ԲԻԶՆԵՍԸ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում քննարկվեց «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով բոլոր փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ են տրվելու՝ ազատելով պետական հարկերից:

Նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Վերջինս իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մեր երկրում ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, որով ընտանիքի կամ ընտանիքի մեկ այլ անդամի կողմից իրականացվող գործունեությունը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրություն, եւ այդ բոլոր սուբյեկտներն ազատվում են պետական հարկերից:
Ֆինանսների փոխնախարարի ներկայացմամբ նախագծով առաջարկվում է, որ Հայաստանի տարբեր մարզերում գործող եւ հյուրանոցային ծառայություններ մատուցող զբոսաշրջային տները հնարավորություն ունենան զբաղվելու ընտանեկան ձեռնարկատիրությամբ:
Միրումյանի ելույթից հետո բազմաթիվ պատգամավորներ, կարծես առիթից օգտվելով, հարկային դաշտի հետ կապված տարաբնույթ դիտարկումներ հնչեցրին՝ միաժամանակ հարցեր ուղղելով հիմնական զեկուցողին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ նկատեց, որ ինչքան նվազում է մարդկային գործոնը հարկային վարչարարությունում, այնքան նվազում են կոռուպցիոն ռիսկերը՝ հաշվի առնելով հայաստանյան խաղի կանոնները: Ապա դիմելով Վախթանգ Միրումյանին՝ Զոհրաբյանը խնդրեց տրամադրել կոնկրետ թիվ, թե մեկ տարվա ընթացքում քանի փոքր եւ միջին ձեռնարկություն է փակվել: «Ահասարսուռ տեղեկություններ են հրապարակվում, որ 3 ամսում, 5 ամսում Հայաստանում փակվեց հինգ հազար, 15 հազար փոքր եւ միջին ձեռնարկություններ: Կարծում եմ՝ դուք պետք է ունենաք հստակ վիճակագրություն: Ի վերջո, ՓՄՁ-ները մեր տնտեսական ողնաշարն են, եւ եթե չկա այն, կամ հարված է հասցվում ձեռնարկությանը, դա ուղղակի թիկունքից հարված է ՀՀ տնտեսությանը»,-նշեց պատգամավորը: Ի պատասխան՝ Միրումյանն ասաց, որ ինքն այս պահին դժվարանում է որեւէ կոնկրետ թիվ ներկայացնել, սակայն խոստացավ ճշտել ու ասել: «Մենք չպետք է նայենք, թե որքան կազմակերպություններ են դադարեցրել իրենց գործունեությունը, պետք է նայենք, թե դրա կողքին ինչքան է բացվել: Մենք պետք է երկուսն էլ համադրենք, եւ այդ համադրումը կտա ճիշտ ցուցանիշ», – հավելեց ֆինանսների փոխնախարարը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, թե բիզնեսը սիրում է հարկային դաշտի կայունություն, եւ որքան արագ է փոփոխում այն, այնքան տնտեսվարողը չհավատացող ու շփոթված է դառնում: Այնուհետեւ թվարկեց մեկ տարվա մեջ հարկային դաշտում եղած փոփոխությունները:
«Շահութահարկի մասին» օրենքը 3 անգամ բերել են ԱԺ փոփոխելու, «Գույքահարկի մասին» օրենքը 16 անգամ, «Հաստատագրված հարկերի մասին» օրենքը 26 անգամ, 50 անգամ «Հարկերի մասին» օրենքն է փոփոխվել, «ԱԱՀ մասին»-ը՝ 74 անգամ: Մեկ տարվա ընթացքում 290 հարկային փոփոխություն է եղել, ու ոչ մի տնտեսվարող չի կարող հասցնել դրանց հետեւից: Ինչո՞ւ է այսպես, մենք իրավիճակայի՞ն օրենսդրություն ենք իրականացնում, թե դա ռազմավարության մաս պետք է լինի: Լավ չէ՞ր լինի, եթե մեկ տարում շահութահարկի խնդիրները հավաքեք ու նոր միայն ԱԺ մտնեք՝ փոփոխելու: Տնտեսվարողի նկատմամբ չի կարելի այսպես անխիղճ վերաբերվել ու այսպես ցնցումների մեջ գցել»,- ասաց Մանուկյանը:
Միրումյանը համաձայնեց Արամ Մանուկյանի դիտարկումներին եւ ի պատասխան՝ ասաց. «Անվիճելի է այն, որ հարկային փոփոխությունները խարխլում են կանխատեսելիությունը: Մենք եւս կարծում ենք, որ պետք է կայուն հարկային միջավայր ստեղծել: Այո, հարկային ընկալման հետազոտություն կա, այն նույնպես վկայում է՝ հաճախակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում»: Ֆինանսների փոխնախարարի հավելմամբ հիմա ունենք համակարգային ու արմատական փոփոխություն բերող նոր օրենսգրքի նախագիծ, որի հիմնական սկզբունքներն են կանխատեսելիությունն ու կայուն միջավայրը: «Մենք կունենանք մի փաստաթուղթ, որը կծառայի երկարաժամկետ հատվածին»,-հավաստիացրեց փոխնախարարը:
Նախագծի քննարկումն ու քվեարկությունը կշարունակվի այսօր:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ԲԱՍՏՈՒՐՄԱՆ ՈՒ ԽՈԶԱՊՈՒԽՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գները 4.4 տոկոսով աճել են: Իսկ պարենային ապրանքներինը 4.3 տոկոսով են աճել, ոգելից խմիչքինը՝ 1.9, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.9 տոկոսով:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մսամթերքի շուկայում 2015 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 0.2 տոկոս, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` 1.1 տոկոս գնանկում: Նշենք նաեւ, որ 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է խոզի մսի 2.6, տավարի մսի 1.8 տոկոսի գնանկում: Ի դեպ, էժանացել են նաեւ թռչնամիսն ու հավի բուդը:
Բացի այս, հանրապետության 9 քաղաքներում 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է մսամթերքի 1.6-0.1 տոկոս գնանկում, իսկ 2-ում՝ 0.1-0.3 տոկոս գնաճ: Մայրաքաղաք Երեւանում մսամթերքի գները 1.5 տոկոսով նվազել են:
Հիշեցնենք, որ մսամթերքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն արգելվել էր դեռեւս 2007 թվականին՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով: Իսկ ահա նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, թե շուտով կսկսվի դեպի ՌԴ միս, մսամթերք արտահանելու գործընթացը, սակայն այդպես էլ այն մինչ օրս չի արտահանվում: Հավանաբար սա է պատճառը, որ մսամթերքի շուկայում բարձր գնաճ չի արձանագրվել, ինչի արդյունքում մսամթերքի շուկայում լճացում է առաջացել, հետեւաբար եւ գինն էլ չի բարձրանում: Սակայն ըստ տնտեսագետների՝ այս տվյալները երկար չեն պահպանվի, քանի որ առջեւում տոնական օրեր են: Եւ փորձը ցույց է տվել, որ տոներից առաջ սովորաբար առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են:
Սակայն մսի էժանացմանը զուգընթաց թանկացել է ապխտած երշիկեղենը, այդ թվում նաեւ՝ բաստուրման: Ըստ ԱՎԾ-ի՝ բաստուրմայի գինը 0.5 տոկոսով է աճել, խոզապուխտինը՝ 0.6, ոչխարի մսինը՝ 1, տավարի մսի պահածոյինը՝ 1.6 տոկոս: Տեղեկացնենք, որ այս տարվա մայիսի 15-ից հնարավոր է դարձել ռուսական շուկա արտահանել բաստուրմա արտադրատեսակը, իսկ սեպտեմբերի 22-ից՝ նաեւ հայկական արտադրության հում ապխտած մսամթերքը եւ սուջուխը: Ըստ որոշ տեղեկությունների՝ սա է պատճառը, որ ներքին շուկայում բարձրացել է բաստուրմայի, խոզապուխտի եւ սուջուխի գինը:
Ի դեպ, թանկացել է նաեւ խաշի պարագաների գինը` 3.4 տոկոսով: Հավանաբար սա կապված է խաշի սեզոնի հետ, որն այս ամիսներին է:
Կաթնամթերքի շուկան նույնպես զերծ չի մնացել թանկացումներից: Այս շուկայում 2015 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 2.9 տոկոս, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Մասնավորապես թանկացել է «Լոռի»՝ 0.8 տոկոս, եւ «Չանախ»՝ 1.6 տոկոս, պանրատեսակները: Սա այնքանով է տարօրինակ, որ այս տարվա ընթացքում պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները սովորականից մեծ քանակության կաթ մթերեցին: Բացի այս, կաթնամթերքի շուկայում 0.9 տոկոսով թանկացել է մայոնեզը: Իսկ, ահա, խտացրած կաթը 3.3 տոկոս, յոգուրտը 1 տոկոս, «Չեդեր» պանրատեսակը 0.8 տոկոսով էժանացել են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է ԶԻՆՎՈՐԻ ԱՉՔԻՆ
Գյումրի քաղաքի բնակիչ, 1990թ, ծնված Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասի հրաձգային վաշտի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2015թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ կապված վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Եղյանի հետ, որի ընթացքում աջ բռունցքով երկու անգամ հարվածել է վերջինիս աջ աչքին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
 

ՄՏԱՀՈԳԻՉ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 400-500 մ հեռավորության վրա: Ադրբեջանական ուժգին գնդակոծությունների ժամանակ գյուղից ժամանակավորապես տարհանվում են փոքրահասակ երեխաները: Մինչդեռ ռազմավարական նշանակություն ունեցող Բերքաբեր տանող ճանապարհը տարիներ շարունակ անբարեկարգ է: Բերքաբերի համայնքապետարանն իր սուղ միջոցներից պարբերաբար կատարում է այդ ճանապարհի փոսերի նորոգում: Սակայն հորդ անձրեւները քշում-տանում են փոսերի մեջ լցված խիճը: Սահմանամերձ Բերքաբերը գազաֆիկացված չէ, ունի խմելու եւ ոռոգման ջրի սուր խնդիր: Ջողազի ջրամբարի ձախ կողմում՝ Բերքաբերի դեմ-դիմաց, Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղն է: Մազամի կողմից ոռոգման խողովակներ են դրված Ջողազի ջրամբարի մեջ, գործում է պոմպակայան, եւ այդ կերպ լուծվել է գյուղի ոռոգման ջրի խնդիրը: Նույնը կարելի էր անել նաեւ հայկական կողմից, որպեսզի լուծվեր ոռոգման ջրի հարցը: Սակայն դա չի իրականացվում: Բերքաբեր մտնող, շատ կարեւոր նշանակություն ունեցող ավտոճանապարհը չի ասֆալտապատվում, իսկ ադրբեջանցիները Մազամ մտնող ճանապարհի եզրին երկար հենապատ են կառուցել` դրանով գյուղի ելումուտի ճանապարհն անվտանգ դարձնելով կրակոցներից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս