ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է` ղեկավարում է Տավուշի մարզը 1999թ.-ից: Երեւի հենց դա էլ նրան դարձրել է անչափ անտարբեր մամուլում իր մասին հնչող բազմաթիվ քննադատությունների հանդեպ:
Արմեն Ղուլարյանի կենսագրությունը շատ ծավալուն ու խորդուբորդ չէ: 59 տարեկան  մարզպետը ծնունդով երեւանցի է, ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, բայց բանակում չի ծառայել: Ճարտարապետների միության անդամ է, ինչը պայմանավորված է կրթությամբ.  1976թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել Իջեւանի շրջխորհրդի գործկոմի ճարտարապետության բաժնում, 4 տարի եղել շարքային ճարտարապետ, ապա 1980-ից զբաղեցրել Իջեւանի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Պետք է նկատել, որ խորհրդային տարիների համար մեծ ձեռքբերում կարելի է  համարել այն, որ 26 տարեկան երիտասարդը նշանակվել է գլխավոր ճարտարապետ:
1988-ին, երբ Կոմկուսի հեղինակությունն արդեն անկում էր ապրում, Ղուլարյանը նշանակվել է Իջեւանի շրջանի կուսշրջկոմի արդյունաբերության, շինարարության եւ տրանսպորտի բաժնի վարիչ: Երկու տարի անց դարձել է շրջխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար եւ այս պաշտոնում մնացել մինչեւ 1996թ.: Շուրջ 3 տարի եղել է Իջեւանի քաղաքապետ, իսկ 1999-ից մինչ օրս էլ Տավուշի մարզպետն է: Ամբողջ 14 տարի…
Այդուամենայնիվ, վերջին շրջանում մարզպետ Ղուլարյանը շատ անհանգիստ է, նրան հաճախ կարելի է տեսնել երեւանյան տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, երբեմն՝ կառավարության մուտքի մոտ: Պաշտոնը կորցնելու անհանգստությունը նրան ստիպել է հանդիպումներ ունենալ, լուծել նոր պաշտոնի հարց, եթե, իհարկե, իրեն տեղաշարժեն: Մարզպետի մոտալուտ հեռացման լուրն այնքան է մտահոգել մարզպետարանի աշխատակիցներին, որ օգնականը՝ Միքայել Մարտիրոսյանը, որը Լեւոն եւ Գարիկ Մարտիրոսյանների հորեղբոր որդին է, շտապել է իր համար պաշտոն գտնել Դիլիջանում: Մարզպետը մի խումբ աշխատակիցների էլ պետական ծառայողի առավել բարձր դասային կարգ է շնորհել՝ իր հնարավոր պաշտոնանկությունից հետո նրանց վիճակը բարելավված տեսնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ղուլարյանին ՀՀԿ-ում կամենում էին պատժել ու պաշտոնանկ անել դեռեւս Իջեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ նա չէր կարողացել քաղաքապետ դարձնել կուսակցին՝ Իջեւանը հանձնելով ԲՀԿ-ական քաղաքապետին, սակայն հետո որոշվեց նրան պահել՝ աշխատեցնելու համար նախագահի ընտրություններում… Ղուլարյանը, իհարկե, աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, հատկապես ՏԻՄ ընտրությունների նախօրյակին, շրջել է բոլոր համայնքներում, խորհրդակցություններ հրավիրել, պահանջել, որպեսզի ամեն ինչ արվի ՀՀԿ թեկնածուների ընտրության համար, սակայն պարզվում է, որ ոչ բոլոր համայնքներում է մարզպետի խոսքը «ասնավանի» եղել: Քանզի, ինչպես տավուշցիներն են պնդում, վաղուց դժգոհություն կա մարզպետից: Նրանից հատկապես դժգոհում են սահմանամերձ, մշտապես թշնամու կրակահերթերի տակ գտնվող գյուղերի բնակիչները, որովհետեւ մարզպետի «վեջն էլ չէ», թե ինչ է կատարվում իր մարզում: Ինչպես հաստատում են տեղացիները, նա շատ գյուղերի ճանապարհն էլ չգիտի, երեւի չի ցանկանում վտանգել իր կյանքը…
Ինչպես շատ մարզպետեր ու համայնքապետեր, Ղուլարյանը եւս իր իշխանության տակ գտնվող հողատարածքները համարում է իր անձնականն ու որոշումներ կայացնում, ապօրինի վաճառքներ ու աճուրդներ կազմակերպում: Այսպես, դեռ մինչեւ այսօր իրավաբաններից շատերը չեն մոռանում այն դեպքը, երբ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Բաբկեն Թամրազյանը 1986թ.-ից շուրջ 25 տարի մշակել էր  գյուղի մերձակա կամրջի հարեւանությամբ գտնվող 1300 քմ հողատարածքը, բարեկարգման աշխատանքներ  կատարել, տնկել պտղատու ծառեր, տեղադրել այգետնակ, սակայն Ա. Ղուլարյանի 23.02.2007թ. որոշմամբ Թեղուտին հարակից տարածքում գտնվող 1394 քմ մակերես ունեցող հողատարածքը 184.228 դրամով վաճառվել էր այդ տարածքում գտնվող «Սունկ» կոչվող հասարակական օբյեկտի սեփականատեր Արմեն Հակոբյանին: Բ. Թամրազյանը վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ նշել էր, որ իր մշակած հողամասը 2007թ. ապրիլին աճուրդով վաճառված լինելու մասին մեկ տարի հետո տեղեկացել է գնորդ Ա. Հակոբյանից: Այս գործով Բ. Թամրազյանի փաստաբան Անահիտ Եսայանն ասել էր. «Փաստորեն, հայցվորը 23 տարի անընդմեջ, բացահայտ ու բարեխիղճ, բայց առանց իր իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտվել է պետության հողամասից, սակայն մարզպետի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում հողատարածքն օտարվել է ուրիշի: Մարդը ստիպված հայտնվել է դատարաններում, որտեղ էլ ամեն ինչ ընթացել է Արմեն Ղուլարյանի հուշումներով»:
Սա, իհարկե, միակ դրվագը չէ մարզպետ Ղուլարյանի «փառապանծ» գործունեությունից: Սերժ Սարգսյանի` Տավուշի մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններ կատարած այցի ժամանակ նրան ուղեկցող  Ա. Ղուլարյանի մեքենան Դիլիջան քաղաքում վթարի էր ենթարկվել` բավական վնաս հասցնելով  Դիլիջանի սննդի օբյեկտներին հաց մատակարարող հրազդանցի Մանվելի «Օփել Զաֆիրա» ավտոմեքենային: Այս «գործը» եւս պարտակվեց, մարզպետը փոխհատուցեց, սակայն ի՞նչ միջոցներով…
Ղուլարյանն իր մարզում պաշտպանում է ոչ թե տավուշցիների, այլ այստեղ իրենց գերիշխանությունը հաստատած օլիգարխների շահերը: «Այստեղ կան ընտրատարածքներ, որոնք պատգամավորներինն են: Օրինակ՝ Պիվի Հակոբը եւ այլոք»: Օլիգարխները նրան են աջակցում, նա էլ՝ օլիգարխներին ու միաժամանակ բազմապատկում իր ֆինանսական միջոցները:
Եվ ոչ միայն օլիգարխները:
Որպեսզի ամուր լինեն հենարանները, նա անգամ զավակների ամուսնության հարցն է համաձայնեցնում «կուսակցական համերաշխության» սկզբունքներին: Ահա մի փոքրիկ մեջբերում մամուլից. «Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ: Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երեւանից Իջեւան են մեկնել խնամիական երկու կողմերն էլ` ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, «աղջկա» կողմից` Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ-ական թիմով: Հարսանիքը, որը, փաստորեն, ՀՀԿ համագումարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել, եղել է նույնքան «պրոտոկոլային», խմել են ոչ այնքան «զույգ ծաղիկների», որքան բոլորին «հաղթող» ՀՀԿ թեկնածուի կենացը»:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս