ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Լուսանկարում արված գրության հեղինակն այս կերպ է հորդորում պահպանել քաղաքի մաքրությունը: Ճիշտ է՝ գրառումը փոքր-ինչ ոչ գրագետ է ձեւակերպված, բայց կարծում ենք, որ այն «կաշխատի» հանրությանը զերծ պահել քաղաքի աղտոտումից:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում է անձի հաշմանդամության խումբը սահմանվում անժամկետ:

Սվետլաննա Միրզոյան (59 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձի հաշմանդամության խումբն անժամկետ սահմանվում է՝
ա) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում,
բ) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում)
դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում: Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31 կետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար, իսկ 3-րդ խումբը՝ 50 տոկոս զեղչով դեղեր ձեռք բերելու արտոնությունից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց ցանկանում է ընդունվել հայաստանյան մասնագիտական ուսումնական հաստատություն, ապա ինչպիսի՞ պայմաններ են նախատեսված նրանց համար:

Լաուրա Առաքելյան (51 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ուսումնական տարվա վերջում անց են կացվում ավարտական քննություններ, որոնք հաջող հանձնած սովորողները շարունակում են ուսումը բուհերում: Այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք նախապատրաստական ֆակուլտետում սովորել են պետական պատվերով եւ ավարտական քննություններից ստացել են անբավարար գնահատականներ, հեռացվում են բուհից: Օտարերկրյա քաղաքացիները բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի աստիճանի մասնագիտական որակավորման առկայության դեպքում: Բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների եւ գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն բժշկական, ինչպես նաեւ ընտրած մասնագիտությամբ բուժական հաստատություններում աշխատանքի առնվազն երկու տարվա փորձ, կամ անցել են երկամյա կլինիկական օրդինատուրա (մասնագիտացում): Բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական հիմնարկներում, որակավորման բարձրացման ֆակուլտետներում եւ դասընթացներում ստաժավորման կարող են ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ ԵՊՀ բակալավրիատում կրթաթոշակից օգտվում է 1.290 ուսանող, որոնց ավելի քան 60%-ը՝ գերազանցության, մագիստրատուրայում՝ 774 ուսանող, 80%-ը՝ գերազանցության: Ի դեպ, կրթաթոշակից օգտվում են նաեւ արտերկրի 22 ուսանող:




Լրահոս