30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է պանդեմիայի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարևոր նշանակություն ունի 1988-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
Բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: ՀՌՎ բուժման շնորհիվ այսօր այլևս չի նշվում ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքի վերին սահման:
Բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության պայմաններում կարելի է արդյունավետորեն դիմակայել ՁԻԱՀ-ին և զգալիորեն նվազեցնել դրանից մահացությունը:
Պետք է հստակ իմանալ, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների ժամանակ` ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, հասարակական զուգա¬րա¬նից օգտվելիս, ջրի, սննդի, հազի, փռշտոցի, մոծակի կծելու միջոցով:
ՄԻԱՎ-ով վարակվել հնարավոր է միայն սեռական ճանապարհով` առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, վարակված արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման, չախտազերծված բժշկական պարագաների օգտագործման ժամանակ, ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս:
Չվարակվելու համար պետք է սովորել անհրաժեշտության դեպքում ցուցաբերել ժուժկալություն, հավատարիմ լինել զուգընկերոջը, խուսափել պատահական սեռական կապերից, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, օգտագործել միայն միանվագ օգտագործման ներարկիչներ և ասեղներ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: