Ով է «հանցավոր խմբավորման անդամ» Խաչիկ Ավետիսյանը. նա ՊՆ-ին ավելի քան 10 մլն դրամ է պարտք եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած զինված խմբի վնասազերծման շրջանակներում ձերբակալվել է նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Armlur.am-ը փորձեց հասկանալ, թե ով է Ավետիսյանը, և ինչ գործունեություն էր ծավալում մինչ այժմ:

Նախ նշենք, որ Խաչիկ Ավետիսյանը Լեռնային Ղարաբաղ է մեկնել 1988 թ-ի հոկտեմբերին, վերադարձել՝ 1994 թ-ի օգոստոսին: Այդ ընթացքում 3 անգամ վիրավորվել է Շուշիի, Ասկերանի և Աղդամի շրջակա գյուղերի ազատագրման մարտերի ժամանակ, 1989-90 թվականներն անց է կացրել Կիրովաբադի ու Աղդամի բանտերում:

Դրանից հետո մինչ 2009թ. նա աշխատել է Պաշտպանության նախարարությունում:  2004-08թթ. եղել է Վարդենիս-Կարճաղբյուրի գումարտակի հրամանատար: Համացանցում եղած տեղեկությունների համաձայն, այդ տարիներին նրա ցուցումով ժամկետային զինծառայողներից հավաքվել են դրամական միջոցներ՝ հիգիենիկ պարագաներ գնելու պատրվակով, իսկ առանձին դեպքերում գումարտակի սպաների աշխատավարձից հավաքվել են գումարներ իբր էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու նպատակով։

2008թ. նշանակվելով մեկ այլ զորամասի հրամանատար՝ նա շարունակել է պետական միջոցների հաշվին հոգալ սեփական կարիքները։ 2008-2010թթ. ընթացքում Խ.Ավետիսյանի հրահանգով երկու անձ գրանցվել են որպես զորամասի պայմանագրային աշխատողներ, սակայն աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անունով հատկացվող աշխատավարձը ստացել է Խ.Ավետիսյանը։

Այս ամենը հանգեցրեց նրան, որ  Պետական միջոցները յուրացնելու, վատնելու, իշխանությունը չարաշահելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի փաստով Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազության կողմից 2010թ. հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Խ.Ավետիսյանի ՊՆ-ին հասցված վնասը կազմում է ավելի քան 10 միլիոն դրամ։ Նշված քր.գործով 2012թ. սեպտեմբերին Խ.Ավետիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն հանրապետության նախագահի կողմից հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել։

Դրանից հետո ՊՆ-ն քաղհայցով դիմել էր դատարան՝ հասցված նյութական վնասը փոխհատուցելու պահանջով։ Որպես հայցի ապահովման միջոց ԴԱՀԿ-ի կողմից 30 տոկոսի չափով արգելանք է դրվել Խ.Ավետիսյանի թոշակի վրա։ Հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Խ.Ավետիսյանը միացել է իրենց սոցիալական վիճակից դժգոհ ազատամարտիկների բողոքի ակցիաներին, նույնիսկ հացադուլ հայտարարել:

Խաչիկ Ավետիսյանը մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ 2008թ.-ի մարտի 1-ի ինքն իր  անձնակազմը շարել ու հրահանգել է չկրակել ժողովրդի վրա. «15 րոպե անց ինձ ձերբակալեցին: Ճիշտ է՝ նույն օրը բաց թողեցին 8-9 ժամ հարցաքննելուց հետո, բայց արդեն հետո իրենք համարեցին, որ ես իրենց հետ չեմ», – հայտնել էր նա:

Տակավին վերջերս էր, որ Խաչիկ Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել`   քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Նա ասել էր, որ պատրաստվում է հացադուլը շարունակել այնքան, մինչեւ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

11 օր անց նա հայտարարեց, որ հացադուլ հայտարարելը պայքարի մեթոդ չէր, այլ լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը քաղբանտարկյալների խնդրի վրա հրավիրելու ձեւ, սակայն քանի որ դա չստացվեց, ինքը որոշել է հրաժարվել հացադուլից և նույնը կոչ էր անում հացադուլից հրաժարվել նաև այլ բանտարկյալների: Մինչ այդ նա հայտարարել էր. «Մեր որոշումն այսպիսին է՝ հացադուլի եմ նստում, մինչև երեկոյան 12-ն այստեղ, հետո հացադուլը շարունակում եմ մինչեւ ամսի 25-ը մի այլ վայրում՝ կլինի իմ տանը, բայց ոչ հասարակական վայրում: 25-ից հետո՝ այստեղ: Պետք չէ 24-ի օրերին ակցիա իրականացնել, հյուրեր կան, ի վերջո»:

Այս քայլի արդյունքը եղավ այն, որ մարդկանց գիտակցության մեջ ամրագրվեց, թե ազատամարտիկները հայտարարում են, որ ի պաշտպանություն քաղբանտարկյալների՝ նստացույց են անում, իսկ մի քանի օրից հրաժարվում են իրենց խոսքերից: Հիմա էլ պարզվեց, որ նա 21 «ահաբեկիչների» մեկն է:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս