Վերջերս լույս տեսավ պատանիներին հասցեագրված 7 պատմվածքների ժողովածու, որը կոչվում է «7 գույն»: Ժողովածուում ներառված գործերի թվում է մանկագիր Երազիկ Գրիգորյանի «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը: Ընթերցողները կհիշեն նաեւ հեղինակի «Գնա, ապրիր հեքիաթում», «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» ժողովածուները: «Ժողովուրդ»-ը Ե. Գրիգորյանի հետ զրուցել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում է մանկագիրը, նաեւ պարզել, թե այսօր հայ մանուկի համար ո՞ր թեմաներն են «հրատապ»:
-Հայտնի փաստ է, որ մանկագրությամբ ոչ բոլոր գրողները կարող են զբաղվել: Օրինակ` Չարենցը ժամանակին փորձել է դա անել, բայց չի ստացվել: Կա՞ն որակներ, որոնցով մանկագիրը պետք է անպայման օժտված լինի:
-Տարածված միտք է, որ ամենից դժվարը մանուկների համար գրելն է: Այդ կարծիքը ծնող պատճառներից մեկն էլ երեւի այն է, որ մանկական գրականությունը հեշտ է ընթերցվում, եթե կարելի է այդպես ասել: Կարդալիս թվում է, թե նույն հեշտությամբ էլ կարելի է գրել: Բայց երբ փորձում ես գրել, դժվարությունը հանկարծակիի է բերում: Մի բան է մեծերի համար ասելիք ունենալը, այլ բան՝ փոքրերի համար: Ցանկացած մեծահասակի կթվա, թե ինքը փոքրերին ասելիք կունենա անպայման, ինչպե՞ս կարող է չունենալ: Բայց այդպես չէ, եւ դա մանկագրության «անսպասելի» դժվարությունն է: Գրավոր խոսքի մարդ լինելուց զատ՝ ներսդ պիտի այնպիսին լինի, որ երեխայի մաքուր միտքն ու ականջը խոսքդ չվանի, ասելիքդ ներս թողնի: Երջանկություն է, երբ տեսնում ես, որ երեխան քո տվածը վերցնում, պահում է իրեն: Այդ հարցում մեծահասակին կարող ես համոզել, իսկ երեխային՝ երբեք:
-Այսօր մեր իրականությունում կա՞ն այնպիսի երեւույթներ, որոնք Ձեզ` որպես հայ մանկագրի, հետաքրքրում են, որոնք, գուցե, հիմք դառնան առաջիկա հեքիաթի համար: Հայ մանուկի համար այսօր ո՞ր թեմաներն են հրատապ` բացի համամարդկային, բոլորիս հայտնի թեմաներից:
-Մեր իրականությունում չկա մի երեւույթ, որն ինձ չի հետաքրքրում: Բայց ես այդ իրականության մասին հեքիաթներ չեմ գրում: Երեխաներն առանց այն էլ կիսում են մեզ հետ այն, ինչ չպիտի կիսեին: Պետք չէ, որ նրանք իրենց փխրուն ուսը դեմ տան մեր անցյալի ու ներկայի բեռին: Հայ է երեխան, թե որեւէ այլ ազգի, նրան գնդակն ու թիթեռն են հետաքրքրում: Իսկ եթե արդեն այդպես չէ, ուրեմն մեծահասակները մեղանչել են նրա հանդեպ: Երեխային նախ ասում ես. «Սա գնդակ է», եւ հետո միայն ասում ես. «Սա քո գնդակն է»: Ես չեմ ուզում, որ մեր երեխաները կյանքից կտրված լինեն: Ես ուզում եմ, որ մենք երեխային նախ ասենք, թե ինչ բան է կյանքը, իրականությունը, ապա միայն ասենք. «Սա քո իրականությունն է»: Վաղը այդ երեխան կկարողանա իրեն հարմարեցնել իրականությունը: Եվ երբեք տեղի չի ունենա հակառակը: Իսկ դրա համար առաջին հերթին երեւակայություն է պետք: Ու թող հեքիաթը մնա այն աշխարհը, որը կօգնի աննկատ, նրբորեն, որը մանուկին կուղղորդի դառնալու ոչ միայն ճարպիկ ու գիտակ, այլեւ իմաստուն մեծահասակ:
-Արդի հայկական մանկական գրականությունն այսօր որքանո՞վ է պահանջված: Նոր գրքերը հնարավոր լինո՞ւմ է իրացնել: Պահանջարկ ստեղծելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
-Այս հարցին հրատարակիչներն ավելի լավ կպատասխանեին: Ոչ մանկական գրականության հանդեպ ընթերցողների վերաբերմունքը հիմա ինձ շատ ավելի է դուր գալիս, քան տասնամյակներ առաջ՝ գրավաճառության բումի ժամանակ: Հիմա մոտեցումը շատ ավելի բովանդակային է: Կուզեի, որ մանկագրության հանդեպ էլ ավելի լուրջ լիներ մոտեցումը: Ճիշտ է, մանկական գրականության պահանջարկը միշտ էլ կա, քանի որ կա մեր ժողովրդի անձնուրացությունը զավակի հանդեպ: Բայց միայն գիրք գնելով դա չպիտի ավարտվի: Շատ կարեւոր է երեխայի համար կարդալը: Նույնիսկ եթե երեխան կարող է կարդալ, ճիշտ է, որ ծնողն ինքը մանկական գրականություն կարդա երեխայի համար: Այդպես երեխան իրեն պաշտպանված ու հասկացված կզգա: Դա բխում է նաեւ ծնողի շահերից: Երեխան դրանից հետո իր գաղտնիքը կվստահի ծնողին, ավելի ազնիվ կմեծանա: Պետք է երեխայի ու գրքի կապը ամուր պահել, անընդհատ հաճախել գրադարաններ ու գրախանութներ:
-Ձեր «Գնա, ապրիր հեքիաթում» գրքի հերոսները աստղեր են որոնում ջրափոսերում, բացահայտում են տիեզերքի գաղտնիքները: Գրքի մեսիջներից մեկն այն է, որ կյանքը կարող է լինել ոչ միայն պայքար, այլեւ համերաշխ գոյակցություն: Այսօր, երբ ամենուր փոխանցվում է այն գաղափարը, որ կյանքը պայքար է, եւ այդ պայքարի մթնոլորտը ներխուժել է ամենահավանական ծագեր, հնարավոր լինու՞մ է գրքի միջոցով մթնոլորտ փոխել:
-Հեքիաթը պե՛տք է համերաշխ գոյակցություն սովորեցնի: Դա ամենեւին չի նշանակում հրաժարվել պայքարից, համակերպվել: Մանուկ հասակում հեքիաթների աշխարհ չմտած մարդիկ են, որ աշխարհը ապրելու վայրից վերածել են պայքարի թատերաբեմի: Հեքիաթ չկարդացածներն են, որ չգիտեն, թե չար գործն ինչով է ավարտվում: Իսկ հեքիաթ լսած ու իրեն խնամող, սիրող մեծահասակի հետ հեքիաթի մասին զրուցած մարդը չի լռի ու թույլ չի տա, որ խոսեն նաեւ իր փոխարեն: Իմ հեքիաթներում ոչինչ բացահայտ ու մերկապարանոց չէ՝ ո՛չ Ձեր նշած «Գնա ապրիր հեքիաթում», ո՛չ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» ժողովածուում, ո՛չ էլ իմ նոր ժողովածուում, որին շատ մոտ ապագայում կծանոթանաք: Ես սիրում եմ գրել, սիրում եմ մանուկների աշխարհը ու իմ գրականությամբ պահակն եմ այդ աշխարհի…
«ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ԿՏԱ ՃՇԳՐԻՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ»
Թատրոնի բեմից Կարմիր գլխարկի դերում հանդես եկած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է սերիալներից եւ սիթքոմներից, շուտով հանդիսատեսին կներկայանա հեքիաթային նոր կերպարում: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ նոր մանկական ներկայացումը նախատեսվում է հանդիսատեսի դատին հանձնել Ամանորին ընդառաջ: Իսկ թե այս անգամ կոնկրետ որ հեքիաթի հերոսուհին է լինելու Շուշաննան դեռեւս չմանրամասնեց, միայն հավելեց, որ նոր ներկայացումը կազմակերպում է «Համազգային վստահություն» խորհուրդը:
Մեր այն դիտարկմանը, որ որոշ դերասաններ թատրոնից են գնում հեռուստատեսություն, իսկ Շուշաննան` հակառակը, վերջինս պատասխանեց. «Դերասանը պետք է կարողանա փորձել ինքն իրեն եւ՛ բեմում, եւ՛ հեռուստատեսությունում: Մեկը մյուսին շատ է օգնում: Կան դերասաններ, որոնք թե՛ բեմում, թե՛ էկրանին նույնական են խաղում, այնինչ՝ հարկավոր է տարանջատել այս երկուսի թելադրած կանոնները: Թատրոնում ինձ շատ օգնեց հեռուստատեսությունում ստացածս փորձը, հետո, արդեն, երբ կրկին հայտնվեմ էկրաններին, ինձ կօգնի թատրոնի փորձը: Ես սովորել եմ խաղալ այնպես, կարծես վերջին անգամ եմ խաղում եւ ունեմ ընդամենը մեկ դուբլի հնարավորություն»:
Այն հարցին, թե արդյոք Շուշաննային առաջիկայում կրկին կտեսնենք սերիալում կամ սիթքոմում, դերասանուհին պատասխանեց, որ ինքը սպասում է հարմար եւ հետաքրքիր առաջարկի` հավելելով նաեւ, որ կցանկանար իր ուժերը փորձել գեղարվեստական ֆիլմում:
Շուշաննան տեղեկացրեց, որ առաջիկայում երկրպագուներին նոր անակնկալ կմատուցի. նա նկարահանվել է երգիչ Մարտ Բաբայանի տեսահոլովակում. «Գեղեցիկ երգ եւ տեսահոլովակ է ստացվել, որը մոտ օրերս կհանձնենք հեռուստադիտողների դատին»,-ասաց նա:
Մենք մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Շուշաննայի եւ Մարտ Բաբայանի հնարավոր սիրավեպի մասին տարածված խոսակցությունների վերաբերյալ. «Ես անձնականիս մասին այլեւս չեմ ուզում խոսել: Հասկացել եմ, որ դա սխալ է, որքան էլ փորձես քիչ խոսել: Ոչ մի գաղտնի, թաքուն բան չկա, երբ լինի տեսահոլովակը, ամեն ինչ պարզ կլինի: Ե՛ւ տեսահոլովակը, ե՛ւ դրա հաջորդիվ մեկնաբանությունները կտան ճշգրիտ պատասխանը»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԲԵԼԼԱ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւանի Ավետ Ավետիսյան փողոցում երգչուհի Բելլա Դարբինյանի հիշատակը հավերժանցող հուշատախտակ կտեղադրվի: Հարցը ներառված է Երեւանի ավագանու նոյեմբերի 25-ի նիստի օրակարգում: Բելլա Դարբինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Ավետ Ավետիսյան փողոցի 8 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից։
Բ. Դարբինյանը Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մեներգչուհի հանդես է եկել շուրջ 30 տարի: 1966 թվականին նա էստրադային երգերի մրցույթում շահել է ոսկե մեդալ եւ արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Նա կատարել է նաեւ ժողովրդական երգեր, ռոմանսներ եւ հանդիսատեսի կողմից արժանացել բարձր գնահատականի: Երգչուհին մահացել է 2005թ. Երեւանում:
ՍԻՐՈՒՀԻՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Օրերս դերասան Չառլի Շինը հայտարարեց, որ ՄԻԱՎ վարակակիր է: Այս լուրը ոչ միայն բուռն քննարկումների, այլեւ դատական հայցերի տեղիք տվեց: TMZ-ի փոխանցմամբ` 50-ամյա դերասանի 6 նախկին սիրուհիները դիմել են դատարան եւ հայց ներկայացրել: Նրանք դերասանին մեղադրում են իրենց դեպրեսիաների, ինչպես նաեւ պաշտպանված կամ էլ չպաշտպանված սեքսի համար: Պոտենցիալ զոհերը հավաստիացնում են, որ Շինը սեռական հարաբերությունից առաջ իրենց չի հայտնել իր հիվանդության մասին:
Ի դեպ, Լոս Անջելեսի իրավաբաններից մեկը հայտնել է, որ դերասանը վերջին տարիներին 200 սիրուհի է ունեցել, ուստի չի բացառվում, որ հայց ներկայացնողների թիվն օր օրի աճի:
ՁՎԵՐՈՎ «ՀԱՐՁԱԿՈՒՄ»
Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղեր, Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրեր Քենդալ եւ Քայլի Ջեններները մի քանի օր առաջ մեկնել էին Ավստրալիա, որպեսզի այնտեղ ներկայացնեն իրենց հագուստի նոր հավաքածուն: Uk.eonline.com-ի փոխանցմամբ` աղջիկները Սիդնեյում տհաճ իրավիճակում են հայտնվել. նրանց վրա ձվեր են նետել: Առեւտրի կենտրոնում կատարվածից հետո ոստիկանությունը ձերբակալել է 25 տարեկան մի աղջկա: Ձերբակալության ժամանակ աղջիկն անգամ հարձակվել է ոստիկանների վրա: Ջեններ քույրերը, սակայն, այս միջադեպից հետո իրենց տրամադրությունը չեն գցել, նրանք շարունակում են սոցցանցերի օգտատերերի հետ կիսվել Ավստրալիայում արված իրենց լուսանկարներով ու տեսագրություններով: