Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որի դեպքում դժվար է ասել, թե նրան ինչու են նշանակել: Ու նույնիսկ եթե նրան ազատեն եւ փոխարենը որեւէ մեկին չնշանակեն, ապա սպորտի եւ երիտասարդության հարցերում ոչինչ չի փոխվի: Բայց պարզվում է՝ այս իրավիճակը խիստ զայրացրել է նաեւ հենց նախարարին: Հիշեցնենք, որ երբ լրագրողները հայկական ֆուտբոլում տիրող վիճակի մասին մեկ շաբաթ առաջ փորձել էին նախարարից մեկնաբանություն ստանալ, պարզվել էր, որ նա այդ սպորտաձեւով չի հետաքրքրվում: Ակնհայտ էր դարձել, որ Ղազարյանը ֆուտբոլի անունը լսելուց անգամ վախենում է, քանի որ չգիտի, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինչպես կընդունի այդ քայլը եւ արդյոք չի որոշի պատժել իրեն: Եւ որպեսզի լրագրողները այլեւս իրեն այդ տհաճ փաստի առաջ չկանգնեցնեն, Գաբրիել Ղազարյանը նոր մարտավարություն է որդեգրել. նա նախ փորձում է լռեցնել լրագրողներին: Ու այդ «պատասխանատու» գործը նա վստահել է իր վարորդին, որը երեկ փորձել է «Ժողովուրդ»-ի լրագրողին հրելով՝ հեռացնել նախարարի ճանապարհից, որպեսզի նա տհաճ հարցերով Ղազարյանի անդորրը չխանգարի: Իսկ երբ նախարարը համոզվել է, որ այդ մեթոդը եւս լուծում չէ, ստիպված սկսել է հարցերին պատասխանել՝ ակնհայտ անհարգալից տոնով խոսելով լրագրողի հետ. «Դե, լավ էլի, արա… Դուք արդեն … չի կարելի չարաշահել իմ համբերությունը»:
Այսպիսով, նախարարը ի ցույց է դրել իր դաստիարակությունը:
Ընդամենը մեկ ամիս է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, սակայն ՀՀ իշխանությունները եւ մասնավորապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, կարծես թե, չեն շտապում իրենց այո-ի քարոզարշավը սկսել: Նախ ասում էին, թե նոյեմբերի 1-ին կակտիվանան, բայց առանձնապես նկատելի չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանից պարզել, թե որն է այս «պասիվության» պատճառը: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Տեմպը կամաց-կամաց ենք տալիս, էլի, որպեսզի միանգամից բան չլինի…»: Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն լուծելու Գյումրիում այո-ների խնդիրը, քանի որ այս քաղաքը ավանդաբար համարվում է «ընդդիմադիր», եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը պարտվեց: Սակայն «ընդդիմադիր» որակումը գյումրեցի Ավետիսյանին խոցեց: «Գյումրին ընդդիմադիր չէ, խնդրում եմ՝ Ձեր արտահայտությունների մեջ եղե՛ք կոռեկտ: Գյումրեցին պարզապես ունի սոցիալական խնդիրներ, դրա համար էլ ավելի բարդ է, եւ այստեղ ավելի պահանջկոտ են իշխանություններից»,- մեղմացրել է ՀՀԿ-ականը:
ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո ավտոբուսով ուղեւորափոխադրման ոլորտը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին ավտոբուսով միջպետական ուղեւորափոխադրումը մեծ պահանջարկ է վայելում: Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանից հատկապես դեպի ՌԴ ավտոբուսով եւ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալներն այսօր գրեթե հավասարվել են: Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ խոսքը մոտ մեկ միլիոն ուղեւորների մասին է: Մոսկվայի ավտոբուսի տոմսն արժի 20-ից 30 հազար դրամ: Այսինքն՝ միջին հաշվարկով այս շուկայի ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 25 միլիարդ դրամ կամ շուրջ 50 մլն դոլար: Իսկ եթե այդ նույն ուղեւորներն ինքնաթիռից օգտվեն, ապա այս դեպքում շրջանառությունը կկազմի առնվազն 200 մլն դոլար: Հենց այդքան գումարի շրջանառություն են կորցնում ռուսական ավիաընկերությունները, որոնք իրականացնում են ինքնաթիռով ՀՀ-ՌԴ ուղեւորաշրջանառությունը:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել «Հրապարակ» օրաթերթի այս տարվա հոկտեմբերի 23-ի հրապարակման հիման վրա: Նյութում նշվել էր, որ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանը, որը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մտերիմներից է, պաշտոնանկ է արվել 30 հազ. դրամ արժողությամբ սպորտային հագուստ նվեր ստանալու համար, եւ այդ դեպքը ՀՔԾ-ում քննվում է: Այսպիսով՝ ինչպես կանխատեսել էինք, ՀՔԾ եւ դատախազություն հակամարտությունը նոր թափ ստացավ: Եւ հրապարակման հիման վրա քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի (նախաքննության տվյալները հրապարակելը) եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց. «Այս քրեական գործը մեզ չի վերաբերում: Սա ի պաշտոնե նախաքննական գաղտնիք տնօրինող անձանց է վերաբերում: Մենք գիտեինք, որ գլխավոր դատախազը բոլոր միջոցները ձեռնարկել է՝ արտահոսքի աղբյուրը բացահայտելու համար: Վհուկների որս է սկսել գլխավոր դատախազը»:
ՈՉ ԱԴԵԿՎԱՏ
Մինչ սահմանադրական փոփոխությունների քարոզչության այս հանգուցային փուլում հանրությունը եւ, ինչու ոչ, նաեւ քաղաքական ուժերը սպասում են, թե երբ եւ ինչպես Սերժ Սարգսյանն, ի վերջո, կներգրավվի իր իսկ նախաձեռնած այս փոփոխությունների քարոզչությանը, վերջինս զբաղված է անհասկանալի նպատակներ հետանդող խորհրդակցությունների անցկացմամբ: Մասնավորապես երեկ նա խորհրդակցություն էր հրավիրել Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մարզային գերակայությունները քննարկելու նպատակով:
Թե ինչով է հենց Կոտայքի մարզն արժանացել Սերժ Սարգսյանի նման ուշադրությանը, եւ ինչու հենց հիմա, դժվար է ասել: Սակայն դատելով այդ խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունից` Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, իդեալիզացված պատկերացումներ ունի մարզի վերաբերյալ: Նրա ելույթի` նախագահականի հրապարակած տեքստին ծանոթանալիս` տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանի առջեւ երեկ նստած էր ոչ թե Գագիկ Ծառուկյանի երիտասարդ փեսան, ով հայտնի քաղաքական գործընթացներից հետո կարգվեց մարզպետ, այլեւ դրսից Հայաստան եկած ինչ-որ մեկը, որի առջեւ Սերժ Սարգսյանը փորձում էր գայթակղիչ կերպով ներկայացնել Կոտայքի մարզի առավելությունները:
Սակայն հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի առջեւ, այնուամենայնիվ, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներն էին, բավականին զավեշտալի է թվում այն, թե ինչպիսի իրականությունից կտրված ծանուցողական դատողություններ էր անում երկրի ղեկավարը. «Կոտայքի մարզը ունի արդյունաբերական լավ ավանդույթներ. Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղակայված էին Խորհրդային Միության ռազմարդյունաբերական համալիրն սպասարկող հսկայական ձեռնարկություններ: Հայտնի պատճառներով այդ ձեռնարկությունները չէին կարող շարունակել իրենց գործունեությունը, բայց այժմ արդեն հնարավորություն ունենք դրանք վերագործարկելու, իհարկե, ոչ թե նախկին արտադրանքը թողարկելու, այլ ժամանակակից, մրցունակ արտադրանք… անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարության հետ միասին մանրամասն գույքագրել այն արտադրական տարածքները, որտեղ մենք կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ՝ նոր արտադրանքի համար: Սա, իրոք, մեծ հնարավորություն է մարզի զարգացման համար»,- հայտարարել է Սարգսյանը: Փաստորեն, երկրի արտադրական հսկաների` «Նաիրիտի» ու Վանաձորի «Քիմպրոմի» վերագործարկման մասին մտածելու փոխարեն Սերժ Սարգսյանը խոսում է Կոտայքի մարզի արտադրական տարածքները գույքագրելու եւ դրանք վերագործարկելու նոր հնարավորությունների մասին: Եվ սա այս օրերին Աժ-ում ընթացող բյուջետային քննարկումների խայտառակ ցուցանիշների ֆոնին: Կարելի է պատկերացնել միայն, թե այդ պահին ինչ էին մտածում խորհրդակցության մասնակիցները: