ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության՝ այս տարվա հուլիսի 23-ին տեղի ունեցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մինչեւ տարեվերջ տեսչական ստուգումները դադարեցնել կամ նվազագույնի հասցնել: Վարչապետը ստուգումները արգելելու հրահանգ տվեց՝ տնտեսվարողների գործունեությանը անհարկի միջամտությունները կանխելու նպատակով: Բայց այս հանձնարարականի արդյունքում տարատեսակ տեսչությունները փաստացի պարապուրդի են մատնված: Քանի որ ստուգումներ չեն անցկացվում, բնականաբար, տեսուչները գործնականում անելիք չունեն, բայց աշխատավարձ են ստանում: Թե ինչպես պետք է Կառավարությունը լուծի վարչապետի հրահանգի հետեւանքով առաջացած խնդիրը, դժվար է ասել: Բայց որ իրավիճակը կտրուկ լուծումներ է թելադրում, միանշանակ կարելի է պնդել:

 

 

 
Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում է: Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանն ինքը լրագրողներից մեկի հետ զրույցում ասել էր, թե Արմեն Հարությունյանը իր «դվայուրըդնի» քրոջ տղան է: Ինչպես հայտնի է՝ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցների գործով սպանված Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Հարությունյանից պարզել, թե ինչ է անելու, երբ սկսվի իր բարեկամի բողոքի քննությունը: «Իրոք, բարեկամական կապ կա, սակայն «դվայորդնի» եղբայրներ են եղել իմ մայրական պապը եւ իր պապը, ոչ թե ինքն ու մայրս»,- պատասխանեց Արմեն Հարությունյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած գործին, պարզապես նշեմ, որպեսզի սպեկուլացիաներ չլինեն, ես այդ գործի քննության ժամանակ ինքնաբացարկ կհայտնեմ»:

 

 

 
Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ, ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել: Մասնավորապես, միջնորդել են, որ ստուգվի այն հանգամանքը, թե արդյոք ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր դրդել Պերմյակովին գնալ այդ քայլին: Հիշեցնենք, որ ողբերգությունից հետո հայտնի դարձավ, որ Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, «Հույս, հավատ, սեր» («ԹպՐՈ, ծՈՊպՋՊՈ, խþոՏՉՖ») աղանդավորական եկեղեցու հոգեւոր հովիվն է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում այս հանգամանքի վրա ուշադրություն չի դարձվել:

 

 

 
Սահմանադրական հանրաքվեի քարոզչության համար բացված իշխանական շտաբների թիվը վկայում է, որ իշխանությունները, մեղմ ասած, ցանկություն չունեն ավելորդ տեղը գումար ծախսել: Մինչ այս խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում իշխանական շտաբների թիվը առնվազն կրկնակի ավել է եղել: Սովորաբար երկու կամ երեք տեղամասերի կտրվածքով գոնե մեկ շտաբ եղել է: Գյուղերում եւս գոնե մեկական իշխանական շտաբներ են եղել: Սակայն սահմանադրական հանրաքվեի քարոզչական շտաբներն անհամեմատ քիչ են: Երեւանի կտրվածքով դրանց սակավությունը եթե մի կողմ թողնենք, ապա միեւնույն է՝ մարզերում պատկերն ավելի անորոշ է: Սա նշանակում է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբները ոչ բոլոր գյուղերում են բացվել: Ինչի պատճառները զուտ ֆինանսական են: Բանն այն է, որ գյուղապետերը չգիտեն՝ ինչպես վարվել, օրինակ՝ նրանք վստահ չեն, որ եթե իրենք շտաբ բացեն, ապա վաղը որեւէ մեկն իրենց ծախսերը կփոխհատուցի: Արդյունքում նրանք ձեռնպահ են մնում շտաբներ բացելուց:

 

 

 
ԱՆՏԻՇՈՈՒ

Մինչ իշխանական տեխնոլոգները տարբեր շոուներ են կազմակերպում` փորձելով համոզել, թե ինչքան լավն են առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, Սերժ Սարգսյանը հերթական անգամ ամեն ինչ ջուրն է գցում: Երեկ նա անսպասելի շփում է ունեցել Պռոշյան փողոցում իր բնակարանը կորցրած ՀՀ մի քաղաքացու հետ, որը նախագահական կեցավայրի դիմաց հաջողեցրել է մոտենալ Սարգսյանին` փորձելով նրանից պարզել, թե ինչու իր հանդեպ թույլ տրված ապօրինությունների վերաբերյալ իր բազմակի դիմումներին որեւէ մեկը չի արձագանքում: Քաղաքացու եւ Ս. Սարգսյանի կարճատեւ շփման մասին պատմող տեսանյութը համացանցային դիտումներով գերազանցել է ռեալիթի շոուի դիտումները, իսկ տեսանյութի տակ արված մեկնաբանություններն էլ լավագույնս ի ցույց են դնում հանրության վերաբերմունքը ինչպես Ս. Սարգսյանի, այնպես էլ նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանդեպ:
Բանն այն է, որ երեկվա իր պահվածքով Ս. Սարգսյանը գերազանցել է անգամ ինքն իրեն` ստվերելով մինչ այս թույլ տված անհեթեթ հայտարարությունները` «ինչքան ասես` խփելու», «խիյարը թարս բուսնելու», «եկել ես մեր տոնը փչացնես, որ ինչ անես» եւ այլ գոհարները: «3 անգամ թուղթ եմ տվել Ձեզ, դատախազին… դատարանը մերժեց»,- բողոքող քաղաքացու խոսքն ընդհատելով` Սարգսյանը հերթական անգամ մուննաթ է եկել ի դեմս իրեն երկրի Սահմանադրության երաշխավորի տեսնող քաղաքացու վրա` ասելով. «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ»: Եւ երբ քաղաքացին դժգոհել է, որ դատարանը չի գործում, Ս. Սարգսյանն ուղղակի անհավանական կերպով է արձագանքել` ասելով. «Հնարավոր է: Այ, հենց սրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք, որ դատարանները գործեն»:
Սովորաբար նման պատասխանի դեպքում պետք է որ ասվեր` no comment, քանի որ դժվար է մեկնաբանել անհեթեթությունը: Սակայն քանի որ, ի դժբախություն մեզ, դա ասվել է մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության կողմից, պարզապես ստիպված ենք արձանագրել, որ իր այս պատասխանով Ս. Սարգսյանը, փաստորեն, հրապարակավ ընդունում է, որ իր նախագահած երկրում դատարանները չեն գործում, ասել է թե` ՀՀ-ում չկա արդարադատություն: Եւ այս պարագայում հարց է առաջանում, թե ով է պատասխանատու դրա համար: Գործող Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահը, տվյալ դեպքում Ս Սարգսյանը, «հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Եւ եթե Ս. Սարգսյանը հրապարակավ ընդունում է, որ ՀՀ-ում հնարավոր է, որ դատարանը չգործի, կնշանակի` նա ընդունում է, որ լիարժեք չի իրականացնում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր պարտավորությունը, հետեւաբար միանգամայն իրավացի է նրան դիմած քաղաքացին, ով Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների հիշատակմանն ի պատասխան` արձագանքեց. «Այ, պրեզիդետ, Դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»:




Լրահոս