2011թ. մայիսին սկսվել էին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին 2012-ի աշնանը: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ մասնավոր զրույցներից տեղյակ էինք, որ նորոգումն ավարտվելուց հետո ինչ-որ խնդիրներ էին ծագել, որոնք թանգարանի աշխատակիցները վերացրել էին սեփական ուժերով: Մասնավորապես, վերանորոգել էին դարակաշարերը, պահարանները, որոնք մեծապես տուժել էին վերանորոգման արդյունքում: Ահռելի քանակի ֆոնդերը պահեստավորվել էին, ու դժվարությամբ էին կարողացել դրանք հետ վերադարձնել. թանգարանում հիմնականում կանայք են աշխատում: Ի դեպ, վերանորոգման աշխատանքների պատվիրատուն ոչ թե թանգարանը կամ գերադաս կառույցը` մշակույթի նախարարությունն է եղել, այլ քաղաքաշինության նախարարությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Վարդանյանը մասնավորապես ասաց. «Իմ դերակատարումն այն է եղել, որ նոր էի տնօրեն նշանակված, գիշեր-ցերեկ հսկել եմ առանց լուրջ իրավական հիմքերի, որովհետեւ, ցավոք, պայմանագրի կողմ չէի: Բավական նյարդային, լարված իրավիճակում մոտ տարիուկես դիմացանք, պայքարեցինք եւ կարողացանք որոշ արդյունքի հասնել… Այսօր, փառք Աստծո, գիտական բաժինները լիարժեք գործում են, ֆոնդերը գործում են, եւ մենք առավելապես զբաղված ենք նոր մշտական ցուցադրության նորովի վերականգնման խնդրով: Շատ ենք կարեւորում այդ հարցը, որովհետեւ դրանից է կախված (գոնե ինձ համար), թե ինչպես այս կարեւորագույն օջախը լայն հանրությանը, նաեւ սփյուռքին նորովի կներկայացնենք: Նաեւ այս օջախի մասին վերստին հիշեցնելու խնդիր կա. վերջին 10-15 տարիներին կարծես հանիրավի մոռացության էր մատնված: Նախկինում չորս սրահ էր հատկացված, սիրողական մակարդակով խառը ցուցադրություն էր, հիմա մեկ սրահ էլ ենք ավելացրել: Այդ հինգ սրահի երկու սրահը նախատեսում ենք հատկացնել գրականության պատմությանը, երրորդը` թատերարվեստին, չորրորդը` կինոարվեստին, հինգերորդը` երաժշտարվեստին: Դեռեւս անցյալ տարի ցուցադրության հայեցակարգը մշակվել է, հաստատվել գիտական խորհրդի կողմից: Բավական երկար աշխատեցինք նախագծի վրա, ուզում ենք՝ շատ ինքնատիպ, օրիգինալ լինի. նկատի ունեմ դիզայնը, մատուցման ոճը: Նախագծից հետո մշակվեց առարկայական պլանը, դա էլ բարդ աշխատանք էր, որովհետեւ մեր ֆոնդերը շատ ընդգրկուն են. միլիոնից ավելի է պահպանվող միավորների քանակը, իսկ ցուցասրահներն իրենց ծավալով հնարավորություն են տալիս դրանցից ընդամենը 1-2 տոկոսն ընդգրկել:
Փորձել եմ որոշակի կարեւորություն տալ, օրինակ, գրականությանը` գոնե դպրոցական եւ բուհական ծրագրերի առումով, որ ե՛ւ աշակերտը, ե՛ւ բանասիրական բուհերի ուսանողները թանգարանում տեսնեն իրենց ծրագրերում ընդգրկված բոլոր հեղինակներին, տեսնեն ժամանակակիցների կողքին: Նույնը վերաբերում է արվեստի մյուս ճյուղերին, որոնց վերաբերյալ ցուցանմուշները պահպանվում են թանգարանում: Հիմնական տեխնիկական մասերն արդեն ապահովել ենք, կարեւորագույն` գեղարվեստական ձեւավորման հանգրվանին ենք հասել»: