ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՌՉՆԱՄԻՍ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԴԵՊԻ ՌԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի՝ ՌԴ կառավարությունը անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր) հրահանգել է ուժեղացնել Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերահսկողությունը: Բացի այս՝ կարգադրվել է նաեւ կազմակերպել լրացուցիչ ստուգումներ սահմանին եւ բուն Թուրքիայում՝ արտադրության վայրերում: Արդյունքում, նոյեմբերի 25-ին թուրքական թռչնամսի մուտքի վրա ՌԴ-ն արգելք դրեց:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցել էին Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկու: Թուրքական կողմը պնդում էր, որ օդանավը խախտել է իր օդային տարածքը, մինչդեռ ՌԴ-ն հայտարարում էր, որ ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Այս միջադեպի արդյունքում սրվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Ռուսական ինքնաթիռի խոցումից անմիջապես հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց իր այցը Թուրքիա:
Կատարվածից հետո Մոսկվան դիմել է հակաքայլերի՝ դադարեցվել են Թուրքիայի հետ շփումները ռազմական ոլորտում, ռուսաստանյան տուրօպերատորները դադարեցրել են թռիչքները դեպի Թուրքիա, բացի այդ` արգելք է դրվել Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրման վրա: Չեղյալ է հայտարարվել նաեւ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական հասարակական ֆորումը:
Իսկ նոյեմբերի 25-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելել է թուրքական մի ձեռնարկությունից թռչնամիս ներկրել Ռուսաստան: Սահմանափակումները դրվել են «CP Standart Gida Sanayi ve Ticaret Anonim Sirkorti»-ի արտադրանքի վրա: Պատճառը ընկերության արտադրանքում հայտնաբերված լիստերիայի մանրէներն են: Իսկ սահմանափակումները կսկսեն գործել դեկտեմբերի 1-ից: Նշենք, որ լիստերիան ախտածին մանրէ է, որի տեսակները մարդկանց եւ կենդանիների մոտ հիվանդությունների հարուցիչներ են պարունակում:
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ վերջերս նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում Թուրքիայից Ռուսաստան ներկրվող արտադրանքի անվտանգության վերաբերյալ: Նրա խոսքերով՝ ՌԴ գյուղնախարարությունը պարզել է, որ թուրքական գյուղարտադրանքի 15 տոկոսը չի համապատասխանում ռուսաստանյան նորմերին: «Ստիպված եմ արձանագրել, որ 2015-ի տարեսկզբից գրանցվել է կենդանական ծագման թուրքական արտադրանքում վնասակար եւ արգելված նյութերի մնացորդների բացահայտման մոտ 40 դեպք: Ներկայումս ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ է գործում թուրքական երկու ձեռնարկությունների հանդեպ, իսկ 6-ում սահմանվել է ժամանակավոր սահմանափակումների ռեժիմ»,- հայտարարել է ՌԴ գյուղնախարարը:
Ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրում է հետեւյալ հարցը՝ ռուս-թուրքական լարված հարաբերությունների արդյունքում Հայաստանը կշահի՞, թե՞ ոչ: Հնարավորություն ունի՞ Հայաստանը թռչնամիս արտահանել դեպի ՌԴ: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ, ով ասաց. «Այո, բոլոր դեպքերում Ռուսաստանը մեզ համար մեծ շուկա է: Հետեւաբար մենք ամեն մի առիթ պետք է օգտագործենք: Ճիշտ է, մեր արտադրանքը այդքան մեծ քանակություն չի կազմում, որով կարողանանք ՌԴ-ին բավարարել, բայց տեղական արտադրողների համար ամենափոքր շուկան էլ, ամենափոքր իրացումն էլ մեծ հնարավորություն է: Հիմա սա եւս մեկ հնարավորություն եղավ մեր արտադրողների համար»:
«Ժողովուրդ»-ի հարցին` միթե մինչ այս ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրության թռչնամիս չի արտահանվել, գյուղփոխնախարարը տվեց կարճ պատասխան. «Մեր արտադրանքը մրցունակ չէ»:
Իսկ, ահա, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց, որ Հայաստանի` դեպի ՌԴ թռչնամիս արտահանելու հնարավորությունները զրոյական են: «Գրիշա Բաղիյանը ցանկությունը շփոթում է հնարավորության հետ: Ոչ, մենք ռեալ հնարավորություններ չունենք՝ թռչնամիս արտահանելու դեպի ՌԴ: Մի 2-3 տարի հետո հնարավոր է: Երբ սեփական կերի արտադրական բազա կունենանք կամ թռչնակերի, էներգոռեսուրսների գինը կլինի այնքան, որքան ՌԴ-ում է, այդ ժամանակ հնարավոր է»,- պարզաբանեց Ստեփանյանը: Նա նույնպես ընդգծեց, որ տեղական արտադրանքը ՌԴ-ում մրցունակ չէ: «Ձեզ թվում է, թե ՌԴ-ում հավ չկա, Թուրքիայի՞ց էին ներմուծում: Սա լրիվ քաղաքականություն է: ՌԴ-ն բազմաթիվ երկրներից թռչնամիս է ներմուծում: ՌԴ-ն իր ունեցած թռչնամսով 80 տոկոսով ինքնաբավ է: Եթե ոչ, ապա Բելառուսից կներմուծի: Հիմա Ղազախստանում թռչնամիսն ավելանում է, այնտեղից կներմուծեն: Թե չէ մենք պարզապես չենք կարող թռչնամիս արտահանել»,- նկատեց մասնագետը:
Հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 մլն 287 հազար տոննա թռչնամիս, մինչդեռ ներմուծվել է 23 մլն 502 հազար տոննա, իսկ արտահանվել՝ 55 հազար 800 տոննա հավի միս: Եթե պաշտոնական այս թվերին հավատանք, ապա իսկապես Հայաստանը չի կարող թռչնամիս արտահանել, քանի որ թռչնամիս ներմուծող է, այլ ոչ թե արտադրող:

 

 

 

 
ՉԱՓՆԻՈՒՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԿԻՆ ԿՊԱՅՔԱՐԻ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի Չափնի համայնքում կանցկացվի ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այլեւ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Թումանյանը եւ անկուսակցական Անահիտ Ավետիսյանը: ՏԻՄ ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված թեկնածու Անահիտ Ավետիսյանի հետ:

-Տիկի՛ն Ավետիսյան, առաջի՞ն անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:
-Այո, առաջին անգամ եմ առաջադրվում: Առաջադրվելիս ես ոչ մի հետին միտք չեմ ունեցել: Ցանկացա գյուղապետ դառնալ ու առաջադրվեցի:
-Իսկ նախընտրական մթնոլորտը գյուղում լարվա՞ծ է:
-Ամեն ինչ նորմալ է, լարվածություն չկա:
-Ո՞վ է ավելի ուժեղ, Դո՞ւք, թե՞ Ձեր մրցակիցը:
-Գյուղը կորոշի: Այս պահին չեմ կարող ասել: Բայց մարդիկ դրական են վերաբերվում իմ առաջադրվելուն: Ե՛ւ ինձ են խոստանում ընտրել, ե՛ւ գործող գյուղապետին: Տեսնենք:
-Ինչպե՞ս եք գյուղի բնակիչներին համոզում, որ Ձեզ ընտրեն:
-Չէ, չէ… ես չեմ ընտրվի համոզելով: Թող իրենց ցանկությունը լինի:
-Իսկ եթե ընտրվեք, ապա ի՞նչ կանեք գյուղի համար:
-Ես ավելի սուր աչք ունեմ, ավելի լավ լեզու, ամեն ինչ ունեմ, կարող եմ ամեն բան անել: Տան ամեն ինչը կինն է ղեկավարում:
-Դուք անկուսակցական եք…
-Եթե ընտրվեմ, մի կուսակցության մեջ կմտնեմ: Դեռ չգիտեմ, թե որ կուսակցություն կմտնեմ:
-Սահմանադրական փոփոխություններին այո՞ եք քվեարկելու, թե՞ ոչ:
-Անպայման այո եմ քվեարկելու: Իհարկե, կան կետեր, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց ընտրվելուց հետո լավ կլինեմ:
-Ընտանիքի անդամներն ինչպե՞ս են վերաբերվում Ձեր առաջադրմանը:
-Ջիգյար ջան, ես եւ ամուսինս ենք ապրում: Երեխաներս օտար երկրում են: Իսկ ամուսինս համաձայն է եւ չի խանդում: Ես արդեն 60-ին մոտ կին եմ, իմ ինչին խանդի:
-Դուք մտադրություն չունե՞ք Հայաստանից հեռանալու:
-Մենք արդեն 8 տարի է, ինչ Հայաստան ենք վերադարձել Վոլգոգրադից:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
ԱՊԱՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՐԸ ԵՎ ՏՆԱԶՈՒՐԿԸ
2014թ. դեկտեմբերի 11-ին ծնվել են «Համերաշխություն» հասարակական-քաղաքական շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանի զույգ տղաները: Դ. Սահակյանի ընտանիքում մինչ այդ արդեն 2 անգամ զույգ տղաներ են ծնվել: Բոլոր 6 տղաներն էլ ծնվել են կեսարյան հատումով: Սահակյան ընտանիքի ավագ տղաները՝ Արծրունին եւ Սահակը, ութ տարեկան են, Նորիկն ու Սարգիսը՝ չորսուկես տարեկան: Ինքը` Դավիթը՝ 39, իսկ կինը՝ Նաիրա Բաղդասարյանը 30 տարեկան է: Գործազուրկ, բարձրագույն կրթությամբ իրավաբան Դավիթ Սահակյանը ակնկալում է պետության աջակցությունը, որպեսզի իր բազմանդամ ընտանիքը Իջեւան քաղաքում բնակարան ունենա: Դավիթը զայրանում է, որ ինքը 6 տղա մեծացնելով՝ երեխաներին սնունդով, հագուստով ապահովելու, բազմանդամ ընտանիքի էլեկտրաէնեգիայի, բնական գազի ծախսերը հոգալու համար մեծ դժվարություններ է կրում, իսկ պետական բյուջեի միջոցներով, սեփականության իրավունքով բնակարաններ են ստացել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ծնունդով Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղից Դ. Սահակյանի ընտանիքն առանց վարձի արդեն 8 տարի բնակվում է Իջեւան քաղաքում, Ռուսաստանում գտնվող բարեկամի տանը: Սակայն պարզվում է` այդ բնակարանը պետք է ազատել, քանի որ տնատերը՝ Դ. Սահակյանի բարեկամը, ցանկանում է բնակարանը վաճառել: Դ. Սահակյանը նոյեմբերի 25-ին իր 6 երեխաների հետ Իջեւանում՝ քաղաքի մշակույթի տանը, մոտեցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վերջինիս ասել, որ 8 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ հայրենիքի ապագա 6 զինվորները, տնազուրկ են եւ խնդրել նրա աջակցությունը: Մի քանի ապարանքներ ունեցող Հովիկ Աբրահամյանը ինչպե՞ս կընդունի, կհասկանա՞ արդյոք տնազուրկ Դ. Սահակյանի խնդրանքը, պարզ կդառնա առաջիկայում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՄԵՐ ՀԱՇՎԻՆ
Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից 49 հազար 834 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին՝ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է աուդիտի առաջին եւ երկրորդ փուլի ավարտից հետո հանդես գալ վերլուծությամբ, որպեսզի քայլեր ձեռնարկեն ոլորտը կարգավորելու համար:




Լրահոս