Պարզվում է՝ ՀՀ դատավորների ընդհանուր միության էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 2-ին կայացրած որոշմամբ մերժել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Ինչպես հայտնի է՝ այդ հաղորդման համար հիմք էր հանդիսացել նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրարթերթի դեմ 2014-ի նոյեմբերին կայացված վճիռը, որով արգելանքի տակ դրվեցին օրաթերթի դրամական միջոցները: Նշված հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ»-ի դեմ վճիռ կայացնելիս «թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական նորմերի էական, անվիճելի եւ անհերքելի խախտումներ»: Հանձնաժողովը չի պատճառաբանել, թե ինչի հիման վրա է նման կողմնակալ եզրակացության հանգել եւ չի էլ փորձել հերքել օմբուդսմենի հաղորդման մեջ բերված փաստերը: Իսկ թե ինչպես կարող էր այս կառույցը նման ապօրինի որոշում կայացնել, հասկանալի է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են այդ կառույցի անդամները: Այսպես՝ դատավորների ընդհանուր միության էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Մացոն: Իսկ անդամներն են՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը ու Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց կենսագրության ընթացքում անթիվ-անհամար անգամներ պատվերով վճիռներ եւ դատավճիռներ են կայացրել, քննում են մեկ այլ դատավորի գործունեության օրինականության հարցը: Աբսուրդ: Օրինակ՝ Մացոյի համեմատ Հայաստանի մնացած բոլոր դատավորները «սրբեր» են, ուստի բնական է, որ նա երբեք չի համարձակվի որեւէ մեկի դեմ կարգապահական վարույթ հարուցել:
Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում: Բայց քանի որ պետբյուջեի մուտքերն այս տարվա 9 ամիսների արդյունքներով պլանավորվածից ավելի քան 50 միլիարդ դրամով պակաս են, տարվա վերջին էլ այդ ցուցանիշն ավելի կմեծանա, եկող տարվա կտրվածքով եւս կանխատեսումները հուսադրող չեն, ուստի իշխանություններն արդեն իսկ մտորում են ծախսերը կրճատելու մասին: Եւ որպես առաջին քայլ դիտարկվում է հավելավճարներից հրաժարվելու տարբերակը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ստեղծված պայմաններում այն հանգամանքը, որ պետական ծառայողների աշխատավարձերը չեն կրճատվել, նույնպես դրական արդյունք է: Այսինքն՝ պետք է սպասել նաեւ վատագույն զարգացումների:
Ընտրողների ցուցակի հետ կապված վեճերը Հայաստանի քաղաքական դաշտում արդեն ավելի քան մեկ տասնամյակից ավել շարունակվում են: ՀՀ իշխանությունները չեն էլ հերքում, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շատ ավելի մեծ է, քան Հայաստանում առկա ընտրողները: Միաժամանակ արդարանում են, թե օրենսդրությամբ է այդպես նախատեսված: Եթե ընտրողների ուռճացված ցուցակները ՀՀ իշխանություններին ընտրակեղծիքներ թույլ տալու համար հարկավոր չլինեին, ապա նրանք կարող էին օրենսդրական փոփոխություններ կատարելով՝ «մաքրել» ցուցակները: Ցանկության դեպքում ՀՀ իշխանությունները շատ հեշտությամբ կարող են այլ պետություններից ստանալ այդ երկրներում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների ցանկը եւ նրանց անունները հանել ընտրողների ցուցակից: Սակայն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն անում եւ անընդհատ մեղքը գցում են օրենսդրության վրա, կարծես այդ օրենքները օտարներն են ընդունել ու հնարավոր չէ փոխել:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական վարկերը վերցնել: ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի հաստատմանն է ներկայացված միանգամից երկու վարկային համաձայնագիր: Մի դեպքում վարկը տրամադրելու է Եվրասիական զարգացման բանկը՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» անունով ծրագրի համար՝ 40 մլն դոլարի վարկ, որի մարման ժամկետը 20 տարի է: 10 տարին արտոնյալ կլինի, իսկ ֆիքսված տոկոսադրույթը տարեկան 2 տոկոս է: Իսկ Ասիական զարգացման բանկը «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը կհատկացնի 88 մլն 500 հազար դոլար: Այս ծրագրով ստացվելիք վարկային միջոցները պետք է ծախսվեն դպրոցների սեյսմապաշտպանությունը բարձրացնելու վրա: Փաստորեն արդեն ավանդույթ է դառնում, որ ՀՀ կառավարության նիստում մեկ կամ երկու հարց անպայման պետք է վարկային ինչ-որ ծրագրի վերաբերյալ լինի: Ի վերջո, մենք վաղուց արդեն դարձել ենք վարկով ապրող երկիր:
ԺԱՄԱՎԱՃԱՌՔ
Երեկ ԱԺ-ում նույնականացման քարտերով քվեարկության հնարավորություն տվող վիճահարույց օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ արտահերթ ելույթով է հանդես եկել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` հայտարարելով, թե ընդդիությունը ժամավաճառությամբ է զբաղվում` շարունակաբար այդ «փոքրիկ» հարցը քննարկելով. «Ժամավաճառության փայլուն օրինակ է փոքրիկ, շատ հստակ, պարզ ու հասկանալի օրինագծի քննարկումը շարունակել: Լալահառաչ, հուզիչ ելույթներ, աչքերներս արցունքոտվեցին, է՛լ արտագաղթի ճամփա, է՛լ խեղճ ու կրակ հայ ժողովուրդ… Այս ամենը նախերգանք է, նախապատրաստություն՝ վաղվա անհաջողություններն արդարացնելու համար: Սա նաեւ շատ լավ փորձված քաղաքական մոնիպուլացիա է, անվստահություն սերմանել այս հանրաքվեով ընդունված Սահմանադրության վրա»,-ասել է Նաղդալյանը:
Թերեւս Աժ փոխխոսնակի այս «լալահառաչ» արտահերթ ելույթին ուշադրություն չդարձնեինք` հաշվի առնելով ինչպես խորհրդարանական ընդդիմության իրական ժամավաճառության դրսեւորումներն, այնպես էլ ՀՀԿ-ում վաղուց արդեն ընդունված մրցավազքը` ընդդիմությանը «քլնգելիս» առավել կոշտ բառապաշարի կիրառմամբ: Սակայն հատկապես այս փուլում Հերմինե Նաղդալյանի կողմից ցինիզմի այսպիսի դրսեւորումը, մեղմ, շատ մեղմ ասած, տարակուսելի է: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար տիկին փոխխոսնակը, փաստորեն, փոխանակ իր աչքերը արցունքոտեր այն բանից հետո, երբ իր խայտառակ, ապիկար գործունեության արդյունքում ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունվեց Ուոլթերի հակահայկական զեկույցը, փոխանակ այդ աննախադեպ ձախողումից հետո առհասարակ ձայնը կտրեր եւ մի աննկատ անկյուն փնտրեր` հանրության եւ լրագրողների աչքին չերեւալու համար, դեռ մի բան էլ իրեն իրավունք է վերապահում ԱԺ ամբիոնից նման գնահատականներ հնչեցնել ընդդիմության հասցեին եւ խոսել անհաջողությունների արդարացմանը միտված նախերգանքների մասին:
Իր ձախողումների եւ հայկական պատվիրակության անհաջողությունների համար տարիներ շարունակ տարբեր նախերգանքներ մոգոնած Նաղդալյանն, ինչ խոսք, լավ գիտի, թե դա ինչպես է արվում, եւ, ըստ ամենայնի, սեփական արշինով այլոց չափելով է ՀՀԿ-ականների հեղինակած նույնականացման քարտերի մասին վիճահարույց նախագծի քննադատությունը գնահատում որպես քաղաքական մանիպուլյացիա:
Սակայն եթե Հանրապետական կուսակցությունում դույզն-ինչ մտածում են իրենց՝ առանց այդ էլ խաթարված հեղինակության մասին, հարկ է, որ տարեկան երկու-երեք անգամ շարքային քաղաքացիներիս վճարած հարկերի հաշվին եվրոպաներում ժամավաճառությամբ զբաղվող Նաղդալյանին հրահանգեն առնվազն առավել զուսպ լինել իր զեղումներում: