Սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ դատական գործերի թիվը գնալով ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի՝ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումը բազում հարցերի տեղիք տվեց: Նախագծով առաջարկվում է ավելացնել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակը:

Ըստ հիմնավորման՝ դատավորների թվի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրվող ժամանակահատվածում գերազանցում է Երեւան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը:

Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ մինչեւ 1996 թվականը, երբ Հայաստանի բնակչությունը 4 մլն է եղել, դատավորների թիվը եղել է 120, նրանք հասցրել են բոլոր գործերը քննել: Իսկ այժմ, երբ բնակչությունը 2 մլն-ի սահմաններում է, դատավորների թիվը հասել է 250-ի, բայց աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ:

Ավելին՝ պատգամավորին զարմացրել էր, որ նման ծանրաբեռնվածություն կա թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով: Նրա խոսքով, ոստիկանությունն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում, թե հանցագործությունների թիվը կրճատվել է, բայց դատարաններում քննվող հանցագործությունների թիվը պաշտոնական ցուցանիշներով աճում է, աճում է նաեւ քաղաքացիական գործերի թիվը: «Ո՞նց կարող է այդքան քաղաքացիական գործ լինել 2 մլն բնակչության դեպքում, ուրեմն արդարադատություն չի իրականացվում, պատվերով է, դրա համար դատարանները գործերով հեղեղված են»,- ասել էր Ջհանգիրյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց անմիջապես Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանից պարզել, թե ինչու եւ ինչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը:

– Պարո՛ն Ավետիսյան, իսկապես այդքան ծանրաբեռնվա՞ծ եք:

-Իհարկե, շատ ծանրաբեռնված ենք: Այսօրվա վիճակում Արաբկիրի դատավորները, հատկապես քրեական գործեր լսող դատավորները շատ ծանրաբեռնված են: Գիտեք՝ մասնագիտացում է արված, երեք հոգի լսում են քրեական գործերը, իսկ 7 հոգի՝ քաղաքացիական: Նախկինում 4 դատավոր էր քրեական գործերը լսող, հետո մեկը տեղափոխվեց քաղաքացիական դատարան եւ քաղաքացիական գործեր լսող դարձավ: Երկրորդ չնախատեսված բանը տեղի ունեցավ: Բանն այն է, որ քննչական բոլոր մարմինները` սկսած հատուկ քննչական ծառայությունից, վերջացրած ՀՀ քննչական կոմիտեով, իր ողջ ապարատով տեղափոխվեցին Արաբկիրի վարչական տարածք: Դրան ավելացնենք, որ երկու քննչական մարմին մինչ այդ արդեն կար` Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական մարմինները, դրան գումարած 4-րդ կայազորայինի քննչական վարչությունը, որը սպասարկում է Արարատյան դաշտավայրը, Աբովյանը: Միանգամից հսկայական ծանրաբեռնվածություն ավելացավ դատարանի վրա: Ամեն մի դատավորի մոտ 40 քրեական գործ կա, չհաշված մինչդատավարական վարույթները, քննիչների բողոքարկումները, եւ այլն, եւ այլն: Երբեք նման ծանրաբեռնվածություն չի եղել Արաբկիրում: Իրոք, ահավոր վիճակ է, եւ հետո դա ժողովրդի շահերից է բխում:

-Դուք նշում եք՝ ժողովրդի շահերից է բխում, բայց ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նախագծի քննարկման ժամանակ այլ տեսակետ հայտնեց: Ըստ նրա` 1996 թվականին Հայաստանում կար 4 մլն բնակչություն եւ 120 դատավոր, որոնք կարողանում էին լուծել բոլոր վեճերը, իսկ հիմա ունենք 2 մլն բնակչություն, 250-ից ավել դատավորներ, որոնք աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ: Պատգամավորի խոսքով՝ արդարադատություն չի իրականացվում, պատվերով է, դրա համար դատարանները գործերով հեղեղված են:

-Նախկինում արդարադատության համակարգում աշխատել եմ, ղեկավարել եմ այդ դատական համակարգը: Ճիշտ է ասում՝ այն ժամանակ քիչ է եղել դատավորների թիվը, բայց այն ժամանակ գործերի քանակն էլ էր պակաս, եւ նաեւ պահանջներն էլ այսպիսին չէին, ինչ-որ հիմա է:

-Ի՞նչ է փոխվել հիմա:

-Ավտոմեքենաների տուգանքները, հարկադիր կատարման ծառայության մասով վեճերն են շատ, որոնք նախկինում չեն եղել: Իրավական առումով նախկինում ամեն բանի համար դատարան չէին դիմում, հիմա ո՛չ քույր-եղբայր կա, ո՛չ հայր ու որդի կա, ով ասես, ում դեմ ասես՝ չի ներկայացնի, էլ չեմ ասում, թե վարչական մարմինների ակտերը ինչքան շատ են բողոքարկվում, ինչքան կատարման ենթակա փաստաթղթեր են ուղարկվում: Նշեմ նաեւ, որ եթե այն ժամանակ մի դատավճիռը գրվում էր մի 10 էջի վրա, ապա հիմա 80 հարյուր էջի վրա:

-Ինչո՞ւ:

-Եվրոպական չափանիշներ ենք …ինչեւէ, ծանրաբեռնվածությունը շատ է, երբեք այսպիսի ծանրաբեռնվածություն չի եղել:

Հավելենք, որ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը՝ նկատում ենք, որ բավականին շատ են քաղաքացիների դեմ վարկերի ուշացման կամ տարբեր ծառայությունների դիմաց չկատարած վճարումներով դատական հայցերը: Ասել է թե՝ բանկերը շահագրգռում են քաղաքացիներին, վերջիններս էլ բանկից վարկ են վերցնում, սակայն երբ չեն կարողանում գումարը մարել, թեկուզ հենց վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով, բանկը դիմում է դատարան՝ գումարը բռնագանձելու պահանջով: Նույն վիճակն է նաեւ ապառիկի չվճարումների հետ կապված: Այսինքն՝ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ դատական գործերի թիվը գնալով ավելանում է:

Քնար Մանուկյան




Լրահոս