ՖԱՖ-ը շարունակում է պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոյեմբերի 16-ի երթից հետո ՀՖՖ-ի անդամներից և ոչ մեկը մեզ հետ չի հանդիպել, մեր պահանջները չի լսել: Մենք երեկ հանդիպել ենք միայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ով մեզ առաջարկել է, որպեսզի երթերի կամ բողոքի ակցիաների ժամանակ պայթուցիկներ չօգտագործենք: Երթից հետո էլ ոչ մեկին բերման չեն ենթարկել, այլ երթի մասնակիցներից ոմանց նստեցրել են ոստիկանական մեքենաները, սակայն մի որոշ ժամանակ անց բաց են թողել: Որևէ մեկը ոստիկանական բաժանմունք չի տարվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՖԱՖ-ի անդամները՝ խոսելով նոյեմբերի 16-ին իրենց կողմից կազմակերպված երթի մասին:

ՖԱՖ-ի անդամ Սերգեյ Ջանջոյանի խոսքերով՝ իրենք չեն իմացել, որ այդ օրը սահմանադրական փոփոխությունների հետ կապված ընդդդիմության ներկայացուցիչները ևս երթ են ունեցել կազմակերպած:

«Ընդդիմությանը մեզ մեղադրեց, որ փորձում ենք շեղել հանրության ուշադրությունը,նրանց այլ հարցերում ներքաշել, բայց վստահեցնում եմ, որ մենք նման միտում չենք ունեցել: Հենց այդ պատճառով էլ նոյեմբերի 20-ին նախատեսված մեր հաջորդ երթի օրը փոխեցինք, քանի որ այդ օրն էլ ընդդիմությունը կրկին երթ ունի»,-նշեց Սերգեյ Ջանջոյանը՝ հավելելով նաև, որ իրենց բողոքի ակցիաները որևէ կապ չունեն ներքաղաքական իրավիճակի հետ, դրանք սկսվել են վաղուց՝ դեռևս Հայաստան-Դանիա խաղի ժամանակվանից: Ֆուտբոլասերի կարծիքով՝ արդեն երկու տարի է, որ Հայաստանի հավաքականը ցուցաբերում է խայտառակ խաղ:

«Պետք է գիտակցենք, որ հայտնվել ենք փակուղու մեջ, մեր ֆուտբոլն այսօր գտնվում է կոմային վիճակում, իսկ այդ վիճակից դուրս գալու համար քայլեր է պետք ձեռնարկել, ինչը մենք այսօր չենք տեսնում»,-ասաց նա:

ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ Էդգար Խաչատրյանն էլ ևս մեկ անգամ ներկայացրեց ՀՖՖ-ին հասցեագրված իրենց պահանջները:

«Առաջինը՝ պետք է լինի այնպիսի մարզիչ, որը կհամապատասխանի մեր հավաքականի պահանջներին, որը կկարողանա թիմը դուրս բերել կոմային վիճակից և կապահովի հաղթանակներ: Երկրորդ՝ տոմսերի գների իջեցում, պետք է ունենալ գնային հստակ քաղաքականություն: Հայաստանում մարզադաշտի ծայրամասային նստատեղերի համար տոմսերի ամենաէժան գինը սկսվում է 4000 դրամից, մինչդեռ եվրոպական երկրներում այդ նստատեղերի գինը մի քանի անգամ ավելի էժան է:

Երրորդը՝ պետք է վերանա ըստ սեփական տրամադրության ֆուտբոլիստներին հավաքական հրավիրել կամ չհրավիրելու հարցը: Եթե տվյալ ֆուտբոլիստն արժանի է, միշտ լավ խաղեր է ցույց տվել, ապա նա պետք է անպայման հրավիրվի, այլ ոչ թե ոմանց կամքով կանչվեն հավաքական:

Եվ չորրորդ պահանջը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցն է: Մենք նրա հետ կապված անձնական ոչ մի բան չունենք, միշտ գնահատել ենք նրա աշխատանքը, սակայն կարծում ենք, որ նա իր գործառույթները լավ չի կատարում»:

«Մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է ակնկալելը, որ մեր բոլոր պահանջները հերթով կկատարվեն, սակայն մենք եթե հույս չունենայինք, ապա չէինք էլ պայքարի: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլի հավաքականին, այն ունի մեծ պոտենցիալ, պետք է կարողանալ դա ճիշտ օգտագործել, որի դեպքում մենք կունենանք մեծ հաջողություններ ու հաղթանակներ, ինչու չէ նաև՝ եվրոպական կամ մեծ մասշտաբի այլ խաղերում: Ամենահրատապը առաջին երեք պահանջների կատարումն է, որից հետո նոր կմտածենք մեր հետագա անելիքներ մասին: Մենք բոլոր ռիսկերը հաշվի ենք առել, սակայն մենք կորցնելու բան չունենք: Մենք ապրում ենք ֆուտբոլով»,-շեշտեցին ՖԱՖ-ի անդամները՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ակնկալո՞ւմ են արդյոք իրենց պահանջների կատարում, հատկապես Ռուբեն Հայրապետյանի գործոնը հաշվի առնելով:

Հիշեցնենք նաև, որ ՖԱՖ-ի հաջորդ երթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17-ին՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից:




Լրահոս