Ձորագետը Դեբեդի խոշոր վտակներից է, երկարությունը կազմում է 67 կմ: Այն սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տրված լիցենզիաների ցուցակի` Ձորագետի վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը` «Կաթնառատ», շահագործող` «Վանշայն» ՍՊԸ, «Ձորագետ-5», շահագործող` «Հազար ու մեկ» ՍՊԸ, «Ձորագետ-6», շահագործող` «Վի-Ար-Բի Կոնցեռն» ՍՊԸ: Այս ՓՀԷԿ-երի գործունեության արդյունքում, սակայն, Կաթնառատի բնակիչները ջրից զրկվել են:
«Կաթնառատ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Կաթնառատ համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Վանշայն» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետի վրա: մինչ ԹՀԷԿ-ի կառուցումը Կաթնառատ գյուղը երբեք ջրի խնդիր չի ունեցել, մինչդեռ այսօր մի խումբ մարդկանց տնտեսական շահի համար գյուղացին կանգնել է մեծ խնդրի առաջ:
«Ժողովուրդ»-ը Կաթնառատի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանից տեղեկացավ, որ ամառվա ամիսներին գյուղի բնակիչները գրեթե ջուր չեն ունենում: Նրա խոսքերով՝ պատճառը «Կաթնառատ» փոքր ՀԷԿ-ն է: «Եթե իրենք պահպանեն ջրի բնական հոսքը որքան որ նախատեսված է, ապա ամեն բան իր տեղը կընկնի: Բայց ոչ, իրենք բնապահպանական նորմերը չեն պահում: Հիմնականում ՀԷԿ-ն է ջրի խնդիր առաջացնում: Մինչդեռ այդ ամիսներին ջրի խիստ անհրաժեշտություն կա: Երբ իրենց նեղացնում ենք ջուր են տալիս, իսկ երբ անտարբերության ենք մատնում, ապա կտրում են ջուրը: Չես իմանա «շլուզներն» էլ է իրենց ձեռքին, հոսանքն էլ: Իրենց հետ պետք է լեզու գտնել, որ մեզ ամռան ամիսներին ջուր տան: Իսկ եթե տարին սակավաջուր է լինում, ապա ՀԷԿ-երից մեկը գոնե պետք է չաշխատի: Բայց ո՞վ է հետեւողական: Ոչ ոք»,- մտահոգված նկատեց գյուղապետը:
Ի դեպ, կաթնառատցիները Ձորագետից օգտվում են ոչ միայն խմելու, այլեւ կենցաղային նպատակներով: Գյուղապետը «Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ իր մտահագությունը՝ կապված մյուս՝ «Ձորագետ-5», «Ձորագետ-6» ՓՀԷԿ-ների հետ, որոնց գործունեության արդյունքում վտանգվել է գետի կենդանական աշխարհը: Կաթնառատի գյուղապետը վերջին շրջանում նկատել է, որ կարմրախայտ տեսակի ձուկը սկսել է պակասել:
Իսկ, ահա, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչ Մանյա Մելիքջանյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգեց այն մասին, որ վերոնշյալ փոքր ՀԷԿ-երի գործունեության պատճառով այսօր վտանգի տակ են էնդեմիկ տեսակները՝ բուսական եւ կենդանական աշխարհը: «Այն, որ ջուրը վերցվում է խողովակի մեջ, դա արդեն մեծ վնաս է: Ափսոսում եմ, քանի որ Ձորագետը հանգստի գոտի էր, եւ պետք չէր, որ այն խախտվեր»,- հիասթափված նկատեց տիկին Մելիքջանյանը:
Տեղեկացնենք, որ մոտ օրերս «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության եւ ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելել է «Կաթնառատ» փոքր ՀԷԿ:
Փորձագիտական խմբի կողմից կատարված մոնիտորինգի արդյունքներով՝ Վանաձորի ջրամատակարարման համար կառուցված պատվարի պատճառով «Կաթնառատ» ՓՀԷԿ-ի ձկնանցարանը որեւէ ֆունկցիոնալ դեր չունի եւ համարվում է ավելորդ կառույց: Իսկ բնապահպանական թողքը շատ քիչ է Ձորագետ գետի համար, եւ անհրաժեշտ է այն ավելացնել: Խմբի դիտարկումների արդյունքում պարզվել է նաեւ, որ Ձորագետի վրա կառուցված «Կաթնառատ», «Ձորագետ-6» եւ «Ձորագետ-5» ՓՀԷԿ-երը կասկադային են: Այդ գետահատվածում իրականացվում են տարբեր նպատակներով ջրառներ, որոնց համար կառուցվել են հիդրոտեխնիկական կառույցներ: Սակայն այս ամենը Ձորագետի վրա առաջացնում է բնապահպանական ծանրաբեռնվածություն: Եւ փորձագիտական խումբը պնդում է, որ խիստ անհրաժեշտություն կա համապատասխան մեթոդներով ապահովել բնապահպանական ելքի չափաքանակը, անհրաժեշտության դեպքում վերանայել եւ հսկողություն սահմանել:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը, ով նույնպես մասնակցել է ՀՀ գետերի վրա կառուցված 70-ից ավել փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգին, պնդում է, որ ՓՀԷԿ-երի գործունեության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ եւ խոչընդոտներ, որոնք մեծացնում են ՓՀԷԿ-երի ռիսկայնությունը բնապահպանական տեսանկյունից:
Ըստ Պիպոյանի՝ փոքր գետակների ջուրը լճանում է, իսկ ջրի էկոլոգիական թողքի սահմանված ծավալը եւ ձկնուղիների կառուցվածքը հաճախ չեն ապահովում գետում բնակվող ձկնատեսակների ազատ տեղաշարժը գետի մի հատվածից մյուսը: Բացի այդ՝ ՓՀԷԿ-երի ձկնապաշտպան ցանցերի բացակայության, աղբորսիչ ցանցերի մեծ ճեղքերի հետեւանքով գետի վերին հոսանքում բնակվող ձկները, մանրաձկները հեշտությամբ են հայտնվում ՓՀԷԿ-երի ճնշումային խողովակաշարում, որտեղ էլ նրանք ենթարկվում են մեխանիկական ազդեցությունների եւ արդյունքում զանգվածաբար ոչնչանում:
Կաթնառատի գյուղապետի եւ բնապահպանների կողմից բարձրաձայնված խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել «Վանշայն» ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն մեր պարբերական հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Ձորագետի վրա կառուցված երեք ՓՀԷԿ-երից երկուսը թեեւ շահագործում են տարբեր ընկերություններ, սակայն պատկանում են նույն սեփականատերերին: Այսպիսով, «Վանշայն»-ի («Կաթնառատ» ՓՀԷԿ) հիմնադիրներն են՝ Կարինե Պողոսյանը, Ռիմա Բադալյանը եւ Գոհարիկ Հարությունյանը, իսկ «Վի-Ար-Բի Կոնցեռն» («Ձորագետ-6» ՓՀԷԿ) ընկերության հիմնադիրները նշված անձինք են եւ Վահե Դավթյանը: «Հազար ու մեկ» («Ձորագետ-5») ընկերության հիմնադիրներն էլ Անատոլի Տիրոսյանը եւ Մամիկոն Ստեփանյանն են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ