ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններում ստուգումներ են անցկացրել: Վեցում դրանք ավարտվել են, եւ էական խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես հայտնի է՝ ստուգումները սկսվել էին այս տարվա փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտնի ելույթից հետո, որով նա այն ժամանակ դեռ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել էր «չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու» մեջ: Լրագրողները Խաչատրյանից հետաքրքրվել են նաեւ, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը սուտ է խոսել, ինչին նախարարը պատասխանել է. «Բայց Սերժ Սարգսյանը չէր արձանագրել, որ խախտումներ են եղել, ասել էր՝ պետք է ստուգել: Ստուգեցինք, տեսանք, որ էական խախտումներ չկան, ինչ եք ուզում»: Ուզում ենք, որ քաղաքական գործիչները եւ առաջին հերթին պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները հայտարարություններ հնչեցնելիս իրենց հաշիվ տան, ու երբ պարզվում է, որ նրանց ասածները չհիմնավորված են եղել, բարի լինեն հանրությունից ներողություն խնդրել չհիմնավորված հայտարարություններ անելու համար: Հակառակ դեպքում կստացվի, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաեւ լրագրողները, ինչպես Սերժ Սարգսյանը, կարող են ուզածդ մարդուն ինչում ցանկանան, մեղադրեն: Օրինակ՝ կարող են հայտարարել, որ «շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պետական բյուջեի կեսը գրպանում է»: Իսկ դրանից հետո թե պետական կառույցները ինչ «ոչ էական խախտումներ» կհայտնաբերեն, էական էլ չէ:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը: Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դա անցկացվի, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է դատարանի թույլտվության հիման վրա: Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք հետաքրքրվում են միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով, իսկ թե Հեղինե Բիշարյանը որ հանցատեսակի մեջ է իրեն տեսնում, ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չի գաղտնազերծում:
Այս տարվա մայիսի 21-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսավ մի հրապարակում, որն ամփոփում էր համացանցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հասցեին հնչեցված մեղադրական ակնարկները: Մասնավորապես ակնարկվում էր, որ Ռ. Խաչատրյանը կապ է ունեցել ինչ-որ վթարի պատմության հետ: Նախարարը տիկնոջ հետ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` հրապարակման հեղինակներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Դատախազությունից նյութերն ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն: «Ժողովուրդ»-ը ոստիկանությունից փորձեց պարզել այդ դիմումի ճակատագիրը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան՝ ասացին. «Հրապարակումների ուսումնասիրությամբ դրանցում հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ՔՕ-ում վիրավորանք եւ զրպարտություն արարքները 2010թ. ապաքրեականացվել են ու նախատեսվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ուստի թողնվել է անհետեւանք»: Այսպիսով՝ դեռեւս անհայտ է մնում, թե որքանով էին իրական հրապարակված լուրերը:
Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի խանութների միջոցով իրականացված առեւտրի 76 տոկոսն իրականացրել են սուպերմարկետները: Խանութներում անցած 9 ամիսներին իրականացվել է 670 մլրդ 543 մլն դրամի առեւտուր, որից ավելի քան 12 հազար փոքր խանութներին բաժին է հասնում միայն 161 մլրդ 760 մլն դրամը: Ընդհանուր առեւտրի ավելի քան 85 տոկոսն իրականացվել է Երեւանում: Մայրաքաղաքում ինն ամսում իրականացվել է 573 մլրդ 903 մլն դրամի առեւտուր: Իսկ 10 մարզերում իրականացված առեւտուրը կազմել է ընդամենը 96 մլրդ 640 մլն դրամ: Այսինքն՝ Հայաստանի ողջ կարողությունը կենտրոնացված է մեկ բնակավայրում` Երեւանում: Իսկ մարզերը թաղված են աղքատության մեջ: Օրինակ՝ Սյունիքի մարզում ընթացիկ տարում իրականացվել է ընդամենը 4 մլրդ 668 մլն դրամի առեւտուր: Սյունիքը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 140 հազար բնակիչ, այստեղ միջին աշխատավարձը հանրապետությունում ամենաբարձրն է, իբր անգամ Երեւանին է գերազանցում` կազմելով 251 հազար դրամ:
ՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՂ
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը` Միլի մեջլիսի 125 մանդատներից ստանալով 70-ը: Նման արդյունքն, իհարկե, միանգամայն սպասելի էր, քանի որ երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընտրությունները բոյկոտել էին` ալիեւյան կլանի կողմից վերջին շրջանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ գործադրվող աննախադեպ ճնշումների եւ բանտարկությունների պատճառով:
Այս ընտրությունները, ըստ էության, բոյկոտվել էին նաեւ միջազգային կառույցների կողմից, որոնք հրաժարվել էին դիտարկել դրանց ընթացքը: Մասնավորապես ընտրություններ դիտարկող միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակը հրաժարվել էր ադրբեջանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց պաշտոնական Բաքվի կողմից իր դիտորդների քանակը սահմանափակելու պատճառով: Նման որոշում էր կայացրել նաեւ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը:
Իսկ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունն էլ նախօրեին հայտարարել է, որ իր ձեռքի տակ ունի բավարար թվով փաստեր, որոնք ապացուցում են համատարած կեղծիքների առկայությունը: Այս կուսակցությունը պատրաստվում է դիմել միջազգային ատյաններ` վիճարկելու ընտրությունների արդյունքները: Իհարկե, կարծել, որ ադրբեջանական ընդդիմությանը կհաջողվի ինչ-որ արդյունքի հասնել այս գործընթացում, իրատեսական չէ, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքում վերջին ամիսներին ձեւավորված աննախադեպ բացասական տրամադրությունները` ադրբեջանական ընդդիմության պայքարը առնվազն ավելի ցցուն կդարձնի ալիեւյան ռեժիմի բռնապետական բնույթը: Իսկ դա կարող է լավ հնարավորություն դառնալ Հայաստանի համար` միջազգային հանրությանն ապացուցելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի կարելի հավասարության նշան դնել, եւ որ այս տարածաշրջանում Եվրոպայի եւ Ասիայի սահմանն անցնում է հենց հայ-ադրբեջանական շփման գծով:
Դրա համար, սակայն, Հայաստանի իշխանությունները նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք ունենան եւ չկեղծեն առաջիկա սահմանադրական հանրաքվեն: Հայրենասիրության եւ ազգասիրության մասին հուզիչ ելույթներ ունեցող Սերժ Սարգսյանի առջեւ պատմական հնարավարություն է բացվել` Հայաստանի հեղինակությունը շեշտակիորեն բարձրացնելու եւ տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկի երբեմնի դիրքերը հետ բերելու համար: Կօգտվի նա այդ հնարավարությունից, թե առիթ կտա Եվրոպային հերթական անգամ հավասարության նշան դնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, պարզ կդառնա արդեն դեկտեմբերի 7-ին: