Ինչ ձևաչափով է Սերժ Սարգսյանը մասնակցելու քարոզարշավին. ինչով է նա զբաղվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպես այո-ի քարոզարշավի շտաբի պետ, հանձնարարել է իրականացնել ամբողջ քարոզչությունը, իսկ ինքն այս ժամանակահատվածում կատարելու է իր նախագահական պարտականությունները: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս հոկտեմբերին տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու, այլ հետեւելու է դրա ընթացքին` կարգավորումներն անելով ոչ հրապարակային ձեւով:

-Պարո՛ն Շարմազանով, մինչ օրս հայտնի չէ, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու այո-ի քարոզարշավին: Մինչեւ այսօր Սերժ Սարգսյանը որեւէ քարոզարշավ չի իրականացրել, չնայած այն հանգամանքին, որ հենց նա է նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

-Ես՝ որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ, շաբաթներ առաջ տեղեկացրել եմ, որ նախագահի կողմից հանձնարարվել է շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին ձեւավորել շտաբ եւ կազմակերպել այո-ի քարոզարշավը, ինչն էլ վարչապետը օրենքով սահմանված կարգով իրականացրել է, իսկ պարոն նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իր վրա դրված լիազորությունները եւ սահմանափակվում դրանով:

-Արդյո՞ք առանց Սերժ Սարգսյանի մասնակցության Ձեր քաղաքական թիմը կարողանալու է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որը լինի Սերժ Սարգսյանի «սրտով»:

-Քարոզչությունը մենք միայնակ չենք իրականացնելու, յուրաքանչյուր շտաբ ե՛ւ նախկինում, ե՛ւ այսօր, ե՛ւ, համոզված եմ, ապագայում էլ շաբաթը մեկ անգամ, երբ գործադիր մարմնի նիստ է անցկացնում, բնականաբար, կուսակցության առաջնորդին ներկայացնում է իրականացված ծրագրերը, առաջարկություններ անում: Ցանկացած կարեւորագույն հարց քննարկվում է կուսակցության առաջնորդի հետ, այդպես է եղել միշտ, երբ ես եղել եմ Մարգարյանի /ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Ս. Գ./ շտաբի ղեկավար, այդպես է եղել, երբ եղել է պառլամենտական շտաբը, նախագահական շտաբը: Գործադիր մարմնի նիստերի ընթացքում շտաբի պետը, նրա տեղակալները, բնականաբար, տարբեր քարոզչական հարցերի շուրջ նաեւ զեկուցում են կուսակցության առաջնորդին, լսում նրա կարծիքը: Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է, ու ինքն այժմ իրականացնում է իր վրա դրված պարտավորությունները` լիազորությունների ամբողջ ծավալով:

-Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀԿ-ում նաեւ հստակ սահմանված է, թե ովքեր կարող են այո-ի շտաբից տեսակետ ներկայացնել, մասնակցել քննարկումներին, ու դա որոշում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ինչո՞ւ եք նման սահմանափակումներ մտցրել:

-Ես նման բան չեմ նկատում, Դուք, օրինակ, պառլամենտում տեսնո՞ւմ եք, որ որեւէ մեկը կաշկանդված է, կամ որեւէ մեկը չի ցանկանում խոսել: Ես չեմ նկատել գոնե մեր ֆրանկցիայում որեւէ պատգամավորի, ով չի ցանկանում խոսել կամ խուսափում է իր դիրքորոշումը հայտնելուց: Սա քաղաքական քարոզարշավ է, ու, բնականաբար, կան մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ քարոզարշավի համար, դա այդպես էլ պետք է լիներ՝ կարգապահությունն առաջին գործոններից մեկն է, որը պետք է օժանդակի արդյունավետությանը: Բնականաբար, կլինեն նաեւ մարդիկ, ովքեր կուղորդեն, թե Սահմանադրության որ կետերի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, որ հատվածի վերաբերյալ պետք է զրուցել հասարակության հետ, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Յուրաքանչյուրն իր ձեւով է քարոզչությունն իրականացնում, որտեղ որեւէ կերպ չի խախտվում օրենքը: Մենք անում ենք այն ամենը, ինչը օրինական է:

-Բայց արդյո՞ք ՀՀԿ-ն գոհ է այն քարոզարշավից, որն իրականացվում է, քանի որ տեսակետ կա, որ այո-ի քարոզարշավի համար որեւէ բան չի արվում, կարելի է ասել՝ գրեթե քարոզչություն չի իրականացվում:

-Ես կարծում եմ, որ գոհն ու դժգոհը կերեւա արդեն դեկտեմբերի 6-ին: Ես չէ, որ պետք է լինեմ գոհ կամ դժգոհ, ես ասել եմ իմ կարծիքը, որ ամեն ինչ պետք է որոշի ՀՀ քաղաքացին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի օրը: Մեզ համար շատ կարեւոր է երկու հանգամանք՝ քաղաքացիներին հասցնել այն առավելությունները, որոնք ունի բարեփոխված Սահմանադրությունը, երկրոդն էլ՝ իրականացնել նորմալ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան հանրաքվե: Այսինքն՝ պետք է լինի այնպես, որ որակի վրա որեւէ կասկած չլինի, ու դա է նաեւ պատճառը, որ հանրապետության առաջնորդը Մադրիդում ԵԺԿ գագաթնաժողովում տարբեր կառույցների հրավիրեց դիտորդական առաքելություն իրականացնելու հանրաքվեի ընթացքում: Այսինքն՝ իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ, ամենաառաջինն է շահագրգռված, որ հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ նոր Սահմանադրությունը ակնհայտորեն ավելի ժողովրդավարական է, քան գործողը, ու աբսուրդ կլիներ, որ ժողովրդավարությանը տանող նոր Սահմանադրությունը անցներ ոչ ժողովրդավարական ճանապարհով:

-Սակայն ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունն արդեն իսկ սկսել է ընտրակեղծիքների նախապատրաստման գործընթացը…

-Մեծ ցանկության դեպքում անգամ չի կարելի հայտարարել, որ ընդդիմությունն այդ տեսակետին է, որովհետեւ ակնհայտ է, որ պառլամենտի ճնշող մեծամասնությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Ընդդիմության մեծամասնությունը կողմ է այս փոփոխություններին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս