Հայաստանցի հանդիսատեսը զսպում է էմոցիաները. Եվա Եգանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Եվա Եգանյանը, ով այժմ Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլում աշխատում է որպես մեներգչուհի, հերթական տեսահոլովակն է պատրաստել իր երկրպագուների համար: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր արվեստը հանրայնացնելու ուղիներից, անդրադարձել Հայաստանի եւ սփյուռքի հանդիսատեսի առանձնահատկություններին:

-Եվա՛, Ձեր վերջին տեսահոլովակը նկարահանվել է Շերամի «Սերից էրված» երգի հիման վրա: Հետաքրքիր է` ինչու՞ է Ձեր ընտրությունը կանգ առել հենց այդ գործի վրա, եւ արդյոք հասցրե՞լ եք սիրուց «էրվել» :

-Չէ, չեմ «էրվել» (ծիծաղում է), այս եւ մյուս դեպքերում ես պարզապես ընտրում եմ երգեր, որոնք մոտ են իմ սրտին…

16787_391682700982341_5564742942752825488_n

-Սկզբում դասական երգեր եք կատարել, հետո էստրադային, ավելի ուշ ընտրել եք ժողովրդական երգը: Այդ անցումն ինչո՞վ էր պայմանավորված:

-Ժողովրդական երգն ունի դարավոր պատմություն, ես այդ երգի միջոցով ասելիք ունեմ աշխարհին. դա է իմ արվեստն ու մշակույթը: Անցումը, ոչ, դժվար չէր, դե, իսկ «Ժողովրդական երգիչ» նախագիծը հող նախապատրաստեց այդ ուղուն հասնելու համար:

-Ո՞ր դեպքում կհամաձայնեք նորովի մատուցել ժողովրդական երգը եւ ո՞ր դեպքում կհրաժարվեք դա անել:

-Ես կողմ եմ գուսանական, ժողովրդական երգերը ժամանակակից մոտեցմամբ գործիքավորելուն, բայց դեմ եմ մեղեդին աղավաղելուն եւ երգը բոլորովին ուրիշ մաներայով ներկայացնելուն: Կան երգեր, որոնք ինքս մտադիր եմ մատուցել ժամանակակից գործիքավորմամբ, օրինակ` հենց Շերամի «Սերից էրված»-ը, Աշուղ Խայաթի «Սարի աստղիկ»-ը, դրանք կներառվեն իմ առաջիկա ձայնասկավառակում: Իհարկե, իմ CD-ում տեղ կգտնեն նաեւ Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ երգեր:

-Հանրության շրջանում կա տարածված կարծիք, ըստ որի՝ ժողովրդական երգի սիրահարների թվում գերակշռող մաս են կազմում մեծահասակները: Դուք ի՞նչ կասեք:

12239551_948067615274305_240575933940378242_n

-Դա թյուր կարծիք է, ինձ հաճախ փողոցում մոտենում են երեխաներ, ասում են, որ շատ են սիրում ինձ, ժողովրդական երգը: Այնպես որ, այսօր այդ կարծրատիպը կարծես կոտրվում է: Ես կարծում եմ, որ ինքս կարող եմ, այսպես ասած, դահլիճ լցնել եւ ծրագրում եմ մենահամերգ ունենալ ձայնասկավառակիս շնորհանդեսից հետո:

-Ի՞նչ եք կարծում` ինչ է հարկավոր անել, որպեսզի ժողովրդական երգը մարդիկ լսեն, օրինակ, ժամանցային վայրերում, երիտասարդները ականջակալներով ունկնդրեն նաեւ այս ժանրի երգեր, որպեսզի այն հաճախակի հնչի ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:

-Ամենաարդյունավետ ուղին ինձ պես երիտասարդների աշխատանքն է. նրանք պետք է պրոպագանդեն, տարածեն ժողովրդական երգը, հասու դարձնեն մարդկանց: Օրինակ` ժողովրդական երգի ներքո էլ կարելի է հարսանիքների ժամանակ պարել, ուրախանալ, ես ներկա եմ գտնվել միայն ազգային նվագարաններով հարսանիքի, եւ այն ինձ շատ դուր է եկել:

-Մասնակցել եք շատ համերգների թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքի սահմաններից դուրս: Եթե համեմատելու լինենք այստեղի եւ սփյուռքի հանդիսատեսին, ի՞նչ բնորոշիչ գծեր կառանձնացնեք:

-Հայաստանցի հանդիսատեսը, անշուշտ, շատ ջերմ է, բայց ունի որոշակի ամբիցիաներ, զսպում է իր էմոցիաները, մի փոքր կոմպլեքսավորված է, իսկ սփյուռքում նման բան չկա: Իհարկե, նրանց դեպքում խոսում է կարոտը, բայց սփյուռքահայերը եթե ուզեն, քո ելույթից հետո կգան, կբարձրանան բեմ, քեզ կգրկեն, կասեն, որ սիրում են. մեզ մոտ նման բան չկա: Հիշում եմ` 2013-ին ԱՄՆ-ում համերգի էինք, դահլիճը ծափահարությունից պարզապես պայթում էր, մեզ հետ պարում էր, մեզ ուժ ու էներգիա էր փոխանցում…Դրանք աննկարագրելի զգացումներ էին…

12227823_948067621940971_5021168521617636977_n

-Եվա՛, եթե չեմ սխալվում, Դուք երաժիշտների ընտանիքից եք: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո, հայրս ակորդեոնահար Բորիս Եգանյանն է, իսկ եղբայրս` Հովսեփ Եգանյանը, հարվածային գործիքներ է նվագում, ի դեպ, նա նվագակցել է «Սերից էրված» երգին: Մենք նաեւ առաջիկայի ծրագրեր ենք կազմում, ուզում ենք համատեղ ձայնագրություններ անել, հեռահար նպատակներ ունենք, տեսնենք` ինչպես կստացվի…

Աննա Բաբաջանյան




Լրահոս