ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ով ծնունդով Արցախից է, այն տեսակետին է, որ ՌԴ-ն չէր կարող Հայաստանի առջև պայման դնել՝ ԼՂՀ-ի տարածքից ինչ-որ բան զիջել Ադրբեջանին:
-Պարո՛ն Հարությունյան, մինչեւ այսօր անհասկանալի է մնում, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ի՞նչ նպատակով էր գտնվում Հայաստանում, ու ինչո՞ւ է շահարկվում այն տեղեկությունը, որ Ս. Լավրովը Հայաստանի իշխանություններին հորդորել է տարածք զիջել Ադրբեջանին: Դուք ի՞նչ տեղեկություն ունեք այդ մասին. արդյո՞ք ՀՀ իշխանությունները պատրաստվում են զիջումների գնալ:
-Ես կարծում եմ, որ դրանք ընդամենը փողոցային խոսակցություններ են, որովհետեւ որեւէ մեկը ո՛չ մի պայմանում, ո՛չ մի ձեւով նման հարց չի քննարկում. այդ ձեւաչափն այսօր գոյություն չունի: Բանակցային գործընթացներում չկա զիջումների գնալու հարց, նմանատիպ առաջարկություններ վաղուց, ժամանակին շատ են եղել, բայց Հայաստանի ու Արցախի իշխանությունները կտրականապես մերժել են: Ու ես չեմ կարծում, որ Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան նվիրված էր ինչ-որ զիջումների գանալու հարցին:
-Իսկ Դուք ի՞նչ կոնկրետ տեղեկություն ունեք, որ նման պնդում եք անում:
-Իհարկե, մենք մանրամասներից տեղյակ չենք. դիվանագիտական բանակցությունները լինում են փակ դռների հետեւում, բայց ես այն կարծիքին եմ, որ իրականում նման բան հնարավոր չէր, որ լիներ: Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ փոխզիջումների, ապա այդ պարագայում միայն կարող են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները որոշել, իհարկե, Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ: Իհարկե, նաեւ այնպիսի բան չի, որ կարողանան այդպես գաղտնի պահել, ինչպես որ հայտարարվում է, թե հանրությունից գաղտնի է պահվում եւ այլն: Դա ամբողջ աշխարհին ու հատկապես մեզ հայտնի կլինի, այնպես որ, ինչ-որ հարցեր տալ, ինչ-որ կասկածներ հայտնելը այնքան էլ ճիշտ չէ:
–Կարծես թե այդ տեղեկությունը միայն Հայաստանում չէ, որ քննարկվում է, քանի որ ռուսական լրատվամիջոցները եւս անդրադարձել են Ս. Լավրովի այցին ու նույնաբովանդակ տեղեկություն հրապարակել: Չե՞ք կարծում, որ սա արդեն ավելի լուրջ է, քան ներկայացվում է, քանի որ Ռուսաստանն արդեն սկսել է նման «ծրագրի» մասին բարձրաձայնել:
-Արդեն նշեցի, որ դիվանագիտական բանակցությունները կատարվում են փակ դռների հետեւում, եւ ես նման բան չեմ կասկածում: Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներին, ապա եթե Լավրովը մամլո ասուլիսում կամ ինչ-որ հրապարակային ելույթում այդ մասին չի խոսել, կարծում եմ, որ ապատեղեկատվություն է, որ լրատվամիջոցն էլ դա գրի: Ես չգիտեմ, թե ով ինչ է ուզում, բայց որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները բազմաթիվ անգամ հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ իրենք զիջելու բան չունեն, ես էլ կիսում եմ ԼՂՀ-ի իշխանությունների տեսակետը: Ու դա նաեւ Հայաստանի իշխանությունների տեսակետն է, իրենք այս տարիների ընթացքում բանակցությունների սեղանի շուրջ միայն դա են ասել: Ես չեմ կարծում, որ հիմա ինչ-որ բան է փոխվել, որ ինչ-որ դիրքորոշում փոխվի:
-Օր օրի ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում իրավիճակը լարվում է, չնայած պատերազմ հայտարարված չէ, բայց կրակոցներ ու զոհեր ենք ունենում: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:
-Կարծում եմ, որ մենք պատերազմից վախենալով չենք գնալու որեւէ զիջման, պատերազմ կլինի, կկռվենք ու նորից կհաղթենք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի պատերազմի գինը ու գիտի, որ դեռեւս պատերազմը չի ավարտվել: Ես կարծում եմ, որ Արցախի հարցը լուծվելու է բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե ռազմադաշտում:
-Առաջիկա ամսում նախատեսված է Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպումը, արդյո՞ք դրանից հետո որեւէ բան է փոխվելու ԼՂՀ-ի հարցում:
-Ցանկացած հանդիպում երկրի ղեկավարների հետ ես ողջունում եմ, որովհետեւ այդ բանակցային գործընթացներում հնարավոր է, որ լուծման եղանակները գտնվեն, ու պատերազմի վտանգն ավելի մեղմանա: Անկախ նրանից, թե այդ հանդիպումը ինչ արդյունքներ կունենա, դեմ առ դեմ հանդիպումները դրական են, որովհետեւ ճիշտ չէ, պատերազմը վերջին կետն է, որին մենք մշտապես էլ պատրաստ ենք եղել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ