«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ դատավորների ընդհանուր միության էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 2-ին կայացրած որոշմամբ մերժել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Ինչպես հայտնի է՝ այդ հաղորդման համար հիմք էր հանդիսացել նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրարթերթի դեմ 2014-ի նոյեմբերին կայացված վճիռը, որով արգելանքի տակ դրվեցին օրաթերթի դրամական միջոցները: Նշված հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ»-ի դեմ վճիռ կայացնելիս «թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական նորմերի էական, անվիճելի եւ անհերքելի խախտումներ»: Հանձնաժողովը չի պատճառաբանել, թե ինչի հիման վրա է նման կողմնակալ եզրակացության հանգել եւ չի էլ փորձել հերքել օմբուդսմենի հաղորդման մեջ բերված փաստերը: Իսկ թե ինչպես կարող էր այս կառույցը նման ապօրինի որոշում կայացնել, հասկանալի է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են այդ կառույցի անդամները: Այսպես՝ դատավորների ընդհանուր միության էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Մացոն:
Իսկ անդամներն են՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը ու Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց կենսագրության ընթացքում անթիվ-անհամար անգամներ պատվերով վճիռներ եւ դատավճիռներ են կայացրել, քննում են մեկ այլ դատավորի գործունեության օրինականության հարցը: Աբսուրդ: Օրինակ՝ Մացոյի համեմատ Հայաստանի մնացած բոլոր դատավորները «սրբեր» են, ուստի բնական է, որ նա երբեք չի համարձակվի որեւէ մեկի դեմ կարգապահական վարույթ հարուցել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: