Մի քանի տարի Մայր թատրոնը չուներ ո՛չ գեղարվեստական ղեկավար, ո՛չ գլխավոր ռեժիսոր: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գլխավոր ռեժիսոր է նշանակվել ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նա հարազատ թատրոնում բեմադրել է «Մոլիերի կյանքը», «Ոտքի՛, դատարանն է գալիս», մեծ ընդմիջումից հետո` «Կալիգուլա», «Ոճիր եւ պատիժ», «Կովկասի կավճե շրջան», «Գոյա», «Ջոն արքա», «Հարյուր տարի անց» ներկայացումները:
-Ինչպե՞ս ընդունվեց Ձեր նշանակումը:
-Քանի որ 30 տարի թատրոնում եմ, այդ նշանակումն ինձ հանկարծակիի չբերեց. ինչպես ստեղծագործում էի, այդպես էլ շարունակել եմ: Հիմա, պարզապես, պատասխանատվությունն ու պարտականություններն են մեծացել, փոխվել` գործառույթները: Հարցերի հարցն այն է, թե ճաշակային առումով թատրոնն ինչպիսի ստեղծագործական ուղղությամբ է գնալու:
-Ասում են` «Ջոն արքա»-ն մեծ հաջողություն է ունեցել Շեքսպիրի հայրենիքում: Այնտե՞ղ է լավ ընդունվել, թե՞ մեզ մոտ:
-Այնտեղ ընդունվեց… չքնաղ: Հանդիսատեսը կարծես գործող անձ լիներ. տեսարան չկար, որից հետո ծափահարություններ չհնչեին: 600-հոգանոց դահլիճում հազիվ թե 40-50 հայ լիներ, միայն տեսարանի սինոփսիսն էր գրվում, թարգմանություն չկար, բայց հանդիսատեսը սինոփսիսը չէր կարդում, ուշադրությունը գամված էր բեմին: Ձեռքի ամեն մի շարժումը, ամեն մի նրբերանգն այնպես էին հասկանում, կարծես 600 հայ ու այն էլ` ֆանտաստիկ հանդիսատես լիներ: Իսկ այստեղ առաջին երկու ներկայացումը, ինչքան էլ տարօրինակ թվա, թատերական աշխարհը ներկայացնող հանդիսատեսն ավելի սառն ընդունեց, քան սովորական հանդիսատեսը, որն ավելի անմիջական էր:
-Այդ նույն հանդիսատեսը թատրոնի դերասաններին սկսել է ճանաչել ավելի շատ սերիալներից:
-Ցավոք, այդպես է: Սերիալում պետք է նկարվի միայն պրոֆեսիոնալ, լավ դերասանը, այլ ոչ թե չդերասանը:
-Իսկ եթե դերասանը պրոֆեսիոնալ է, բայց սցենարն ա՞ղբ է, ռեժիսորը ռեժիսո՞ր չէ:
-Ինքս եմ սերիալում նկարահանվելու ժամանակ դրա միջով անցել. հասավ մի կետի, որ հրաժարվեցի: Խնդրեցին, ասացին` չեն կարողանում ֆիլմն ավարտել, պատասխանեցի. «Մի օր կգամ, կնկարվեմ վերջում, որ ֆիլմն ավարտեք, հրաժարվում եմ այդ հակատրամաբանականի, հակամշակութայինի մեջ իմ մասնակցությունից»: Եթե պրոֆեսիոնալ դերասաններն այդպես վարվեն, շատ ավելի լավ որակ կապահովվի:
-Դերասանին սերիալից ճանաչելը նաեւ դրական կողմ ունի. նրա համար կգան, կկապվեն թատրոնին…
-Ամեն մեդալ երկու կողմ է ունենում, եւ մեդալի պոզիտիվ կողմն էլ երեւի դա է, որ սերիալում սիրված դերասանը հանդիսատես բերի թատրոն:
-Շա՞տ դերասաններ են լքում թատրոնը:
-Միայն մի դերասան է դուրս եկել, բայց եկել են ավելի շատ: Այսօր ավագ սերունդը երիտասարդների կողքին է, ուզում է, որ խաղան, ասպարեզ դուրս գան: Հիշում եմ` ժամանակին դա շատ ցավագին էր ընդունվում, երիտասարդներին դժվարությամբ էին տեղ տալիս: Ես, օրինակ, երիտասարդ ռեժիսորի եմ հրավիրել, պիեսը տվել, որ սկսի բեմադրական գործընթացը` երիտասարդներով: Ուզում եմ ուրիշ գործ էլ ձեռնարկել, որտեղ միայն երիտասարդներ կլինեն: Եթե միջին ու տարեց սերունդը թատրոնի այսօրն է, երիտասարդները ե՛ւ այսօրն են, ե՛ւ վաղը, ու այդ վաղվա մասին է պետք լրջորեն մտածել, մանավանդ մեզ մոտ, որը շատ սպեցիֆիկ թատրոն է: «Սունդուկյանցի» ասածը հենց այնպես բառ չէ, կարող է ուրիշ տեղից շատ շնորհքով մեկին բերես, բայց ընդհանուրի մեջ դիսոնանս առաջանա, նրա խոսքն ականջդ ծակի: Դերասանները հենց այստեղ պիտի աճեն, եւ այդ նպատակով վերականգնել ենք վաղեմի ավանդույթը. դրամատիկական ստուդիա ենք բացել, որտեղ սովորում է 20 շնորհալի երիտասարդ, ում վրա, այսպես ասած, թատրոնի կնիքն է նստում:
-Զբաղվում եք ստեղծագործական աշխատանքով, բայց տեղյակ կլինեք, թե թատրոնի գործունեությանն ինչն է խանգարում:
-Կառանձնացնեի «Գնումների մասին» օրենքը, որը, հնարավոր է, այլ կառույցների համար արդյունավետություն է ապահովում, բայց թատրոնում հակառակն է տեղի ունենում: Թատրոնն ուրիշ օրգանիզմ է, որը գրեթե ամեն օր «սնվելու» պահանջ ունի, ամեն օր մի բան պիտի գնվի: Եվ եթե առաջ զեկուցագիր էինք գրում, փող դուրս գրում, հիմա նույնիսկ մի մետր կտոր առնելու համար պիտի համակարգչով հայտարարություն տաս, մտնես մրցութային դաշտ, սպասես…
-Այսպես ասած՝ դահլիճ լցնելու խնդիրն ինչպե՞ս եք լուծում:
-Ամբողջ աշխարհում սա շատ բարդ խնդիր է. մի բան է արտադրանք ստեղծելը, մեկ այլ բան` վաճառելը: Ի դեպ, մեր դահլիճը մեծ է` 900-տեղանոց, ու եթե կա 350 հանդիսատես, դահլիճը դատարկ է թվում, դերասանի մոտ դեպրեսիա է սկսվում: Մինչդեռ այլ թատրոններում դա կարող է անշլագ համարվել:
-Ըստ Ձեզ, ո՞րն է մտավորականի դերը հանրային կյանքում:
-Չեմ կարծում, որ մտավորականն անպայման պիտի զբաղվի քաղաքականությամբ. այն կոնկրետ մասնագիտություն է, մարդը կա՛մ պիտի դրանով զբաղվի, կա՛մ լինի նկարիչ, դերասան… Դիրքորոշում, անշուշտ, պիտի ունենա ու այն գործով դարձնի տեսանելի: Դժվար է պատկերացնել մեկ այլ մարդու, որը Պերճ Զեյթունցյանի չափ մտածի ազգի մասին, սիրտը ցավա երկրի ճակատագրի համար, որը նման հստակ դիրքորոշում ունենա, բայց չեմ տեսել, որ նա զբաղվի քաղաքականությամբ:
Հ.Գ. Մայր թատրոնի 90-ամյակի առթիվ լույս է տեսել ստվարածավալ գիրք, իսկ այսօր կկայանա թատերականացված ներկայացում: Շնորհավոր ձեր տոնը, սունդուկյանցինե՛ր:
«ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ՊԻՏԻ ԱՃԵՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ