«Նոր ժամանակներ»-ը կոչ է անում բոյկոտել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերլուծելով 2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները, «Նոր Ժամանակներ» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների խորապատկերում հանրաքվեի անցկացումը ապաշնորհ վարչախմբի կողմից հասարակությանը պարտադրված սցենար է, որի իրական նպատակը իշխանության իրական լծակները Սերժ Սարգսյանի ձեռքում պահելն է:

Այդ փոփոխությունները ոչ միայն չեն լուծում հասարակության առջև ծառացած անհետաձգելի սոցիալ-տնտեսական և արժեհամակարգային հիմնախնդիրները, այլև վտանգում են պետության արդյունավետ զարգացման գործընթացները: Ելնելով վերոգրյալից և գիտակցելով երկրի մայր օրենքի կարևորությունը հասարակության համար, «Նոր Ժամանակներ» կուսակցությունը միաժամանակ կարևորում է ժողովրդի պատշաճ իրազեկումը առաջադրված փոփոխությունների բազմաթիվ անթույլատրելի նորմերին: Այդ համատեքստում առանձնացնելով քվեարկության դրվող սահմանադրության նախագծում տեղ գտած մի շարք նորմեր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.

1. Նախագծով հնարավորություն է տրվում ապագայում սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել անմիջապես՝ Ազգային Ժողովի միջոցով;

2. Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը;

3. Նախագծով չի հաջողվել լուծում տալ Ազգային անվտանգության և բանակի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին;

4. Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը և վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը;

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը Հ ա յ տ ա ր ա ր ու մ է.

ա) Երկրում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է;

բ) Միանշանակ պետք է բ ո յ կ ո տ ե լ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն և չգնալ ընտրատեղամաս:

Բոյկոտի պարագայում վարչախումբը կանգնում է ծանրագույն խնդրի առաջ. Դրական արդյունք արձանագրելու համար նա նախ պետք է ապահովի ընդհանուր մասնակիցների թիվը, որից հետո «ԱՅՈ» -ների թիվը»:




Լրահոս