«ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱՆ» ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է: Արդեն երկու տարի է՝ Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող: «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղեւորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել: Այնուհետեւ այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, եւ առաջիկայում կվերսկսվեն չվերթները:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել: Իսկ դրա համար հիմք է հանդիսացել «Էյչ էս Բի Սի բանկի» հայցը: Ավիաընկերության գույքն էլ ներկայումս արգելանքի տակ է: Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի: Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որեւէ հիմք չկա:

 

 

 
Երբ Հայաստանում ստեղծվեց վարչական դատարանը, բոլոր պատասխանատուները հավաստիացնում էին, որ պետական կառույցների իրավական ակտերը քննելիս արդարադատության որակը կբարձրանա, քանի որ նոր դատարանը դրանում մասնագիտացած կլինի: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ, ինչպես Հայաստանի ցանկացած ոլորտում, լավ գաղափարը շատ կարճ ժամանակում կարողանում են «փչացնել»: Բավական է՝ մի փոքր ուսումնասիրել վարչական դատարանում վերջին տարիներին նշանակված երիտասարդ դատավորների ցանկը, պարզ կդառնա, որ դրանց մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր ազգականներ են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գլխավոր հարկադիր կատարողի քեռու աղջիկը, տրանսպրոտի եւ կապի նախարարի փեսան, վանաձորի քաղաքապետի որդին դատավորներ են: Այլ դատական ատյանում «ոսկե զավակների» ներկայությունը գուցեեւ այդքան խնդրահարույց չլիներ, սակայն սա մի դատական ատյան է, որը կոչված է քննել նրանց հարազատների կողմից ստորագրված իրավական ակտերի դեմ բողոքները:

 

 

 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ այս տարվա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ից 22-ը, հավաքվել է ընդամենը 1 միլիոն 300 հազար եվրո գումար: Իհարկե, այդ գումարն էլ խոստումների ձեւով է, եւ սովորաբար վերջնական թիվը ավելի պակաս է լինում: Փաստորեն տարեցտարի սփյուռքը ավելի քիչ գումար է հանգանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքների ժամանակ: 2013-ի համաեվրոպական դրամահավաքի ժամանակ հավաքագրվել էր 1 մլն 460 հազար եվրո, իսկ 2014-ին՝ արդեն 1 մլն 370 հազար եվրո: Այս թվերը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ամենախոսուն գնահատականն են: Սփյուռքը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում փաստացի հրաժարվում է Հայաստանի համար գումար հանգանակել: Կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանում քաղաքական կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, սփյուռքի հանգանակության չափերը տարեցտարի նվազելու են:

 

 

 
Պաշտոնական վիճակագիրները շարունակում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդները: Օրինակ՝ երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» անվանումով զեկույցը, ըստ որի՝ 2014-ին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 30 տոկոս: Այսինքն՝ ԱՎԾ-ն փորձում է հանրությանը համոզել, թե իբր 2014-ին, 2013-ի համեմատ, աղքատության մակարդակը նվազել է: Վիճակագիրներին հավանաբար չեն բացատրել, որ աղքատության նվազելու համար անհրաժեշտ է, որ մարդկանց եկամուտները աճեն: Վերջին տարիներին Հայաստանում գներն անընդհատ բարձրանում են, իսկ եկամուտները եթե չեն նվազել, ապա լավագույն դեպքում նույն են մնացել: Ինչեւէ, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի բնակչությունից մոտ 900 հազարը ապրում է աղքատության պայմաններում: Սակայն նրանցից մոտ 100 հազարն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, այսինքն՝ նրանց ամսական ծախսը 23 հազ դրամի սահմանը չի գերազանցում:

 

 

 
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը յուրօրինակ միջավայրում է ծավալվում: Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն ամեն գնով պաշտպանելու համար ՀՀԿ-ականները երբեմն այնպիսի հիմնավորումներ են ներկայացնում, որ հաճախ իրենք են հայտնվում ծիծաղելի իրավիճակում:
Երեկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով քաղաքացիներին բաժանված քարոզչական ուղղորդող թերթիկների մասին, որոնց վրա գրված է` «Ասա այո», այսպիսի միտք է հայտնել. «Քարոզչությունը եւ իրազեկումը շաղկապված են իրար, որովհետեւ իսկապես սա անում է մեկ այո-ի կարծիքի կողմնակիցները, իսկ ոչ-ի շտաբի ներկայացուցիչները կարող են այլ ձեւ անել… Մարդիկ կարող են վերցնել «Ասա այո»-ի քարոզչական բուկլետը, բաց թողնել առաջին էջը եւ կարդալ մնացածը, որպեսզի անկողմնակալ լինի»:
Տիկին Նաղդալյանն, այսպիսով, չի տարբերում քարոզչությունը իրազեկումից: Եւ երբ իր խոսքի հաջորդ մասում նա ասում է, թե քարոզարշավի համար կազմակերպված «ռեալիթի շոուն նոր մի մշակույթ է, որը նախկինում մենք չենք ունեցել: Արժի, որ արմատավորվի», ամենեւին էլ զարմանալի չէ: Նրա համար գյուղական համայնքներում ինքնադրսեւորվելու փորձեր անող քարոզիչների ախորժակով ուտելու գործընթացն ու ընտրողների հետ դու-ով խոսելու կուլտուրան նոր քաղաքական մշակույթ է: Ըստ Նաղդալյանի. «Մեր մոտ քարոզչությունը աղմուկ-աղաղակ է լինում, անհանգիստ միջավայր է լինում… Հիմա գալիս ենք ավելի ցիվիլ ընտրարշավի»: Ցիվիլն էլ, փաստորեն, Վարդան Այվազյանի կենցաղային բառապաշարով ներկայացված զեղումներն են:
Բայց Նաղդալյանի հիմնավորումներից, թերեւս, ամենատպավորիչն այն է, որ նա գտել է մեր երկրում տարիներ շարունակ եղած «այն թնջուկներից մեկը, որը մենք ցանկանում ենք փոխել: Քաղաքացին ոչ թե գիտի` ում մեղադրի, այլ գիտի մի բան, անկախ նրանից` խնդիրն ում հետ է կապված, մեկ մարդու պետք է մեղադրի` երկրի նախագահին: Եթե խնդիրը ձախողված է դատարանում, մարզպետարանում, պետական կառավարման այլ ատյանում, վատ կառավարման է հանդիպել, այդ ամեն ինչի համար պատասխան տվողը նախագահն է. սրա մեջ կա անարդարություն եւ վատ կառավարման տարրեր, որը տարածվում է որպես պատասխանատվություն»:
Այսպիսով, այն, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները տարիներ շարունակ անգամ խոսելու համար Ս. Սարգսյանի «դաբրոյին» են սպասել, անտարբեր ու անփույթ են եղել` զուրկ նախաձեռնության հակումներից, իրենց աշխատանքի լրջությունը գիտակցելու կարողությունից, մեղավորը ՀՀ Սահմանադրությունն է: Ու եթե այս մթնոլորտում ՀՀ Սահմանադրության նախագիծը ստանա մեծամասնության այո-ն, մենք երկրում ունենալու ենք կոլեկտիվ անպատասխանատվություն:




Լրահոս