապ լուծման խնդիրը հենց դա է: Ցանկացած հարցի լուծման դեպքում, եթե նայում ենք փաստերը, փաստաթղթերը, անգամ ադրբեջանցիների սիրած ՄԱԿ-ի բանաձեւերը, առաջին պահանջն այն է, որ դադարեցնեն զինված, ռազմական գործողությունները: Հիմա պետք է լուծվի հենց այդ խնդիրը, ըստ էության, այժմ ռազմական գործողությունների հարցը գլխավոր տեղում է:
-Նմանատիպ հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ մինսկի խմբի հայտարարություններում մշտապես նշվում է, որ պետք է դադարեցվեն կրակոցները, ուժի կիրառումը, սակայն այդ հայտարարությունների իրական հասցեատերը` Ադրբեջանը, այդ ամենին այդպես էլ ականջալուր չի լինում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է այս անգամ Ադրբեջանը «հնազանդվի», ի՞նչ է պետք անել` հակառակորդին սանձելու համար:
-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ամբողջովին տիրապետում է մեր արսենալին, դիվանագիտական իրավիճակին, քանի որ թիվ մեկ բանակցողն ինքն է: Ես վստահ եմ, որ շատ ասելիք կա, ու այդ ասելիքը մենք շատ հաճախ լսում ենք տարբեր ամբիոններից, որն, իհարկե, ջղաձիգ վիճակ է առաջացնում Ադրբեջանում: Բայց ամեն դեպքում ես վստահ եմ, որ այդ հանդիպումների ժամանակ պետք է իսկապես բոլոր պահանջներից վեր, առաջնահերթ խնդիր դիտվի ուժի կիրառումը բացառելու հարցը, ու մեր հիմնական պահանջն այն է, որ ուղղակի պետք է նոր հրադադարի պայմանագիր ստորագրվի բոլոր կողմերի մասնակցությամբ: Այսինքն՝ նույն Բիշքեքյան համաձայնագիրը, որը եղել է ժամանակին, դրա հիման վրա է զինադադարը հաստատվել՝ պակտ չհարձակվելու մասին, այդ չհարձակվելու վերաբերյալ պահանջը պետք է դնեն հենց միջնորդ կողմերը: Թող ասեն, որ եթե դուք չեք համաձայնում, որ ստորագրեք պակտ չհարձակվելու մասին, ուրմեն դուք պատրաստվում եք հարձակվել, այդտեղից էլ պարզ է դառնում, թե ով է խախտում հրադադարը: Շատ պարզ, քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներ կան այն առումով, որ իրերը պետք է կոչվեն իրենց անունով: Այդ առումով կարծում եմ՝ այս պահին լուրջ անելիք կա, որովհետեւ սա թիվ մեկ հարցն է, սա, ըստ էության, պատերազմի նոր ձեւ է, որը ԼՂՀ-ի ու Հայաստանի նկատմամբ կիրառում է Ադրբեջանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԽՆԴԻՐ Է ԱՌԱՋԱՑԵԼ

Երեկ ՀՀ Ազգային ժողովում շարունակվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումը, ինչից հետո այն քվեարկության դրվեց եւ 81 կողմ, 16 դեմ, 14 ձեռնպահ ձայներով ընդունվեց: Նախքան նախագծի ընդունումը, մի շարք պատգամավորներ հանդես եկան տարաբնույթ ելույթներով՝ արտահայտելով իրենց տեսակետը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նույնականացման քարտերով քաղաքացիների մասնակցության վերաբերյալ:

Ինչպես միշտ, այս անգամ եւս քննարկումն առանց բանավեճի չանցավ: Իրավճակը թեժացավ այն ժամանակ, երբ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նախօրեին ունեցած ելույթին, նշեց. «Նա բաներ է ասել, որ բացարձակ կապ չունեն այս սահմանադրական փոփոխությունների հետ»: Ի պատասխան Մինասյանի՝ Բագրատյանն ասաց. «Ի՞նչ եք Ձեր վրա վերցնում, պարո՛ն Մինասյան: Հրապարակավ մի՛ հրավիրի ինձ բանավեճի, մոտեցի, առանձին հրավիրի: Ես ուզում եմ բանավեճի գնալ Սահմանադրության նախագծի հեղինակների հետ: Քո հետ հենց հիմա դուրս գանք, բանավիճենք: 80 տարի առաջ հանրապետությունից բան չթողեցիք, արա՛: Սենց բաներ մի՛ արեք, մանավանդ Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, իյա»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, փորձելով հանդարտեցնել լարված իրավիճակը, պատգամավորներին հորդորեց նույնականացման քարտի համար չվիճել. «Ես խնդրում եմ ավելի պատշաճ, նույնականացման քարտի համար մի՛ վիճեք»:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկումը ընդհատված հարցի շուրջ: Ելույթով հանդես եկած ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ուսումնասիրել է Արաբկիրի եւ Շենգավիթի տեղամասերի նոր ընտրացուցակները եւ պարզել, որ ընտրողների թիվը 3 հազարով ավելացել է: Նա նաեւ նշեց, որ մարդկանց անուն, ազգանուների կրկնությունները ընտրացուցակներում կազմում են 20 տոկոս: «Հովհաննիսյան Գայան 38 անգամ կրկնվում է, Հարությունյան Անահիտ 37 անգամ կրկնվում է, Գրիգորյան Արմեն 36 անգամ կրկնվում է, ու սա ընդամենը մեկ ընտրատեղամասում»,-շեշտեցՀԱԿ խմբակցության քարտուղարը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պնդմամբ էլ հանրաքվեին նույնականացման քարտերով քաղաքացիների մասնակցությունը ցույց է տալիս, որ «վերջին բոլշեւիկի» խմբավորման մեջ ընտրակեղծարարության գործիքները համալրելու խնդիր է առաջացել: «Հանրապետական կուսակցությունը, շարունակելով բոլշեւիզմի ավանդույթները, մերժում է ժողովրդի ընտրելու իրավունքը եւ հավասար, արդար, թափանցիկ պայմաններում ընտրությունների միջոցով իշխանավորներ փոխելու ժողովրդավարության հիմնարար սկզբունքը»,-իր խոսքում նշեց Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ նույնականացման քարտերն անձնագրին փոխարինող փաստաթղթեր են համարվում, որոնց վրա, սակայն, հնարավոր չէ դրոշմակնիք դնել: Ստացվում է, որ անձը հաստատող փաստաթղթին փոխարինող քարտերը լայն հնարավորություն կարող են ընձեռել ընտրակեղծիքների համար, ինչի հնարավորությունը, սակայն, իշխանությունները շարունակում են համառորեն բացառել:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի՝ օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵՑ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակիչների գործով կարծես թե դրական տեղաշարժ կա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 26-ին շինարարության թույլտվություն է տվել «Աշոտշին» ընկերությանը: Այս ընկերությունը շինաշխատանքները կիրականացնի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի հ 46/4 անավարտ բազմաբնակարան բնակելի շենքում: «Տոնուս»-ից տուժած բնակարանատերերը «Արցախբանկ»-ի հետ կնքած համաձայնագրի հիման վրա պարտավոր են շինարարական կազմակերպության հետ կնքել նախնական պայմանագրեր, որոնց ստորագրման պահից ամենաուշը 9 ամիս հետո շինարարությունը պետք է ավարտված լինի:

 

ԿԸՀ ԱՆԴԱՄԻՑ ԴԱՏԱՎՈՐ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 19.5 մլն դրամ, 89.5 հազար դոլար եւ 20.5 հազար եվրո: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 450 հազար դրամ: Դատավորը 2013 թվականին գնել է 57.5 մլն դրամ արժողությամբ բնակարան: Սեդրակյանի կնոջ՝ Լեյլա Խեչումյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 15 հազար դոլար, 9.5 հազար եվրո եւ 4.5 մլն դրամ: Վերջինիս ամսական աշխատավարձը կազմում է 190 հազար դրամ: Սեդրակյանի կենսագրությունը ուսումնասիրելիս այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչի շնորհիվ է նա կարողացել նման կարողություն կուտակել, քանի որ իր կենսագրության ողջ ընթացքում նա եղել է պետական կառույցի աշխատակից: 2006-ից 2007թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը: Սակայն նրա առաջխաղացման հիմնական խթանը թերեւս կարող ենք համարել ԿԸՀ անդամի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2007-ից 2011 թվականներին: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ հենց ԿԸՀ անդամության շնորհիվ է Սեդրակյանը կարողացել նման կարողություն կուտակել եւ դատավոր դառնալ:

 

ՆԵՐՈՒՄ Է
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կողմից իրեն քննադատելուն, ասաց, որ ներում է նրան. «Ես ներում եմ Ֆարմանյանին: Ես բարկացած եմ նրա անմիջական ղեկավարի վրա: Հուսով եմ՝ նրա ղեկավարը սխալ ուղու վրա չի դնի Ֆարմանյանին»: Անդրեասյանը նաեւ ասաց, որ գիտի, թե ով է պատվիրատուն, սակայն անուններ հրաժարվեց տալ. «Ես չեմ հնչեցնի նրա անունը: Նպատակահարմար չեմ համարում»: Իսկ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանի եւ նրա եղբոր՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի լարված հարաբերությունների ու Սամվել Ֆարմանյանի պահվածքի կապի առնչությամբ Անդրեասյանն ասաց, որ կոռեկտ չի համարում եղբայրների հարաբերությունների մեջ մտնելը եւ հրաժարվեց այդ առնչությամբ որեւէ մեկնաբանություն տալ:




Լրահոս