ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ հետաքրքիր են Սուրբ Զատկի տոնի խորհուրդի մանրամասները: Կարելի՞ է մի փոքր մեկնաբանել:

Աննա Պողոսյան (19 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Կիրակի առավոտյան յուղաբեր կանայք գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը ու զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Այդ պահին երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, նա հարություն առավ»: Լուրն ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւում է նրանց: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան
հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսօր՝ երեկոյան, եկեղեցիներում կատարվելու է ժամերգություն, ապա Սուրբ պատարագ է մատուցվելու: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունելու են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով՝ ստանալով «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:




Լրահոս