ՄՈԼԱԽԱՂԵՐԻ ՔԱՂԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մեր երկրում ամենակարեւոր արժեքը փողն է համարվում, վաղուց է հայտնի, եւ շատերը, ամեն կերպ փող վաստակելու մոլուցքով տարված, ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար: Եվ նրանց համար որեւէ բարոյական չափանիշ գոյություն չունի:
Իջեւան քաղաքում եւ Տավուշի մարզի այլ բնակավայրերում տեղադրված խաղասարքերը զայրացնում են բնակիչներին: Դրանց հիմնական մրցանակը փուչիկին ամրացված  ծխախոտի տուփն է: Չնայած  խաղայինխաղասարքերի ուշացում կա, որ մինչեւ 18 տարեկանները չպետք է խաղան, սակայն խաղացողների զգալի մասն անչափահասներ են:  Ոչ ոք չի հսկում, որ երեխաները չօգտվեն այդ սարքերից: Երբ որեւէ երեխայի հաջողվում է «կռունկի» միջոցով հանել ծխախոտի տուփը, նա բերկրանք է ապրում: Իջեւանի մարդաշատ վայրերում տեղադրված է ավելի քան մեկ տասնյակ նման խաղասարք: Հավանաբար դրանք բավական եկամտաբեր են, որովհետեւ Տավուշի մարզում դրանց թիվը գնալով աճում է:
Իջեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի տարածքում նման սարք տեղադրելու համար քաղաքապետարանի հետ պայմանագիր է կնքել 10 ձեռներեց: Սակայն իրականում Տավուշի մարզկենտրոնում դրանց թիվն ավելի մեծ է:
Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր խաղասարքի համար ձեռներեցը տարեկան համայնքի բյուջե է մուծում 12 հազար դրամ: Ստացվում է, որ օրինական տեղադրված 10 սարքի համար տարեկան Իջեւան համայնքի բյուջե է մտնում 120 հազար դրամ: Իսկ արդյոք հաշվել են բնակչությանը եւ հատկապես երեխաներին պատճառվող բարոյական եւ այլ վնասները: Նման մի խաղասարք է տեղադրված Իջեւանի կենտրոնում` Շատրվանների հրապարակում` 2012թ. մայիսի 14-ին հանդիսավորությամբ բացված զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարի կողքին: Այն կառուցվել է արցախցի Արթուր Ավագյանի միջոցներով: Խաչքարին փորագրված է՝ «Սարոյի հերոսական ջոկատի տղաներին»: Սարոն՝ Սարիբեկ Օհանյանը, Իջեւանի կամավորականների ջոկատի առաջին հրամանատարն էր, որը զոհվեց հայրենիքի սահմանը պաշտպանելիս: Անցյալ տարի խաչքարի բացումը կատարվեց մեծ շուքով, ելույթ ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ ուրիշներ:
Իջեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ին ասացին, որ խաչքարին մոտակա  խանութի տերն իրավունք ունի իր խանութի մոտ` օբյեկտին պատկանող տարածքում, նման խաղասարք տեղադրել: Սակայն Իջեւանի քաղաքապետարանում չհաստատեցին, որ Շատրվանների հրապարակի խաղասարքը հենց այդ խանութի տերն է տեղադրել: Սրբավայրի կողքին հարի՞ր է նման խաղասարքի գոյությունը, այն նպաստելո՞ւ է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը տեղական իշխանությունն այդպես էլ չի ցանկանում հասկանալ, առավել եւս՝ պատասխանել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս