Գյումրեցիներն էլի տխրել են. կառավարման մարզային ոչ լեգիտիմ (մինչեւ այսօր չունենք մարզային կառավարման մասին օրենք) ձեւը հաստատվելուց հետո Շիրակի մարզն այդպես էլ Գյումրիում ծնված մարզպետ չի ունեցել: Առաջին մարզպետ Արարատ Գոմցյանը ծնվել էր Ժդանովկա գյուղում, տեղացիներ չէին Ֆելիքս Փիրումյանը, Ռոմիկ Մանուկյանը, իսկ Լիդա Նանյանի ու Աշոտ Գիզիրյանի հայրենիքն էլ Ադրբեջանի Կիրովաբադի շրջանն էր…
Հիմա նոր նշանակված Ֆելիքս Ցոլակյանն էլ, պարզվում է, գյումրեցի չէ: Նա ծնվել է Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում, 61 տարեկան է: Ի տարբերություն մեր մի շարք մարզպետերի ու պատգամավորների՝ հիմնավոր կրթություն է ստացել. 1974-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1974-1976թթ. աշխատել է Արարատ քաղաքի արդյունաբերատեխնիկական տեխնիկումում: 1976-1980թթ. եղել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա երկրորդ քարտուղար: 1980-1985թթ. շատերի համար անսպասելի դարձել է ՀԽՍՀ ՊԱԿ Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր: Ասում ենք՝ անսպասելի, որովհետեւ կոմերիտական աշխատանքում արդեն բավական առաջ գնացած ու կոմկուսի համար ընդունելի կադր համարվող երիտասարդը հանկարծ հայտնվել է ՊԱԿ-ում: Գորիսից հետո նրան նշանակել են ՀԽՍՀ ՊԱԿ Եղեգնաձորի բաժանմունքի պետ, որտեղ աշխատել է մինչեւ 1991թ.: 1991-1992թթ. եղել է Եղեգնաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 1993-1996թթ.՝ ՀՀ ԱԱՊՎ Մասիսի բաժանմունքի պետ: Բայց վերջապես իշխանությունները որոշել են նրան «հայրենի եզերք» վերադարձնել եւ 1996թ. նշանակել են ՀՀ ԱԱՆ, ապա ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ Շիրակի մարզային վարչության պետ: 1 տարի անց Ֆ. Ցոլակյանն արդեն ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ Երեւանի քաղաքային վարչության պետն էր:
Ռոբերտ Քոչարյանը, դառնալով նախագահ, որոշեց Ցոլակյանին նշանակել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Այս պաշտոնում Ցոլակյանը մնաց 4 տարի, իսկ 2003-2007թթ. զբաղեցրեց ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի աթոռը: Սակայն իր պաշտոնավարման վերջին տարում Քոչարյանը շատ ավելի ոգեւորվեց Գագիկ Խաչատրյանով ու Ցոլակյանին ազատելով հարկային ծառայության պետի պաշտոնից՝ նշանակեց ՀՀ նախագահի խորհրդական: Շուտով Ցոլակյանը նորից կարոտեց իր երբեմնի աշխատանքին ու 2007թ. նոյեմբերի 1-ից 2013թ. մարտի 15-ն աշխատեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Իսկ արդեն այս տարվա մարտի 7-ին նրան նշանակեցին Շիրակի մարզպետ:
Նշենք, որ մինչեւ Ցոլակյանի նշանակումը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքում էր նման հավանականությունը, եւ արդեն ոտքի էր ելել Վարդան Ղուկասյանը՝ շրջապատի միջոցով տարածելով, թե ինքն է դառնում մարզպետ: Լրագրողների մոտ շտապել էր սեթեւեթել նաեւ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ ասելով, որ եթե իրեն նշանակեն՝ կաշխատի: Սակայն հենց Ցոլակյանը նշանակվեց: Շիրակի մարզում կատակով ասում են, որ գեներալ-մայորին (Ա. Գիզիրյանին) փոխարինելու եկավ գեներալ-լեյտենանտը: Այսինքն` եղավ «ռանգի» բարձրացում…
Երբ նորանշանակ մարզպետին լրագրողները հարցրին, թե դժվար չի լինի ղեկավարել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող մարզը, Ցոլակյանն ասաց. «Մտածելու բան է»: Եվ իրոք, շատ ծանր տեղ է եկել Ցոլակյանը: Այստեղ տարիներ շարունակ մարզպետարանը գրեթե ոչինչ չի արել, բացի դպրոցների տնօրեններ նշանակելուց եւ գյուղապետերից գումարներ հավաքելուց, ուստի նոր մարզպետն արդեն իսկ կանգնել է լուրջ դժվարությունների առջեւ: Գալով Շիրակի մարզ՝ Ցոլակյանն արդեն առաջին «բոցը» բաց թողեց՝ Գյումրին համարելով «քաղաքատիպ վայր»: Վ. Ղուկասյանը լսեր՝ նրան մենամարտի կհրավիրեր, քանի որ Գյումրու նախկին քաղաքապետը միշտ հայրաքաղաք էր ասում՝ չհաշտվելով այն մտքի հետ, որ 19-րդ դարի վերջին բնակավայրը գյուղաքաղաք է եղել…
Չնայած Ֆ. Ցոլակյանը ղեկավարել է հարկային ծառայությունը, բայց իր հայտարարագրերում շատ համեստ տվյալներ է ներկայացնում: 2011թ. նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 7 մլն դրամ, տարեվերջին՝ 9 մլն: Իսկ գեներալ-լեյտենանտի կնոջ ֆինանսական միջոցներն էլ տարեսկզբին կազմել են 10 մլն 320 հազար դրամ, տարեվերջին՝ 6 մլն 620 հազար… Կարելի է եզրակացնել, որ նա ապրել է կնոջ ֆինանսական միջոցներով: Այնուամենայնիվ, Ցոլակյանի մասին չեն ասում, թե այսինչ կամ այնինչ օբյեկտը նրան է պատկանում: Հիմա պետք է զարմանալ, թե ինչպես է նա ապրելու մոտ 195 հազար դրամով, քանի որ այդքան է կազմում մարզպետի «մաքուր» աշխատավարձը… Ցոլակյանի՝ հարկայինի պետ եղած ժամանակ, ասում են, շատերը համակարգում դժգոհ են եղել նրանից, որովհետեւ թույլ չի տվել շատ գողանալ ու կաշառք վերցնել: Սա լավ է, անշուշտ, սակայն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում հազիվ թե Ցոլակյանն իրեն թույլ տար բացահայտել այն ապօրինությունները, որոնք իրագործվեցին հատկապես «Լինսի» հիմնադրամի շրջանակներում…
Մարզպետի պաշտոնին անցնելուց հետո Ցոլակյանն արդեն հիասթափեցրել է շատ գյումրեցիների, երբ չի ընդունել իրենց արդար աշխատավարձերը պահանջող «Գլենդել հիլզ»-ի խաբված շինարարներին: Նշենք նաեւ, որ նա առանձնապես չի կամենում գնալ կադրային փոփոխությունների, ինչը նույնպես դժգոհություններ է ծնում, որովհետեւ Շիրակի մարզպետարանն ամենավարկաբեկվածներից մեկն է: Ցոլակյանը հայտարարել էր, որ ինքը կադրային փոփոխությունների սիրահար չէ, անգամ օգնականին չի փոխել, սակայն հենց այս քաղաքականությունն էլ մարզում մեռցրել է բոլոր հույսերը, թե տեղաշարժեր կարձանագրվեն…
ՄԻ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱՐԶՊԵՏ ՉԵՂԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ