Սոցիալական բունտը ո՛չ լրագրողներն են որոշում, ո՛չ էլ պատգամավորները, դա հասարակության որոշման խնդիրն է. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2016 թվականի բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Իբրեւ հիմնավորում նա մատնանշել էր այն հանգամանքը, որ եկող տարվա բյուջեի ծախսերի մոտ կեսը, իսկ ավելի կոնկրետ՝ 45,4 տոկոսը, նախատեսված է առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների ֆինանսավորման համար: Իրականում, սակայն, եթե բյուջետային ծախսերից հանում ենք կենսաթոշակների գումարները, որոնք 2016-ի համար 293 միլիարդ 692 մլն դրամ են կազմում, ապա բյուջեի սոցիալական բաղադրիչից բան չի մնում:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ կենսաթոշակների գումարը չի համարվում սոցիալական քաղաքականության իրագործում, քանի որ այս դեպքում պետությունն ընդամենը մարդկանց վերադարձնում է տարիներ շարունակ նրանց կողմից վճարված գումարները: Իսկ ծերության թոշակների համար նախատեսված գումարը 2016 թվականի պետական բյուջեի 22 տոկոսն է կազմում: ՀՀ կառավարությունը 2016 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսում, հատկապես սովորական կենսաթոշակ ստացող տարեցների դեպքում: Հաշվի առնելով հենց նույն 2016 թ. բյուջեի նախագծով նախատեսվող 4,5 տոկոսանոց գնաճը` ստացվում է, որ կառավարությունը խոստանում է, որ նրանց սոցիալական վիճակը եկող տարի էլ ավելի կվատթարացնի:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ (Մարտունու ընտրատարածքից): Ըստ մեր տեղեկությունների՝ մի քանի օր առաջ ՀՀԿ-ականների շրջանում քննարկվել է այն հարցը, թե ինչպես են իրականացվելու սոցիալական ծրագրերն այն դեպքում, երբ 2016 թվականի բյուջեի հատկացումներն անգամ դրա նվազագույն հնարավորությունը չեն տալիս:
ՀՀԿ-ականներից շատերը մտավախություն են հայտնել, որ դա կարող է հանգեցնել սոցիալական բունտի: «Ժողովուրդը» Հ. Հակոբյանից փորձել է պարզել ՀՀԿ-ականների մտավախության աստիճանը հնարավոր սոցիալական բունտի շուրջ:

-Ի՞նչ բունտի մասին է խոսքը, մենք արդեն հստակ ներկայացրել ենք, թե բյուջեով ինչ է նախատեսված ու ինչ է արվելու: Ես բազմիցս ասել եմ, որ մեր բյուջեն կլցվի, երբ մենք շատ աշխատողներ ունենանք:

-Բայց Հայաստանը նաեւ աշխատատեղերի խնդիր ունի, ՀՀ քաղաքացին չի կարողանում իր համար աշխատանք գտնել, ինչպե՞ս եք այդ դեպքում պատկերացնում բյուջեի «լցնելը»: Ստացվում է՝ մի քանի տարի շարունակ նման բյուջե՞ ենք ունենալու:

-Սա նշանակում է, որ մենք մի քանի տարիների ընթացքում չենք կարողանալու ավելացնել մեր բյուջեի ռեալ եկամուտները:

-Փաստորեն, դա էլ կարող է բերել սոցիալական բունտի:

-Սոցիալական բունտը ո՛չ լրագրողներն են որոշում, ո՛չ էլ պատգամավորները, դա հասարակության որոշման խնդիրն է: Ես մի անգամ հայտարարել եմ, որ այժմ կառավարությունը շատ լավ ծրագիր է իրականացնում աշխատատեղեր ստեղծելու, զբաղվածությունը ավելացնելու եւ նյութական բարիքներ ստեղծելու գյուղատնտեսության ոլորտում: Շատ-շատ մեծ համայնքների հանրապետության տարածքով մեկ տրամադրվում են տեխնիկաներ` շատ էժան գնով, որպեսզի հողի մշակումը ավելացվի, իսկ հողի մշակումն ինչ է, դա բարիք է, եւ այդ նույն սկզբունքը փորձում են իրականացնել քաղաքաբնակ վայրերում, որտեղ որ իսկապես դժվար է: Իսկապես դժվար է քաղաքաբնակ վայրերում գործարաններ, արտադրամասեր ստեղծել, որտեղ մարդիկ կաշխատեն, բայց այդ ծրագիրը կա:

-Գեղեցիկ ծրագրեր, մտքեր մշտապես էլ հայրենի կառավարությունը ներկայացրել է, սակայն դրանք կյանքի չեն կոչվում, հասարակությունը դրանց արդյունքը չի զգում, ինչո՞ւ բացի թղթի վրա գրելուց՝ որեւէ կոնկրետ գործողություն չի իրականացվում՝ հանրության շահերից ելնելով:

-Գյուղատնտեսությունը կյանքի կոչվում է, որովհետեւ այնտեղ կա հնարավորություն անելու, քաղաքայինը դեռեւս արտառոց չի երեւում, ես էլ ասում եմ՝ կանցնի երկու տարի, կերեւա: Նշեմ նաեւ, որ այս բյուջեով սոցիալական որեւէ ծրագիր չի պակասել, ընդհակառակը, սոցիալական ոլորտում հատկացումն ավելացել է 15 միլիարդով: Այդքան չափով ավելացել են սոցիալական ծախսերը ու ավելացել է չաշխատող մայրերին ծննդաբերության համար նպաստ տրամադրելու ծարագիրը՝ 4 միլիարդ դրամով: Այսինքն՝ կառավարությունը սոցիալական ծախսերը չի պակասեցրել: Եթե ծրագրերը չեն պակասել, ավելին` դրանց թիվն ավելացել է, ինչ բունտի մասին կարող է խոսք լինել:

-Թոշակառուն կարող է…

-Իսկ երբ անցած տարի 10-13 տոկոսով բարձրացում եղավ թոշակների, ասում էին՝ էլի բունտ է լինելու, բայց չեղավ:

-Ստացվում է՝ առաջարկո՞ւմ եք առանց որեւէ բողոքի «յոլլա» գնալ:

-Ինչ ստեղծել ենք, դա էլ պետք է անենք, աշխատում ես քո ստեղծածով, այդպես պետք է բոլորս ապրենք: Ես արդեն ասեցի՝ տնտեսության որեւէ տեղ չի ավելացել, բայց թոշակ կրճատե՞լ ենք, նպաստները կրճատե՞լ ենք, ո՞րն ենք կրճատել, ասեք՝ տեսնեմ:

-Այսինքն՝ պետք է կրճատեի՞ք, պետք է գո՞հ լինի ՀՀ քաղաքացին, որ աշխատավարձի կրճատումներ չե՞ք արել:

-Ձեր ասած տրամաբանությունն ու իմ ասածը ուղիղ համապատասխանում են, Դուք ասում եք՝ բունտ կլինի, ես էլ ասում եմ՝ կրճատում չի եղել, ինչի՞ մասին է խոսքը, ավելացում է եղել, աշխատավարձի կրճատում չի եղել, իրականությունը սա է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս